Թուրքիայի նախագահը պատրաստվում է ԱՄՆ առաջնորդի հետ այսօր կայանալիք հանդիպմանը ի թիվս այլ թեմաների բարձրացնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին Ռեջեփ Էրդողանը հայտնել է Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ մի քանի ժամից դեմ առ դեմ հանդիպում կունենա Սպիտակ տան ղեկավարի հետ, գրում է Ազատությունը։
Էրդողանը նշել է, որ օրակարգում են նաև տարաձայնությունները Անկարայի կողմից ռուսական S-400 (C-400) համակարգերի գնման շուրջ, ինչին ի պատասխան Վաշինգտոնը դուրս է թողել Անկարային F-35 կործանիչների ծրագրից:
«Մենք պետք է առաջին պլան մղենք թուրք֊ամերիկյան հարաբերությունները», – հայտարարել է Թուրքիայի նախագահը, հավելելով. – «Մենք պետք է խոսենք, թե ինչպես կարող ենք այս տարաձայնությունները թողնել անցյալում, ինչ կարող ենք անել և ինչ ենք անելու: Թուրքիան սովորական մի երկիր չէ, այլ` դաշնակից պետություն»:
Երկու առաջնորդները կհանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Սա կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը Ջո Բայդենի պաշտոնամուտից հետո: