Կրքեր ուրանի շուրջ. մինչ բողոքի ալիքը բարձրանում է, հանքարդյունաբերողները պնդում են նախագծի «անվտանգության» մասին

Թեև անցյալ տարվանից Սյունիքում մեկնարկած ուրանի հանքաքարի որոնման հետախուզական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են և, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, դեռ մի քանի տարի կարող են տևել, սակայն մարզում ուրանի նախագծի դեմ սկսված հասարակական շարժումը հավակնում է ավելի ու ավելի լայն շրջանակներ ընդգրկել:
Այս ապրիլին Հայաստանի կառավարությունը «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ին հնգամյա թույլտվություն տրամադրեց ուրանի հանքաքարի հանքախուզության համար: Ընկերությունը հիմնվել է անցյալ տարի գարնանը` ռուսական կողմի հետ ձեռք բերված նախնական համաձայնության հիման վրա: Հայաստան-Ռուսաստան բաժնեմասերն այս դեպքում 50/50 են:
Անցյալ աշնանից` օգտվելով ԽՍՀՄ տարիներին անցկացված ուսումնասիրություններից, ընկերությունն սկսել է ուրանի պաշարների գեոֆիզիկական և գեոքիմիական հետազոտություններն ու որոնողական աշխատանքները:

Ըստ «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանի` աշխատանքներն ընդգրկել են Սյունիքի հարավային և հյուսիսային մասերը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտարարել է, թե բարեբախտություն կլինի, եթե Սյունիքի մարզում հետազոտությունները դրական արդյունք տան. «Կարտահանենք, Ռուսաստանում կհարստացնենք ու կստանանք միջուկային վառելիք»,- նշել է նա` շեշտելով, որ ամեն դեպքում հետախուզական աշխատանքները կարող են մի քանի տարի տևել:

«Արդեն դաշտում ծավալվում են որոնման աշխատանքները»,- հոկտեմբերի 31-ին հայտարարել է փոխնախարարը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հայտնի գեոքիմիկոս Սերգեյ Գրիգորյանը, որը ղեկավարում է Սյունիքում ուրանի պաշարների հետախուզական-երկրագիտական աշխատանքները, «Մեդիալաբին» ասել է, որ ամեն ինչ նախատեսվածի համաձայն ընթանալու դեպքում մյուս տարվա ընթացքում «մակերեսային աշխատանքներ կարվեն, հորատանցքեր կփորվեն»:

Սակայն, Սյունիքի մի շարք կազմակերպություններ, բնապահպաններ և հասարակ քաղաքացիներ պնդում են, թե ամեն ինչ անելու «աղետալի նախագիծը» ձախողելու համար:

«Մենք շարունակական բողոքի ցույցեր ենք կազմակերպելու, շարունակելու ենք պայքարը բոլոր ձևերով, եթե չդադարեցնեն ուրանի հետ առնչվող ցանկացած գործողություն,-«Մեդիալաբին» ասում է Կապանի զոհված և վիրավորված ազատամարտիկների պաշտպանության «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը: -Պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի այստեղ, եթե հիմա էլ սկսեն ուրան արդյունահանել»:

Հարությունյանը մի քանի շաբաթ է, ինչ հասարակական և քաղաքացիական աջակցություն ստանալու ակնկալիքով սկսել է տարբեր ուղղություններով նամակներ և ուղերձներ հղել` մանրամասնորեն ներկայացնելով ստեղծված իրավիճակն ու տարածաշրջանին նետված «մարտահրավերները»:

«Մեր աջակիցների թիվը  է մի քանի հազար է,- ասում է ազատամարտիկը,- և այդ թիվը գնալով մեծանալու է: Բացի այդ, մենք ակնկալում ենք բնապահպանների, ՀԿ-ների և նաև քաղաքական ուժերի աջակցությունն այս հարցում»:

Բնապահպանները համոզված են, որ բողոքի ալիքը խիստ անհրաժեշտություն է այս դեպքում:

Մարզը, որը հայտնի է հարուստ հանքանյութերով, տասնամյակներ շարունակ շրջակա միջավայրի աղտոտվածության առումով երկու խոշոր` Կապանի և Քաջարանի կոմբինատների «շնորհիվ» բնապահպանական աղտոտվածությամբ հանրապետությունում «առաջատարներից» մեկն է:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, Լեռնաձորի համայնքում, որը հարակից է Կապանին և Քաջարանին, ուրանի հանքարդյունաբերության դեպքում հետևանքները սարսափելի կլինեն:

