Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն, հղիություն, անապահովություն ու տաբուներ. մասնագետները փոփոխության հույսեր են փայփայում

Հարազատ եղբոր կողմից սեռական բռնության ենթարկվելուց և հղիանալուց հետո 15-ամյա Անուշի կյանքում իսկական դժոխք սկսվեց: Ամիսներ շարունակ բարդ ապրումներից և հոգեբանական ծայրահեղ վիճակից հետո Անուշը երեխային ծննդաբերելուց հետո հիվանդանոցում թողեց, սակայն ստիպված էր կրկին հայրական տուն վերադառնալ և շարունակել ապրել նույն հարկի տակ եղբոր և ծնողների հետ:

Մասնագետները չեն կարողացել լիարժեք աջակցություն ցուցաբերել աղջկան, քանի որ նա անչափահաս էր, իսկ մայրը լիազորագիր չէր ներկայացրել փաստաբան ներգրավելու համար։

«15-ամյա աղջկան հղիացած բերեցինք Երևան՝ որոշ ժամանակ ընտանիքից հեռու պահելու համար։ Կարելի է ասել՝ իրեն հեռացրեցինք ծնողից՝ նաև որոշակի իրավունքներ խախտելով, որովհետև այն պահին, երբ ծնողն իմացել էր, որ աղջիկը Քննչական կոմիտեում պատմել էր, որ բռնությունն իր հարազատ եղբոր կողմից է եղել, որն իրենից ընդամենը մեկ տարի էր մեծ, մայրը տարել էր տուն ու չգիտես թե երեխայի հետ ինչ էր արել։ Այդ օրվանից սկսած մինչը 3,5 ամիս երեխան մեզ մոտ էր, բայց ընդհանրապես չէր խոսում մեզ հետ»,- «Մեդիալաբին» ասում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը։

Նա պատմում է՝ ծննդաբերելուց հետո երեխային թողել են հիվանդանոցում, հետո անչափահաս աղջիկը շարունակել է ապրել նույն տանը, իսկ եղբորը ոչ մի պատիժ չի հասել։ 

«Այսինքն՝ իրենք երկուսով շարունակում էին նույն տան մեջ ապրել։ Մենք ոչ մի ծառայություն չունենք, որ երեխան գնա ու ինչ-որ աջակցություն ստանա։ Հատկապես որ այդ դեպքը հեռավոր մարզի հեռավոր գյուղերից մեկում էր, որտեղ մենք չէինք կարող անգամ մասնագետի մասնակցություն ապահովել։ 

Եվ այս պարագայում շատ դաժան էր, որ մի կողմից՝ չես կարող բռնարար անվանել տղային, բայց փաստացի կա 15 տարեկան երեխա, որն ունեցել է սեռական հարաբերություն, հղիություն, սեռական բռնության է ենթարկվել, որովհետև ինքը քննիչին բռնություն էր նկարագրել։ Այդ ամենից հետո իրեն չէր կարելի փակել նույն տարածքում բռնարարի հետ»,- «Մեդիալաբին» ասում է Տաթևիկ Աղաբեկյանը։

Ոստիկանության վիճակագրական վարչության տրամադրած տվյալների համաձայն՝ 2020 թ. առաջին չորս ամիսներին՝ մայիսի 1-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 13 հանցագործություն։ 2019 թ. նույն ժամանակահատվածում այդ դեպքերը կազմել են 17։

Հայաստանում անչափահասներին բռնության ենթարկողները հիմնականում ընտանիքին ծանոթ անձինք են, քիչ դեպքերում նաև՝ անչափահասի ընտանիքի անդամներ։

Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը նշում է, որ ինչպես 10-15 տարի առաջ, այսօր ևս Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքեր կան:

«Մեր ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա կտրվածքով չունենք այնպիսի դինամիկա, որ ասենք՝ այս դեպքերը շեշտակի նվազում են կամ շեշտակի աճում։ Յուրաքանչյուր տարի մենք արձանագրում ենք, որ, այո՛, սեռական բռնության դեպքեր ունենք։ Բայց ըստ վիճակագրության՝ աճ էլ չունենք, ընդհակառակը՝ այս տարվա չորս ամիսների կտրվածքով նվազում ունենք, իսկ թե ի՛նչ պատկեր կարձանագրվի տարվա կտրվածքով՝ դժվար է ասել»,- «Մեդիալաբին» ասում է Նելլի Դուրյանը։

Սակայն, պաշտոնական վիճակագրությունը միշտ չէ, որ արտացոլում է իրական պատկերը, հատկապես այս դեպքում, երբ սեռական բռնության դեպքում մարդիկ նախընտրում են չբարձրաձայնել: Իսկ երբ խոսքը անչափահասների հանդեպ սեռական բռնության մասին է, տաբուներն է՛լ ավելի են խստանում: 

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան-խորհրդատու Սիրանուշ Դավթյանն ասում է, որ հասարակության կողմից այս թեման մերժելու պատճառները շատ են։ 

«Առաջին պատճառներից մեկը իրազեկման պակասն է, որն ունեն մարդիկ։ Սխալ ինֆորմացիա է գնում դեպի հասարակություն, որ սա դրսից եկած ինչ-որ խնդիր է, որ մեր երկրում սեռական բռնություն չկա անչափահասի նկատմամբ, որովհետև դա հարիր չէ հայի գենին և այլն։ Ինձ թվում է, որ այստեղ նաև հոգեբանական կարևոր հարց կա, որ դու խնդիրը քեզանից հետ ես տանում։ Դրա «պաշտպանական» մեխանիզմն այն է, որ դու չես նույնականանում խնդրի հետ, հետևաբար, չես նույնականանում դրա հետևանքների հետ, վախեր կան»,- «Մեդիալաբին» ասում է Սիրանուշ Դավթյանը։

Նրա խոսքով՝ առհասարակ սեռական բռնության նկատմամբ հայ հասարակությունում կա տաբու կա, դա մի խնդիր է, որի մասին չպետք է խոսել։ Նույն իրավիճակն էր նաև ընտանեկան բռնության դեպքերի նկատմամբ մինչև 2010-2011 թվականները, երբ կոտրվեց այդ կարծրատիպը, տարբեր բռնության ենթարկված կանայք սկսեցին իրենց հետ կատարվածի մասին բարձրաձայնել։

«Եվ հիմա ընտանեկան բռնության մասին քիչ թե շատ խոսում են, բայց անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին դեռ չեն խոսում, ցավոք»,- հավելում է մասնագետը։

Սակայն, Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական բռնության թեման սկսեց բուռն քննարկվել նաև վերջին շրջանում, երբ ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան (Լանզարոտեի) կոնվենցիան):

Տարբեր շրջանակների կողմից այս կոնվենցիայի դեմ արշավը նոր թափ ստացավ սոցիալական ցանցերում, ՀՀ իշխանություններին սկսեցին մեղադրել օտար բարքերը Հայաստան բերելու մեջ։ Որոշ շրջանակներ ընդհանրապես հերքում են, որ Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական բռնություն կա՝ կոնվենցիան համարելով երկրում այլասերություն տարածելու միջոց։

Տաթևիկ Աղաբեկյանն ասում է՝ կոնվենցիայի կարիքը զգացվել է այս և նմանօրինակ դեպքերում։ Ինչո՞ւ են Հայաստանում հերքում, որ անչափահասների նկատմամբ սեռական բռնություն չկա։ 

«Մարդկանց մեծ մասը, ովքեր հերքում են այդ փաստը, ավելի շատ այլ նպատակներ է հետապնդում»,- նշում է Տաթևիկ Աղաբեկյանը։ 

Մասնագետը հիշեցնում է՝ դեռևս 2010 թվականից Հայաստանում շատ սկսեցին բարձրաձայնել երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին, երբ Նուբարաշենի հատուկ դպրոցի ուսուցչի կողմից անչափահաս աղջիկը սեռական բռնության էր ենթարկվել։ Հաջորդ դեպքը 2011 թվականին էր գրանցվել Սյունիքի մարզում, երբ 16 տարեկան երեխա էր հղիացել։ Նա պատմել էր, որ սեփական հոր կողմից էր բռնաբարվել։ 

