«Այս անգամ բենզինը վրաս լցրած ու զաժիգալկաներով». նախկին ոստիկանը նորից ինքնահրկիզման կգնա հանուն դստեր

«Այս անգամ բենզինը վրաս լցրած ու զաժիգալկաներով». նախկին ոստիկանը նորից ինքնահրկիզման կգնա հանուն դստեր
«Այս անգամ բենզինը վրաս լցրած ու զաժիգալկաներով». նախկին ոստիկանը նորից ինքնահրկիզման կգնա հանուն դստեր

Փայտե, կիսախարխուլ դուռը գունաթափված պատերով խոհանոցից անմիջապես տանում է հյուրասենյակ, որտեղ թախտին ու կիսամաշ բազմոցին շրջանաձեւ նստած են Մխիթար Ալումյանի՝ 11, 10, 6 եւ 2 տարեկան լուռ ու հանգիստ զավակները:
Ընտանիքում 5-րդ՝ ամենափոքր զավակը 2 ամսեկան տղան է, բայց հոգատարության եւ ուշադրության կենտրոնում հաշմանդամություն ունեցող 10-ամյա Կարինեն է, որը ոտնահենակներով կամ ընտանիքի անդամների օգնությամբ:
«Դեռ 2 տարեկան չկար՝ ընկավ բակում, ծնկի տակ սկսեց ջուր հավաքվել: Սխալ բուժում էին նշանակել, որից հետո ջուրը դարձել էր թարախ, թարախը տվել ոսկորին, ոսկորն էլ՝ արյանը: Հիմա ոսկորը բուժել ենք փառք աստծո, բայց հոդերի ցավեր ունի, որ շատ է գրում, ուռում են ձեռքերի մատները»,- ասում է 35-ամյա Ալումյանը ու ջերմորեն շոյում դստեր գլուխը:
Խնդիրներ ունեցող դստերը օգնելու՝ իրեն հասանալիք վարձատրությունը ստանալու համար մի քանի օր առաջ՝ հունիսի 7-ին, նա ինքնահրկիզման փորձ էր արել նախագահական նստավայրի առջեւ:
«Ես ինչ անում եմ՝ իմ երեխայի համար եմ անում»,- ասում է 5 երեխաների հայրը, ում 10-ամյա աղջնակի աչքերի տակ ուռած կապտուկներ են, որոնք առաջացել են դեղերի բարձր չափաքանակներից: Թախտին նստած՝ Կարինեն գլխիկոր լսում է, թե ինչպես է հայրը պատմում իր մասին՝ դպրոց չի գնում, քանի որ դժվարանում է քայլել, դասերն անցկացնում է տանը իրեն այցելող ուսուցիչների հետ.
«Աջ աչքը 50 տոկոս է տեսնում, ձախը 100 տոկոս կուրացել է: Պետք է վիրահատություն անեն, լինզաներ դնեն, իսկ ծնկի համար 15 հազար դոլար գումար են ուզել, բայց մենք չունենք, որի համար ես դիմել եմ վարչություն իմ արտաժամյա աշխատավարձը ստանալու համար»:

Ոստիկանական համակարգի՝ պետական պահպանության վարչությունում 13 տարի աշխատած Ալումյանը Կոտայքի մարզի Քաղսի գյուղ տեղափոխվել է 1981-ին՝ Ստեփանակերտից: Նախագահից ու պետությունից անհրաժեշտ ուշադրություն ու իր հաշվարկով՝ իրեն հասանելիք վարձատրությունը չստանալուց հետո նախկին ոստիկանը խոստանում է չհանձնվել:

Նա պահանջում է իր կատարած արտաժամյա աշխատանքի համար հասանելիք 4,5 մլն դրամ գումարը.

«Ամիսը չպետք է գերազանցի 150 աշխատանքային ժամը, իսկ իմը եղել է ամիսը 260- 270 ժամ: Ես ծառայել եմ 13 տարի եւ վերջին 9 տարին աշխատել եմ նաեւ արտաժամյա, այսինքն՝ տարին պետք է աշխատեի 1800 ժամ, բայց աշխատել եմ 3000 ժամ, իսկ այս ժամերի գումարը 9 տարվա կտրվածքով կազմում է 4,5- 6 մլն դրամ, ես դեռ պահանջում եմ ամենաչնչինը 4,5-ը»:

ԿարինենԱլումյանն ասում է՝ աշխատած 9 տարիներին հաճախ է գործընկերներին փոխարինել կամ արտակարգ իրավիճակներում արտաժամյա աշխատել, սակայն միայն 2011-ի կեսերին է իմացել, որ դրա համար օրինական հավելյալ վարձատրություն է նախատեսված: Երբ պահանջել է իրեն հասանելիք գումարը՝ ուրախ, որ կարող է հիվանդ աղջկան բուժել, այնպիսի իրադրություն է ստեղծվել, որ ստիպված է եղել աշխատանքից հեռանալ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը Lurer.com-ին հայտնել է, որ Ալումյանը իսկապես աշխատել է արտաժամյա ու վարձատրվել է դրա համար.

«Նա անցած տարվա սեպտեմբերի 16-ին զեկուցագիր է գրել՝ խնդրելով իրեն ազատել աշխատանքից։ 10 օր անց՝ սեպտեմբերի 26-ին, մեկ այլ զեկուցագիր է գրել «Իմ նախորդ զեկուցագիրը գրել եմ խիստ հուզված ժամանակ և փաստորեն իմ մտքերը ճիշտ չեմ շարադրել։ Խնդրում եմ ներեք նախորդ զեկուցագրիս համար»։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի 1-ին, մեկ այլ զեկուցագիր է գրել՝ այս անգամ նորից հիշատակելով առաջին զեկուցագրում դրված պահանջը, որ խնդրում է իրեն ազատել աշխատանքից և սոցիալական ծանր վիճակում է»։

«Մի քանի օր անց Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նոր պետ է նշանակվել, պետն անձամբ լսել է, դրամական օգնություն է տրվել, և բացի այդ հանձնարարվել է վերականգնել ծառայության մեջ, քանի որ մինչ այդ իր զեկուցագրի համաձայն ազատվել էր աշխատանքից։ Սակայն սահմանված կարգով պետք է անցներ բժշկական հետազոտություն։ Ոստիկանության բժշկական հանձնաժողովը հետազոտության արդյունքում տվել է եզրակացություն, որ նա պիտանի չէ ծառայության համար»,- ասել է Ահարոնյանը։

Ալումյանը, սակայն, համոզված է իր իրավացիության մեջ, քանի որ, ինչպես ինքն է ասում, դրան ի ապացույց 2012-ի հունվարին նրան վճարել են իրեն հասանալիք գումարի որոշ մասը՝ 1,93 մլն դրամ, սակայն նախկին ոստիկանը մի սխալ է թույլ տվել՝ օրինական ձեւով՝ փաստաթղթով չի իրականացրել վարձատրությունը:

«Ես վերցրի, որովհետեւ չէի աշխատում արդեն քանի ամիս էր, էրեխեքս էլ սոված էին: Բայց հետո ինձնից պահանջում էին, որ դիմում գրեմ, որ այլեւս պարտք ու պահանջ չունեմ, թե չէ այնպես կանեն, որ գումարն էլ, որ վերցրել եմ կհամարեն անօրինական, քանի որ ոչ մի կնիք չկա: Ես էլ վախեցա ճիշտն ասած ու գրեցի, եւ այդ նամակի հիմքով էլ գործը փակվեց»,- «Մեդիալաբին» պարզաբանում է նա:

Սոցիալական ծանր պայմաններում ապրող Ալումյաններին կյանքն իր դժվարություններով հաճախ է հյուր գալիս, նրանց տունը գտնվում է գյուղի վթարային հատվածում, ինչի հետեւանքով տան համար փաստաթուղթ էլ չունեն, գոյատեւում են փոքրիկ հողակտորը մշակելով եւ երեխաների ընտանեկան նպաստի միջոցներով:

«20-ից ավել անասուն ունեի, դա էլ եմ վաճառել երեխայիս բուժման համար, հիմա գնում եմ Ծաղկաձոր շինարարության վրա աշխատելու, բայց դա էլ է դժվար գտնել, քանի որ այս երկրում ամեն տեղ ծանոթ է պետք»,- ասում է Ալումյանը:

Ըստ ոստիկանության՝ Ալումյանը աշխատանքից դուրս է եկել իր զեկուցագրի համաձայն, սակայն նախկին ոստիկանը պնդում է, որ իրեն ստիպել են ու հիմա էլ՝ նախկին աշխատավայրից ստացված բնութագրի ու ոստիկանությունից իրեն հետապնդողների կապերի հետեւանքով ինքը այլ՝ մշտական աշխատանք չի կարողանում գտնել:

Գործը օրինական ճանապարհով հանգուցալուծելու փորձով խորհրդարանական ընտրություններից առաջ Ալումյանը հանդիպում է ունեցել եւ իր դիմումը ներկայացրել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն դրանից հետո էլ գործն անընդհատ ձգձգվել է.

«Ես ասել եմ, որ սպասում եմ նախագահի վերադարձին, որ իր հետ հանդիպեմ, հակառակ դեպքում 3 օրից գնալու եմ նախագահականի առջեւ այս անգամ ոչ թե բենզինը ձեռքս, այլ վրաս լցրած ու զաժիգալկաներով: Ես այս քայլին դիմում եմ, որ նախագահն այս հարցին ավելի խիստ մոտենա, որ տեսնի, թե Վլադիմիր Գասպարյանը ինչպես է խոսում բարեփոխումների մասին, բայց իրականում պաշտոնական դիքրի չարաշահում է տեղի ունենում եւ միլիոնների յուրացում»:

Քաղսի, Կոտայքի մարզ

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները՝ Կարապետ Սահակյան

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am

Տեսանյութը՝ www.galatv.am /Գյումրիի Անկախ Լրատվական Ալիք-ԳԱԼԱ/