«Ճարպակալումը երիտասարդանում է». Ըստ մասնագետների, Հայաստանում հասարակության կեսը ավելորդ քաշի խնդիր ունի

«Ճարպակալումը երիտասարդանում է».  Ըստ մասնագետների, Հայաստանում հասարակության կեսը ավելորդ քաշի խնդիր ունի
«Ճարպակալումը երիտասարդանում է». Ըստ մասնագետների, Հայաստանում հասարակության կեսը ավելորդ քաշի խնդիր ունի

13-ամյա Հայկ Մանուկյանը դեռ մանկուց շատ էր սիրում ուտել, հատկապես`մակարոնով փլավներ մեծ ափսեով` սոուսներով, ու քաղցրեղեն. «Երբ փոքր ժամանակ տարանք մանկապարտեզ, երեք օրից ավելի չդիմացավ, փախավ այնտեղից ու հաջորդ օրը հրաժարվեց գնալուց` պատճառաբանելով, որ ճաշը քիչ են տալիս, ու ինքը չի կշտանում»,- պատմում է Հայկի մայրը` Արմինե Մանուկյանը:
Օրեր առաջ բժիշկը ճարպակալում ախտորոշեց և խիստ սննդակարգ նշանակեց. «Ոչ մի կերպ չեմ կարողանում ստիպել, որ հետևի սննդակարգին, նա արդեն փոքր էլ չի, հասկանում է, երբեմն նեղվում է, որ գեր է, բայց ուտելու ժամանակ ամեն ինչ մոռանում է, մեր տանն ամեն օր կռիվ է»,- ասում է մայրը:
Մասնագետները փաստում են, որ աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին տառապում է ավելորդ քաշով: 1-5 տոկոսի դեպքում ավելորդ քաշի պատճառը հորմոնային խանգարումներն են, մյուս դեպքերում` սխալ սննդակարգն ու ֆիզիկական ցածր ակտիվությունը:
«Հիմա արդեն ամբողջ աշխարհում նկատվում է ճարպակալման համաճարակ: Ճարպակալումով տառապում են և´ մեծահասակները, և´ երեխաները: Ավելի անհանգստացնում է այն, որ ճարպակալումը երիտասարդանում է, երեխաների մոտ առավել հաճախ է հանդիպում»,- ասում է էնդոկրինոլոգ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանյանը: – Այսօր ապացուցված է, որ յուրաքանչյուր տասներորդ երեխան ճարպակալում ունի, դա խոսում է այն մասին, որ նրանք հետագայում նույնպես ունենում են ճարպակալում արդեն բոլոր բարդություններով»:

Վերջին տարիներին Հայաստանում ևս նկատվում է ճարպակալած մարդկանց թվի աճ:

«Մեր երկրում հասարակության ավելի քան 50 տոկոսն ունի ճարպակալման խնդիր, իսկ յուրաքանչյուր երրորդը` զարկերակային ճնշում»,- անցյալ տարվա վիճակագրությունը ներկայացնելիս նշել է Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

Ելենա Աղաջանյանի հավաստմամբ` ճարպակալած մարդկանց թիվն ավելի բարձր է հատկապես մայրաքաղաքում, մասնագետը դա կապում է թե´ սխալ սննդակարգի և թե´ կենցաղային պայմանների փոփոխությունների ու բարելավման հետ:

«Ճարպակալումը կարելի է համարել նաև քաղաքակրթության հետևանք. կյանքը փոխվում է, մեքենաներն են փոխարինում մարդկանց ֆիզիկական աշխատանքին, և մենք ավելի քիչ էներգիա ենք ծախսում ամեն ինչի համար, բոլորն աշխատանքի են գնում որևէ փոխադրամիջոցով, անգամ խանութ գնալն է փոխարինվում առաքմամբ, մենք բոլորս նստակյաց կյանք ենք վարում թե´ տանը, թե´ աշխատավայրում,- ասում է էնդոկրինոլոգը: – Երեխաները նույնպես իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են նստած` հեռուստացույցի կամ համակարգչի առաջ, քան դրսում շարժման մեջ` խաղահրապարակներում, մարզական խմբակներում»:

Գիտնականները բացահայտել են, որ յուղոտ ուտելիքի պատկերներն ազդում են ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է մարդու ախորժակի համար, և մեծացնում են ուտելու ցանկությունը: Քաղցրահամ ըմպելիքները նույնպես համարվում են ճարպակալման համաճարակի պատճառներից մեկը:

