Հաստատվել են մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 2021/2022 ուստարում կիրականացվի ընդունելություն նաև նոր կրթական ծրագրերով

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Բուհերի մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում կիրականացվի ընդունելություն նոր՝ «Գեոմատիկա» և «Ագրարային ճարտարագիտություն» մասնագիտություններով, «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն» և այլն կրթական ծրագրերով:

2021-2022 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է՝ ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Ընդհանուր առմամբ 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ըստ բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը: