«Հրեա ծայրահեղականները հենց մեր քահանաներին տեսնում են, սկսում են թքել նրանց ուղղությամբ». ի՞նչ իրավիճակ է Երուսաղեմի հայ համայնքում

Վերջին շրջանում Երուսաղեմում հրեա ծայրահեղականների կողմից հայ համայնքի ու դրա ներկայացուցիչների նկատմամբ հարձակումների դեպքերը հաճախակի են դարձել: «Ամբողջ Իսրայելում լարված իրավիճակ է: Մեր մոտ՝ Երուսաղեմի Հին քաղաքում, առավել լարված է վիճակը. հրեա ծայրահեղականները հենց մեր քահանաներին տեսնում են, սկսում են թքել նրանց ուղղությամբ, գալիս կանգնում են մեր վանքի առաջ ու թքում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Իսրայելում հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը:

Հերթական միջադեպի մասին իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը. «Հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Հայ երիտասարդները, մեքենայից իջնելով, քաղաքավարի խոսել և հարցրել են. «Ինչո՞ւ եք հարվածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք հարգում ենք հրեաներին, ինչո՞ւ եք էսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»:

Հրեա ծայրահեղականներից մեկը սկսել է բղավել. «Դուք այստեղ թաղամաս չունե՛ք: Սա մե՛ր երկիրն է, գնացե՛ք մեր երկրից»: Եվ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաև մե՛ր երկիրն է, մեր տունն այստե՛ղ է, մենք այստե՛ղ ենք ծնվել, ուրիշ տեղ չունենք գնալու», մյուս ծայրահեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին, և երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդները փորձել են հետապնդել վերջիններիս, որպեսզի ոստիկաններին հանձնեն, սակայն արցունքաբեր գազի ազդեցությունը թույլ չի տվել, և հայ երիտասարդին ընկերը տեղափոխել է հիվանդանոց»:

Հայր Աղանը նաև ներկայացրել է, որ հայ երիտասարդների բողոքի հիման վրա ոստիկանությունը հայտնաբերել է երկու հրեա ծայրահեղականներին և ձերբակալել նրանց:

Սակայն այս ամենը դեռ վերջը չէ, կատարվածից մեկ ժամ անց, Հայր Աղանի ներկայացմամբ, հրեա ծայրահեղականների մեկ այլ խումբ փորձել է մագլցել Հայոց Պատրիարքարանի տանիք և հանել Պատրիարքարանի խաչակիր և ՀՀ դրոշները, և հայ երիտասարդները մոտեցել են ու իջեցրել նրանց: Վերջինները փախել են ու վերադարձել դիմակավորված: Նրանք փորձել են կռիվ հրահրել՝ հայերի ուղղությամբ օդում արցունքաբեր գազ են փչել, հայհոյել ու փախել:

Կոնֆլիկտային նման իրավիճակ էլ տեղի էր ունեցել հունվարի 26-ին, երբ Հին քաղաքի հայկական սրճարաններից մեկի մոտ հրեա ծայրահեղականները բղավել են՝ «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին, մա՛հ օտարներին» ու փորձել վեճ հրահրել: Սկսվել է լեզվակռիվ, որը վերածվել է մեծ վեճի, ինչի ընթացքում միմյանց վրա աթոռներ են նետել՝ նյութական վնաս պատճառելով սրճարանի հայ վարձակալին:

Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հրաժարվեց ներկայացնել մեկնաբանություն՝ ինչու են նման դեպքերը հաճախակի դարձել: «Ես ընդամենը կարող եմ տեղեկացնել՝ ինչ է տեղի ունեցել, այլ մեկնաբանություններ չեմ կարող տալ»,- ասաց նա:

«Նման դեպքերին ոստիկանությունը միշտ ունի ստանդարտ պատճառաբանություն՝ ասում է՝ խենթեր են: Օրինակ՝ մի ամիս առաջ մի տղամարդ եկավ միզեց Հայոց վանքի դռան առջև, դիմեցինք ոստիկանություն, ասացին՝ ոչինչ, հարբած մարդ է: Արդեն մի ամիս է՝ ամեն օր նման դեպքեր են գրանցվում՝ թքում են, հայհոյանքներ ու այլ բնույթի գրառումներ են կատարում վանքի պատերին. օրինակ՝ վերջերս գրել էին «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ հայերին», բայց ոստիկանությունը շատ արագ եկավ մաքրեց»,-«Մեդիալաբին» պատմում է Բեդիգ Գիրագոսյանը:

Հարցին, թե արդյոք հրեա ծայրահեղականների այդ քայլը կարո՞ղ է նաև Իսրայելի Պետության դիրքորոշումը լինել, Գիրագոսյանը դժվարացավ հստակ պատասխան տալ, պարզապես ասաց. «Շատ հնարավոր է: Նույնիսկ հրեաներն են միմյանց մեջ խոսում, որ իրենց նոր կառավարությունը շատ ծայրահեղական քայլերի է դիմում»:

Նկատենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Երուսաղեմի հայկական համայնքում տեղի ունեցածին և կատարվածը որակել վանդալիզմ: «Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց Պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am