«Քոչարյանը կարող շատ լուրջ պղտորել մթնոլորտը, լծակ դառնալ երկրի դեմ». վերլուծաբաններ

«Քոչարյանը կարող շատ լուրջ պղտորել մթնոլորտը, լծակ դառնալ երկրի դեմ». վերլուծաբաններ
«Քոչարյանը կարող շատ լուրջ պղտորել մթնոլորտը, լծակ դառնալ երկրի դեմ». վերլուծաբաններ

Քաղաքագետների կարծիքով՝ եթե անգամ գործող իշխանություններից որոշակի դժգոհություններ ունեցողներ լինեն, դրա այլընտրանքը հաստատ չի կարող դիտարկվել Ռոբերտ Քոչարյանը, նրա շուրջը չի կարող քաղաքական բևեռ ձևավորվել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու շանսեր չունի, բայց կարող է իր գործողություններով երկրում պղտորել մթնոլորտը։ Այս կարծիքին է միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

Օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր ունեցել համակիրների հետ։ Սաֆարյանն ասում է, որ նկատելի էր՝ այդ հավաքի մասնակիցների մի մասն իր բարեկամներն էին, ինչը օբյեկտիվորեն հասկանալի է։ Մի մասը Սերժ Սարգսյանի պատճառով իշխանությունից զրկվածներն էին, որոնք Քոչարյանի հետ կապված նոստալգիա ունեն, թեպետ իրենք էլ, ըստ քաղաքագետի, շատ լավ հասկանում են Քոչարյանի վերադարձի հետ կապված բոլոր բարդությունները։

«Այնպես որ, ես կրկնում եմ՝ չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի շանսեր։ Բայց նա կարող շատ լուրջ պղտորել մթնոլորտը, լծակ դառնալ երկրի դեմ»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Քաղաքագետը հիշեցնում է, որ ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանը մի հոդված էր գրել՝ եվրոպական կառույցներին կոչ անելով օգնել իրեն՝ այս իշխանություններին հակակշիռ լինել։

«Կարծես թե նա Ռուսաստանի հետ իր հարցերը լուծել է, Ռուսաստանում համաձայնել են նրան օգտագործել որպես գործիք ընդդեմ ՀՀ, և նա իր այդ հոդվածով արդեն փորձում էր նույն ստատուսը ստանալ նաև եվրոպական դաշտում, երբ նրանց առաջարկում էր օգնել իրեն հակակշիռ լինել այս իշխանություններին։ Այսինքն՝ նա մի բևեռի՝ Մոսկվայի հետ խնդիրը ակնհայտորեն լուծել է, սեփական կամոք դարձել է գործիք սեփական պետության դեմ և այժմ փորձում էր նույն ստատուսը ձեռք բերել եվրոպական դաշտում, ինչն անարձագանք մնաց»,- նշում է քաղաքագետը։

Սաֆարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հենց առաջին օրվանից փորձում էր քաղաքական երանգ հաղորդել իր գործին՝ քաղբանտարկյալի տիտղոս ստանալու համար, ինչը չստացվեց։ Պատահական չէին նրա հայտարարություններն այդ մասին։

«Բայց իրականում նա հասկանում է, որ իրավական դաշտում սահմանադրական կարգի տապալման հոդվածը բավական հիմնավոր հոդված է, և որքան էլ ինքը ցանկանա «տեղավորվել» անձեռնմխելիության տակ, միևնույն է, չի ստացվի։ Հետևաբար, միակ ելքը մնում են քաղաքական խաղերը»,- ասում է նա։

Սաֆարյանի խոսքով՝ Քոչարյանը փորձել է ու փորձում է քաղաքական աջակցություն ստանալ, իսկ Մարտի մեկի գործի քաղաքականացումը չի բխում գործի շահերից։ Եվ սա ևս մեկ հիմնավորում է, թե ինչու նրա խափանման միջոցը չպետք է փոխվեր։ Գործի քաղաքականացումը, ըստ Սաֆարյանի, ակնհայտ խնդիրներ է ստեղծում Մարտի մեկի լիարժեք բացահայտման ու սահմանադրական կարգի տապալման հոդվածի հիմնավորվածության առումով։

Սաֆարյանը նկատում է, որ թեև որոշ քաղաքական ուժեր զգուշավոր են Քոչարյանի հարցում, բայց եթե նպաստավոր պայման լինի, կասկած չկա, որ ուղղակի կմիանան Քոչարյանին։