«Աղետալի կլինի տեղի և երկրի բնակչության համար,- «Մեդիալաբին» ասում է Կանաչների միության նախագահը: – Կարծում եմ` մարդիկ, որոնք հասկանում են` ինչ վտանգի մասին է խոսքը` գենետիկական խաթարումներ, քաղցկեղ, անոմալիաներ, բոլորն էլ կմիանան ուրանի ծրագրի դեմ ծավալվող բողոքի արշավին»:

Խորեն Հարությունյանն ավելացնում է, թե սերունդների հարցի խնդիրն է և «պայքարելու են մինչև վերջ»:

Սակայն, տարածքում աշխատանքներ սկսած ընկերության մասնագետները պնդում են, թե «աղմուկն անտեղի է»:

«Այս ամբողջ աղմուկը, խուճապը ժամանակից շուտ է, և ինչ-որ առումով նաև թյուրիմացության հետևանք, քանի որ այն, ինչ մենք անում ենք, անվտանգ է,- «Մեդիալաբին» ասում է ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանը: – Աշխատանքները պետք է կազմակերպվեն այնպես, որ բնապահպանական առումով խնդիրներ չլինեն»:

Գրիգորյանը, որը խորհրդային տարիներին ավելի քան երեք տասնամյակ միութենական մասշտաբով առաջատար մասնագետներից մեկն է եղել, նշում է, թե հետազոտություններ անելիս հիմնվել են այն տարիներին կատարված «լայնածավալ ուսումնասիրությունների վրա»:

Ընդհանուր գնահատմամբ` Հայաստանում ուրանի պաշարները կազմում են մինչև 60 հազ. տոննա: Նա նշում է, որ պաշարների մասին տեղեկությունները կարող են «մոտ տասն անգամ անհամապատասխան լինել», սակայն միևնույն ժամանակ հավելում է, որ ներկայումս, երբ ուրանի գները միջազգային բորսաներում բարձրանում են, իսկ Հայաստանն ատոմակայան ունի, չի կարելի «նստել և սպասել»:

«Իսկ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանից այլևս չկարողանանք ուրան ստանալ,- հարցնում է նա: -Մենք չենք կարող նստել և սովից մեռնել, ամեն ինչ պետք է անենք ապահովության համար»:

Նա նշում է, որ Կապանում կազմակերպված հասարակական քննարկումների ժամանակ բնապահպաններին և համայնքի բնակիչներին բացատրել են աշխատանքների անվտանգության մասին:

«Ի՞նչ հասարակական քննարկումների մասին է խոսքը,- նյարդայնանում է Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանը: – Արձանագրությությունները կազմվել են ստի և կեղծիքի վրա. գրել են` իբր ես ողջունում եմ աշխատատեղերի բացումը, ինչը կատարյալ սուտ է»:

Լեռնաձոր համայնքը, որի մեջ մտնող ինը փոքր համայնքներից չորսը, ներառյալ Լեռնաձորը, ընդգրկված են հետախուզական աշխատանքներում, ըստ Պետրոսյանի` ավելի քան հազար բնակիչ ունի:

«Ես ինչպե՞ս կարող եմ կողմ լինել նման աշխատանքների, երբ դրա պատճառով մարդիկ արդեն մտածում են գյուղից հեռանալու մասին: Ես էլ չգիտեմ` ավարտի՞ն հասցնեմ իմ տան շինարարությունը, թե՞ ոչ: Կապրե՞ն արդյոք իմ թոռներն այստեղ, թե՞ ոչ,- ասում է Պետրոսյանը: – Մարդիկ բոլորն էլ վախի մեջ են և չգիտեն` վաղն ի´նչ է լինելու: Սակայն մենք շարունակելու ենք պայքարը, ոչ մեկն էլ չի ուզի իր տնից երկու քայլ էն կողմ ուրանի հանքեր լինեն»:

Ի հակադրում` Սերգեյ Գրիգորյանը հավատացնում է, թե բնապահպանական խնդիրներից խուսափելու համար արդյունահանման կուլտուրա է պետք:

«Եվ այդ կուլտուրան մենք ունենք»,- ասում է նա «Մեդիալաբին»:

Սակայն բնապահպանները պնդում են, որ այս դեպքում բնապահպանական լուրջ խնդիրներից խուսափելն ուղղակի անհնար է լինելու:

«Ես չգիտեմ` ի՞նչ է լինելու այս ամենաթողության վերջը,- ասում է Հակոբ Սանասարյանը: – Հանքարդյունաբերությունը դարձել է մեծագույն չարիք Հայաստանի գլխին: Հանքի տերը օտարն է, թույնի տերը` Հայաստանը»:

© Medialab.am