Գեներալների մեքենաների փոխարեն՝ ապաստարաններ. Արա Պապյանը սահմանային անվտանգության նոր լուծումներ է առաջարկում

Գեներալների մեքենաների փոխարեն՝ ապաստարաններ. Արա Պապյանը սահմանային անվտանգության նոր լուծումներ է առաջարկում
Գեներալների մեքենաների փոխարեն՝ ապաստարաններ. Արա Պապյանը սահմանային անվտանգության նոր լուծումներ է առաջարկում

Հայաստանը որպես պետություն՝ ի դեմս արտգործնախարարության, երբեք չի բողոքել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեզոք հայտարարություններից: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող անհանգիստ իրավիճակին եւ միջազգային հանրության լռությանը,  ասում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Համանախագահների հայտարարությունների վերաբերյալ դժգոհությունները հնչել են միայն ԶԼՄ-ների մակարդակով, բայց պետական մակարդակով այդ խնդիրը երբեք չի բարձրացվել»,-ասում է Արա Պապյանը:

Հիշեցնենք, հատկապես վերջին շրջանում թե ղարաբաղաադրբեջանական շփման գծում, թե հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը լարվածություն է մտցնում՝ պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմն ու դիմելով դիվերսիոն գործողությունների:

Իրավիճակին հուլիսի 23-ին արձագանքել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հայտարարությամբ մտահոգություն հայտնելով  հակամարտության գոտում լարվածության սրացման և խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: Եռանախագահները հորդորել էին զերծ մնալ գյուղերի և խաղաղ բնակիչների վրա դիտավորյալ հարձակումներից եւ հավատարիմ լինել հրադադարի ռեժիմի պայմաններին: Ինչպես միշտ,  հորդորներն ու կոչերն ուղղված էին երկու կողմերին:

Սակայն, ՄԽ համանախագահեներից բացի, որոնք հակամարտության խաղաղ կարգավորման գործում  միջնորդական առաքելություն են ստանձնել, Արա Պապյանը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանի վրա:

«Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը բացի ռազմավարական դաշնակից համարվելուց նաեւ Բիշքեկում կնքված հրադադարի պայմանագրի միջնորդ երկիրն է, այսինքն, նա է միջնորդել, որպեսզի պատերազմական գործողությունները դադարեցվեն եւ կնքվի հրադադարի պայմանագիր եւ փաստորեն պարտավորություն է ստանձնել, որ մի ժամանակավոր պայմանագիրը ի վերջո վերջնական խաղաղության պայմանագրի վերաճի» ,-«Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունն այս մասին երբեւէ չի հիշատակում:

Նշենք, որ սահմանային լարվածությունն ու շարունակվում է նաեւ խլելով մարդկային կյանքեր: Վերջին նման միջադեպ գրանցվել է հուլիսի 26-ին էր: Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղղություններով հակառակորդը կրկին փորձել էր ներթափանցել հայկական դիրքեր: Դիվերսիոն գործողությանը հակազդելու հետեւանքով հայկական կողմը մեկ զոհ էր տվել: Հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող 20-ամյա Խաչատուր Բադասյանը: Գրեթե նույն ժամանակահատվածում՝ հուլիսի 25-ի երեկոյան, ադրբեջանական կողմը կրկին գնդակոծել էր Տավուշի սահմանամերձ գյուղերը՝  կրակահերթերի տակ պահելով Մովսեսի, Այգեպարի ու Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակչությանը:

Սահմանին ստեղծված իրավիճակին  հուլիսի 26-ին, անդրադարձել է նաեւ Սերժ Սարգսյանը: Ծիծեռնակաբերդում կայացած  ռազմական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը նա ասել է, թե անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ:

«Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Մովսես գյուղում շատ լավ գիտեն դավադիր ոտնձգությունների մասին: Տավուշի մարզի Մովսես գյուղը Երեւանից գտնվում է 225, մարզկենտրոնից` 85 իսկ ՀՀ ՀՀ պետական սահմանից  ընդամենը 0.3 կմ հեռավորության վրա: Այսինքն, գյուղին հակառակորդի սահմանից բաժանում է ընդամենը 300 մետր հեռավորությունը: 

Ըստ գյուղապետի, Մովսեսում փաստացի բնակվող մոտ 1400 բնակիչների համար թշնամու կողմից հնչող ամենօրյա կրակոցները սովորական են դարձել:

«Էսօր իմ համայնքի ժողովուրդը պատրաստ է ամեն ինչ ստեղծելու, մենակ խաղաղություն լինի: Մարդը բնության  մեջ կարող է ամեն ինչից արժեք ստեղծել, էսօր  որպես սահմանին ապրող ժողովրդի, միակ խնդիրը խաղաղությունն է»,- «Մեդիալաբին» ասում է սահմանամերձ Մովսես գյուղի համայնքապետ Արարատ Ավալյանը՝ հավելելով, որ կրակոցներն ու նկուղներում պատսպարվելը գյուղի բնակչության համար արդեն սովորական են դարձել:

Արարատ Ավալյանի խոսքով, նախկինում մշակվող բազմաթիվ հողատարածքներ սահմանամերձ գյուղերում այսօր անմշակ են մնում, որովհետեւ անորոշություն է:

Հիմնականում հողագործությամբ եւ անասնապահությանբ  գոյատեւող համայնքի ավելի քան 745 հա վարելահողերն ու 688 հա արոտները անմշակ են մնում, քանի որ գտնվում են ուղիղ «կրակի տակ»:

«Կրակահերթերի տակ գյուղացին այգիները չի կարողանում մշակել»,-ասում է նա:

Սահմանի չդադարող լարվածությունից ելնելով Հանրային խորհրդը Սերժ Սարգսյանի հետ քննարկել էր սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցը, ինչին վերջինս դեմ էր արտահայտվել՝ նշելով, որ զինված ուժերում զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար բոլոր հնարավորություններն առկա են բանակում պայմանագրային ծառայության անցնելու:

Արա Պապյանի խոսքով, սահմանամերձ գյուղերի առջեւ ծառացած թիվ  մեկ խնդիրը ոչ թե բնակչությանը զինելն է, այլ սահմանամերձ գյուղերի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելը:  Ըստ փորձագետի կարելի է կրճատել ՀՀ ԶՈՒ գեներալների թիվը եւ նրանց հատկացվող միջոցները անուղղակիորեն ուղղել զինված ուժերին:

«Պարտադիր չէ ունենալ այդքան մեծ թվով գեներալներ, քարտուղարուհիներ: Նրանց սպասարկելուն ուղղված միջոցները կարելի է ուղղել օրինակ ապաստարաններ կառուցելուն: Իսրայելում յուրաքանչյուր բնակիչ իր տանը ապաստարան ունի, բա գոնե սահմանամերձ գյուղի դպրոցի մոտ մեկ ապաստարան չունենա՞նք»,-«Մեդիալաբին» ասում է Պապյանը՝ հավելելով, որ գեներալներին պատկանող մեկ շքեղ ավտոմեքենայի վաճառքից կարելի է այդ խնդիրը լուծել, միջոցներ ուղղել սահմանամեձ գյուղերի ճանապարհների, հիվանդանոցների կառուցմանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am