Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ադրբեջանն Արցախյան առաջին պատերազմի ընթացքում փորձել է այն դարձնել կամ ներկայացնել որպես կրոնական պատերազմ, որպեսզի կարողանա դրանում մեր դեմ ներգրավել իսլամ դավանող տարբեր ազգերի, ինչը նրան չի հաջողվել։
Ադրբեջանական կողմը նույնը ցանկանում է անել Արցախյան այս պատերազմի ժամանակ՝ այս օրերին՝ փորձելով իսլամադավան այլ պետությունների կոալիցիա ստեղծել մեր դեմ, բայց դա նրան չի հաջողվել և միևնույն է չի հաջողվելու։ Հայերը, լինելով քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդ, եղբայրական հարաբերություններ են ունեցել և այժմ էլ ունեն բազմաթիվ իսլամ դավանող ժողովուրդների ու պետությունների հետ։
Հայ ժողովուրդը շարունակելու է իր բարեկամական հարաբերություններն այդ բոլոր երկրների հետ։ Մեր բարեկամ իսլամադավան ազգերին կոչ ենք անում չտրվել ադրբեջանական կեղտոտ սադրանքներին։