Վերջին շրջանում շուկան ողողած բուրահաղորդիչներով գազավորված ըմպելիքների հիմնական սպառողը երեխաներն են, քաղցր համը գրավում է հենց նրանց. «Երեխաներին դուր են գալիս նաև երշիկներն ու նրբերշիկները, որոնք մեծ քանակությամբ թաքնված ճարպեր են պարունակում,- ասում է Ելենա Աղաջանյանը: – Եվ ծնողների այն արդարացումը, թե առանց քաղցրի ուղեղը չի աշխատում, պետք է հիշեցնել, որ ոչ մի կոնֆետ ծառի վրա չի աճում, այսինքն` մենք կարող ենք գոյատևել նաև առանց դրա, և գլյուկոզայի անհրաժեշտ քանակը ու քաղցրի պահանջը թե´ երեխան, թե´ մեծահասակը կարող են ստանալ մրգերից, հնդկաձավարից, բրնձից ու ցորենից»:

Սուպերմարքեթների մսի բաժնի աշխատակիցների հավաստմամբ` բավական շատ է սպառումը թե´ երշիկների, թե´ նրբերշիկների, առավելապես միջին գին ունեցող. «Հավի, հավի բդի առումով կարող եմ ասել, որ նախապատվությունը տալիս են ավելի շատ տեղական արտադրության, քան սառեցրած արտասահմանյան հավերին»,- ասաց սուպերմարքեթներից մեկի աշխատակից Ադրինե Առաքելյանը:

«Ես անընդհատ փորձում եմ երեխաներիս հեռու պահել այդ` չգիտես ինչպես ու ինչից պատրաստվող երշիկներից ու նրբերշիկներից,- ասում է Տաթևիկ Սարգսյանը,- բայց երբ տանը կան մեծեր, ովքեր մտածում են` երեխան դրանից հետ չմնա, ամեն անգամ երշիկ են գնում խանութից, մի քիչ դժվար է լինում երեխային հակառակը համոզել, իսկ հյուր գնալիս էլ հնարավոր չէ խուսափել «Կոլա»-«Ֆանտա» և ավելի վատ գազավորված հյութերից»:

Ի թիվս սպառվող ճարպային մսամթերքի` ավելանում են մարզասրահներն ու ժամանակակից ֆիթնես և սպա կենտրոնները, որոնք առաջարկում են սպառված ճարպերից ազատվելու իրենց տարբերակը. «Մենք ունենք հատուկ խումբ և հատուկ պարապմունք` ուղղված նիհարեցմանը,- ասում է «Գոլդս Ջիմ» մարզասրահի մարզիչը: – Սփինինգ ծրագիրը երաշխավորում է 7 կգ քաշի նվազեցում մեկ ամսվա ընթացքում»: Մյուս մարզասրահներն առաջարկում են օգտվել անհատական մարզչի ծառայություններից ու մարզասրահի ընձեռած բոլոր հնարավորություններից, որոնք բոլորն էլ օգտակար են քաշի նվազեցման և առողջության համար:

Առաջին հայացքից գայթակղիչ թվացող այս առաջարկներից հրաժարվելն այնքան էլ խելամիտ չէր թվա, եթե առաջարկվող գնային պայմանները ուղիղ համեմատական լինեին շարքային միջին քաղաքացու գրպանի պարունակությանը:

Հոգեբան Արմինե Վարդանյանն էլ նշում է, որ բացի ֆիզիկական ու ֆիզիոլոգիական խնդիրներից, գիրության դեպքում չպետք է մոռանալ նաև հոգեբանական խնդիրների մասին: «Առաջ են գալիս մի շարք խնդիրներ, բարդույթներ, անօգնականություն, տագնապ, միայնակության, չհասկացվածության զգացում, հոգեբանական բարդույթներ միջանձնային շփման մեջ, առօրյայում, սեռական կյանքում, որը մեկ բառով ասած` իջեցնում է կյանքի որակը», – ասում է նա:

Արագ տեմպերով ահագնացող ճարպակալման խնդիրը շատ սուր է դրված, քանի որ այն հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների. «Այդ թվում նաև` սրտի իշեմիկ հիվանդության, որից մահացությունը, ի դեպ, կազմում է մեր երկրում գրանցված մահացության դեպքերի ընդհանուր քանակի 60 տոկոսը»,- ասում է կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Գիրության հետևանքով մարդը կարող է ձեռք բերել արյան բարձր ճնշում, շաքարային դիաբետ, քաղցկեղ, արթրիտ, ծնկների, ազդրերի օստեոարթրիտ, լեղապարկի քարեր, լեղապարկի հիվանդություններ, ի վերջո` կաթված և սրտամկանի ինֆարկտ: Այս հիվանդությունների մեծ մասը հաճախ կարելի է հանդիպել գիրությամբ տառապող մարդկանց շրջանում:

«Ճարպակալումը լուրջ հիվանդություն է, որը կապված է սխալ ապրելակերպի հետ»,- նշում է դիետոլոգ Պետորսյանը` ընդգծելով, որ նաեւ պետք է ուշադրություն դարձնել սննդի անվտանգությանն ու թարմությանը:

Անի Եղիազարյան

© Medialab.am