«Հիշում եք՝ ամենասկզբից հայտարարություններ հնչեցին ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի կողմից, այլ շրջանակներից, այսպես ասած, մտահոգություն հայտնելով մե՛կ հարուցված հոդվածի, մե՛կ նրա խափանման միջոցի ընտրության և այլնի կապակցությամբ։ Բայց ակնհայտ է, որ եթե հասարակական մթնոլորտը տեղի տա, ինչ-որ քայլեր կլինեն։ Առայժմ փորձում են դիստանցիա պահել և առանձին-առանձին խաղալ, թեպետ բավական նուրբ, ստորջրյա ընդհանրություններ կան նրանց քաղաքական գործողություններում»,- ասում է քաղաքագետը։

Սաֆարյանի դիտարկմամբ՝ Քոչարյանն իսկապես բավական ծերացել է։ Իհարկե, չենք կարող հերքել, որ նա միշտ եղել է կամային տեսակ, հնարավոր չէ ասել, որ նա թուլացած է կամ չի կարող ազդեցություն գործել, բայց այն փայլից, որ ուներ 1998 թվականին, ոչինչ չի մնացել։ Ավելին, այսօր շատ հստակ ընդգծված հասարակական կարծիք կա նրա վերաբերյալ։

«Եվ անգամ, եթե նույնիսկ գործող իշխանություններից որոշակի դժգոհություններ ունեցողներ լինեն, դրա այլընտրանքը հաստատ չի դիտարկվելու Ռոբերտ Քոչարյանը։ Այնպես որ, նրա՝ իշխանության գալը մեծ հարցական է, եթե չասեմ՝ անհնարին»,- հավելում է Սաֆարյանը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ հաջողության հասնելու շանսեր չունի։

Ըստ քաղաքագետի՝ «ազատության մեջ գտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջը ուժեր մոբիլիզացնել և պայքարել»։

«Եթե մեր անվտանգության ուժերը լավ աշխատեն, ոչ մի վտանգ չկա, բայց եթե վատ աշխատեն, Քոչարյանը մեծ շրջապատ ունի, համակիրները շատ են։ Հարաբերությունները նյութական են, հոգևոր ու քաղաքական ոչինչ չկա»,- ասում է նա։

Շիրինյանի խոսքով՝ Քոչարյանի շուրջը չի կարող քաղաքական բևեռ ձևավորվել, քանի որ նա քաղաքական մարդ չէ, չի էլ կարող այդպիսին լինել։

«Ինչի հայ ժողովուրդը մեռե՞լ է, նա մերժված է, Սերժը մերժված է, Լևոնը մերժված է։ Ի՞նչ քաղաքականություն, իհարկե, նրա համար լավ կլիներ քաղաքականություն վերադառնալ, իշխել, բայց հույն փիլիսոփա Հերակլիտն ասում է, որ նույն գետը երկու անգամ մտնել հնարավոր չէ։ Բայց ապակայունացնել ու հուզել կարող է։ Հետևաբար, երկրի զարգացմամբ շահագրգիռ ուժերին պետք է պարտադրել մոբիլիզացվել ու թույլ չտալ»,- ընդգծում է Շիրինյանը։

Քաղաքագետը հարցադրում է անում՝ իսկ ո՞վ է պատասխան տալու Քոչարյանի նախկին արարքների համար։ Շիրինյանը նաև կարծում է, որ Քոչարյանը կանխատեսումներ անելու ունակություն չունի։

«Ասում է՝ ես գնացել էի հանգիստս վայելելու, չթողեցին։ Ասում է՝ ես գիտեի, որ հետագա տարիները հանգիստ ապրելու եմ։ Դե ուրեմն հաշվեք, որ նա կանխատեսելու որևէ կարողություն չունի։ Լավ կլինի՝ ինքը պատրաստվի իրեն դատարանում պաշտպանելուն։ Վերջը ամոթ է, եղել է պետության նախագահ, այսօր չգիտես ինչեր է ասում։ Ասում է՝ խաբար չեմ Մարտի մեկի հրամաններից։ Եթե խաբար չի եղել, ուրեմն անմեղսունակ է եղել»,- ասում է Շիրինյանը։

Քաղաքագետի խոսքով՝ գողապետության բոլոր գործիչները, Հայաստանը կողոպտածները նախորդ տարվա մայիսի 2-ին ժողովրդի զայրույթը չեն տեսել։ Բայց ժողովրդի զայրույթի դիմաց իրենք բոլորը ոչինչ են։

«Դա ռևանշիստների խումբ է։ Նրանք կարող են երկրի վիճակը ապակայունացնել, բայց եթե անվտանգության ուժերը գործեն օրենքին համապատասխան, ոչ մի բան էլ չեն կարող անել։ Ընդհանրապես, եթե որևէ մեկը պետության մեջ աջակցություն չունի, ինքը ոչինչ է։ Քոչարյանն աջակցություն ունի՞ ժողովրդի մեջ։ Ինձ թվում է՝ Վերաքննիչ դատարանը կուղղի սխալը»,- եզրափակեց Շիրինյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am