Թուրքիան ահաբեկիչներին ռազմաճակատ է տեղափոխում քաղաքացիական օդանավակայանների, օդանավերի միջոցով, առանց փաստաթղթի

Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով ձերբակալված վարձկան ահաբեկիչ, ազգությամբ արաբ,  Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից:

Վարդանյանը նախ շեշտեց, որ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, որը համապատասխան գումարի դիմաց ադրբեջանական կողմից ներգրավված է եղել ռազմական գործողություններում, և նրա հետ տեղափոխվածների խումբը Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանը հատել են առանց որևէ փաստաթղթի:

«Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որևէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն և ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա»,-ասաց Վարդանյանը:

Այդ անձինք սահմանը հատելիս իրենց մոտ որևէ փաստաթուղթ չեն ունեցել: «Նրանք տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական օդանավակայան, այն զինվորական օդանավակայան չի հանդիսացել և Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ քաղաքացիական օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի դրոշը կրող՝ կրկին քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Ադրբեջան: Եվ օդանավակայանները, և օդանավերը բոլորը եղել են քաղաքացիական: Այսպիսով, քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացվում վարձկանների տեղափոխությունը»,-ասաց Քրեագիտական վարչության պետը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։