Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյան
Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար. Զարուհի Բաթոյան

«Թեև Ձեր դիվանագիտական առաքելությունն այստեղ ավարտվում է, վստահ եմ՝ Հայաստանից կվերադառնաք մեր երկրների համագործակցությամբ բավարարված: Ցավում եմ, որ անձամբ պատիվ չեմ ունեցել աշխատելու Ձեզ հետ, բայց տեղեկացված եմ Հայաստան-Իրան ակտիվ գործակցության մասին, ինչի համար ուրախ և շնորհակալ եմ: Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական գործընկերությունը և պատրաստ ենք բոլոր մակարդակներում շարունակելու համագործակցությունը»,- այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշել է, որ նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության հուշագիր է պատրաստվում, որի նախնական տարբերակն արդեն շրջանառվում է: Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հուշագիրն ավարտուն տեսքի կբերվի և կդառնա համագործակցության լավագույն հիմնասյունը:

«Շատ ուրեխ եմ հանդիպել մի տիկնոջ, ով իր վրա պատասխանատվություն է վերցրել՝ ստանձնելու այս չափազանց կարևոր առաքելությունը՝ աշխատելու հասարակության ամենախոցելի խավերի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է 82 մլն քաղաքացիների հետ: Կարող եք պատկերացնել՝ ինչ ահռելի ծավալի աշխատանքի մասին է խոսքը: Մենք նաև շատ ծրագրեր ունենք՝ ուղղված զբաղվածության խթանմանը: Համոզված եմ, որ մեր երկու երկրներին գործընկեր կառույցները շատ բան կունենան քննարկելու և փորձի փոխանակման իմաստով»,- ասել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ երկու երկրների միջև բազմաթիվ զուգահեռներ կարելի է տանել, բայց աշխատանքի հանդեպ ունեցած սերը  հատկապես բնութագրում է մեր երկու ժողովուրդներին:

«Աշխատատեղերի ստեղծման՝ Իրանի փորձը, վստահաբար, շատ արժեքավոր կլինի մեզ համար: Ես գիտեմ, որ աշխատանքի խրախուսումը մեր երկու երկրների կառավարությունների հիմնական մոտեցումներից մեկն է, իսկ մեր նախարարության համար զբաղվածությունը դիտարկվում է նաև որպես աղքատության հաղթահարման հիմնական ճանապարհ: Մենք մեր բոլոր ջանքներն ուղղում ենք արժանապատիվ աշխատանքային պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նախարար Բաթոյանը և վստահություն հայտնել, որ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը շուտով ականատեսը կդառնա այն բանի, թե ինչ պտուղներ են տալիս իր առաքելության ընթացքում ցանված սերմերը:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: