ՀՀ-ում անշարժ գույքի գների գերարժևորումն առաջին եռամսյակում ավելի է մեծացել՝ կազմելով 25 տոկոս. ԿԲ-ն մտահոգություն է հայտնում

Կենտրոնական բանկը անշարժ գույքի գների էական աճը համարում է ռիսկ ֆինանսական կայունության տեսանկյունից. բանկն իր մտահոգությունն է հայտնում շուկայում տեղի ունեցող երևույթներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ խոսելով ֆինանսական կայունության հիմնական ռիսկերից:

«Ռիսկի գործոններից է վերջին տարիների ընթացքում  շարունակաբար արձանագրվող հիփոթեքային վարկերի և անշարժ գույքի գների աճը, որը վկայում է անշարժ գույքի և հիփոթեքային շուկայի որոշակի գերտաքացման մասին: Մասնավորապես, վերջին 5 տարիների ընթացքում հիփոթեքային վարկավորման ծավալների աճն ուղեկցվել է անշարժ գույքի գների աճով: Դա անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկի առկայության մասին է վկայում»,-ասաց Գալստյանը:

ԿԲ-ն այսպիսով մտավախություն է հայտնում անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող երևույթներով: ԿԲ վերլուծության համաձայն՝ 2022-ի դեկտեմբերի դրությամբ անշարժ գույքի գների հնարավոր գերարժևորման չափը գնահատվել է 16-22 տոկոս: Իսկ արդեն 2023 թ առաջին եռամսյակի դրությամբ իրականացված գնահատումների համաձայն՝ այդ գերարժևորման չափն ավելի է մեծացել՝ կազմելով մոտավորապես 25 տոկոս:

«ԿԲ-ն վերջին 2 տարվա ընթացքում խոսում է անշարժ գույքի շուկայում արժևորման երևույթի, այսինքն՝ տների գների աճի մասին: 2023-ի առաջին եռամսյակի ընթացքում մեր դիտարկումների առավելագույն մակարդակին ենք հասել, որը կազմել է 25 տոկոս»,-ասաց ԿԲ նախագահը: