ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարությամբ է հանդես եկել, որով հայտնում է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա միաժամանակ հայտնում է, որ մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններին՝ որպես թեկնածու։
Ներկայացնում ենք պատգամավորի հայտարարությունը ամբողջությամբ․
«Հարգելի հայրենակիցներ,
Ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ:
Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:
Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ:
Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք:
Ինչպես Սևակն ա ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ:
Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն
Շնորհակալություն ուշադրության համար»: