Ժամացույցի սլաքներն ու պետբյուջեն. կամ ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց «ամառային» ժամանակից

Ժամացույցի սլաքներն ու պետբյուջեն. կամ ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց «ամառային» ժամանակից
Ժամացույցի սլաքներն ու պետբյուջեն. կամ ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց «ամառային» ժամանակից

Ազգային ժողովի հանրապետական պատգամավորներն այնքան շտապեցին ազատվել «ամառային» ժամանակից, որ այդ նորամուծությանը մարտի վերջին կիրակի օրը (մարտի 25-ին պետք է կատարվեր անցում ամառային ժամանակի) պատրաստ էին միայն պատի և ձեռքի ժամացույցները, բայց ոչ համակարգիչները։

«Ամառային» ժամանակից հրաժարվելու շտապողականությունը խառնաշփոթ էր առաջացրել ոչ միայն շարքային քաղաքացիների շրջանում, այլև բանկային համակարգում, հեռահաղորդակցության ընկերություններում, և նրանք ստիպված էին համակարգերում կատարել ձեռքի կարգավորումներ՝ բախվելով նոր խնդիրների։ Ուշագրավ է, որ «ամառային» ժամանակի չանցնելու արդյունքում մոտավոր հաշվարկներով կավելանա էլեկտրաէներգիայի սպառումը, հետևապես՝ նաև պետբյուջեի եկամուտները:

«Հայաստանի տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում «ամառային» ժամանակից հրաժարվելու համապատասխան փոփոխությունները խորհրդարանում այնքան արագ ընդունվեցին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները պարզապես ֆիզիկապես չեն հասցրել համակարգիչների, հեռախոսների, սերվերների ծրագրային ապահովումների համար թարմացումներ թողարկել։

Հանրապետական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը Կառավարության կողմից հավանության էր արժանացել հունվարի 26-ին, իսկ ԱԺ-ն օրենսդրական փոփոխություններն ընդունեց արդեն փետրվարի 9-ին, ՀՀ նախագահն էլ դրանք վավերացրեց մարտի 1-ին։ Արդյունքում վենդորներն ունեին մեկ ամսից էլ քիչ ժամանակ, որպեսզի հատուկ Հայաստանի համակարգերի ծրագրերի համար պատրաստեն թարմացումներ, և մարտի 25-ը անցներ առանց խառնաշփոթի։

Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն «Օրակարգ»-ին ասաց, որ «ամառային» ժամանակից հրաժարվելու օրենսդրական փոփոխության ընդունումից հետո դրա մասին անմիջապես տեղեկացրել են Microsoft-ի գլխամասային գրասենյակին։ Բայց մինչև մարտի 25-ը բավական քիչ ժամանակ էր մնացել, որպեսզի Microsoft-ը կարողանար իր օպերացիոն համակարգերի համար թարմացումներ թողարկել։

«Այս քսան օրերի ընթացքում մեր գործընկերներին տեղեկացրել էինք, թե ինչ է անհրաժեշտ կատարել, որ համակարգերն անցում չկատարեն «ամառային» ժամանակի»,– ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ Microsoft-ի հավելվածներն արդեն կթողարկվեն օգոստոսին և հնարավորություն կտան, որ համակարգերը հոկտեմբերի վերջին ավտոմատ անցում չկատարեն «ձմեռային» ժամանակի։

Էներգետիկայի խթանում

Ժամանակն անփոփոխ թողնելու հանրապետականների նախաձեռնությունը երկու նպատակ է հետապնդում։ Առաջին՝ հետ չմնալ Ռուսաստանից, որտեղ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկով անցած տարի վերացվեց «ձմեռային» ժամանակը։ Երկրորդ՝ այդ փոփոխությունը բխում է էներգետիկ ընկերությունների և բյուջեի շահերից։ «Ամառային» ժամանակն ավելի քան 70 երկրում կիրառվում է էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով: Առաջին անգամ օգտագործվել է Մեծ Բրիտանիայում 1908թ.:

Հրաժարվելով «ամառային» ժամանակից՝ Հայաստանում ըստ էության առնվազն մեկ ժամով ավելանալու է էլեկտրաէներգիայի սպառումը։ Բացարձակ թվով, ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածում սպառվելիք էլեկտրաէներգիայի հավելյալ ծավալը կարող է կազմել 100-150 մլն կՎտ/ժ կամ ներքին շուկայում սպառվող ծավալից 2-3% շատ։ Հանրապետականների փոփոխության արդյունքում էներգետիկ ընկերությունների հասույթները կավելանան Դ3-4,5 մլրդ-ով, իսկ պետբյուջեի մուտքերը միայն ԱԱՀ-ի գծով՝ Դ600-900 մլն-ով։

Իհարկե, այս հաշվարկները մոտավոր են, բայց ակնհայտ է, որ «ամառային» ժամանակից հրաժարվելն ամբողջովին բխում է էներգետիկ ընկերությունների շահերից, և չի բացառվում, որ պատգամավորները փոփոխությունները նախաձեռնել են նաև լոբբինգի արդյունքում։ Նշենք, որ առաջին հայացքից այս աննշան փոփոխության արդյունքում պետբյուջեի լրացուցիչ հարկային մուտքերի ծավալը կազմելու է գրեթե այնքան, որքան ավտոմեքենայի պետական համարանիշ տալիս և կորցրածը վերականգնելիս ստացվելիք տուրքի ծավալը (2012թ. նախատեսված է ապահովել Դ946 մլն-ի բյուջետային մուտք)։

Նշենք, որ պետական որևէ գերատեսչություն «ամառային» ժամանակից հրաժարվելու դրական և բացասական կողմերի վերաբերյալ որևէ հաշվարկ, քննարկում կամ պարզաբանում չի ներկայացրել։

Արմենակ Չատինյան

«Օրակարգ»