«Հետագա տարիներին և մինչ օրս շարունակվեցին երեխաների նկատմամբ սեռական բռնությունները, որոնց մասին նաև հանրությունն է իմանում»,- ասում է մասնագետը։

Ըստ նրա՝ առաջին հերթին բռնության ենթարկված անչափահասը սոցիալական աջակցության կարիք ունի, ինչը Հայաստանում կարգավորված չէ, և կոնվենցիայի շրջանակներում կարող է լուծվել։

«Այսինքն՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը սեռական բռնության ենթարկված ո՛չ անչափահասի, ո՛չ էլ չափահասի համար սոցիալական աջակցություն չունի։ Հենց սեռական բռնություն կատեգորիա Հայաստանում չկա։ Այսինքն՝ չկա մի ծառայություն, որը կաջակցի անձին»,- նշում է Աղաբեկյանը։

Դեպքերից մեկով սեռական բռնության ենթարկված երեխան երեք ամիս բացակայել է դպրոցից՝ հայտնի պատճառներով։ Եվ միակ բանը, որ այս դեպքով դպրոցն ու ԿԳՄՍ նախարարությունը ֆիքսել են, անթույլատրելի բացակաների քանակն է եղել։

«Ես ասում եմ՝ այս երեխան ենթարկվել է սեռական բռնության, ինչ-որ կատեգորիա պետք է լինի, որտեղ նշված կլինի, որ սեռական բռնության ենթարկված երեխայի բացակաները կարգավորվում են ինչ-որ կերպ։ Չկա ոչ մի նորմ, որով այդ հարցը կկարգավորվի։ 

Այսինքն՝ ես ընկնում եմ դռնեդուռ, սկսում դպրոցի, նախարարության մակարդակով մարդկանց բացատրել։ Նախ՝ նրանց պետք է բացատրել, թե ինչ ասել է սեռական բռնության ենթարկված երեխա, որովհետև նրանք շատ դեպքերում հակված են նրան թողնել նույն դասարանում, հեռացնել դպրոցից»,- նշում է Տաթևիկ Աղաբեկյանը։

Նա ասում է՝ Լանզարոտեի կոնվենցիայով նախևառաջ որդեգրվում է կոնկրետ մոտեցում նման դեպքերում։ 

«Իհարկե մինչև այսօր մեր պետությունը երաշխավորում է երեխայի՝ առանց բռնության կյանքը, բայց կոնվենցիան կիրառելու դեպքում երկիրը պետք է ունենա հստակ պարտավորություններ։ Նախևառաջ՝ երեխայի սեռական բռնության հետ կապ ունեցող ամբողջ դաշտը պետք է վերապատրաստվի ու զգայուն մոտեցում ցուցաբերելու հմտություն ունենա։ Բժշկական կառույցը, ուսումնական հաստատությունը, իրավապահ համակարգը՝ բոլորը պետք է այդ մոտեցումը ստանձնեն։ 

Մյուս հարցը սոցիալական աջակցության ծրագրերն են։ Ապաստարանից սկսած, երբ կասկած կա, որ երեխայի ծնողը մասնակից է եղել կամ ծնողն ինքն է դրդել երեխային սեռական բռնության, կամ իմացել ու ոչ մի բան չի արել, և հիմա նպատակահարմար է երեխային հեռացնել ընտանիքից՝ այդ հարցերը պետք է կարգավորել։ 

Այդ տարածքը մենք հիմա չունենք։ Երբ տարածքը լինի, պետք է անպայման լինեն մասնագետներ, որոնք այդ ընթացքում երեխայի հետ պետք է աշխատեն։ Այսօր հասարակական կազմակերպություններն առանց ծնողի իրավասության իրավունք չունեն երեխային տեղափոխել ապահով վայր, իսկ ըստ կոնվենցիայի պետությունը կարող է այդ երեխային առանձնացնել և հնարավորություն տալ մասնագետին աշխատելու ու եզրակացություն տալու՝ այդ երեխան պատրա՞ստ է հիմա հետ գնալ ընտանիք, թե՞ ոչ»,- ասում է Աղաբեկյանը։ 

Կոնվենցիայի ամենաքննադատվող կետն այն է, որ դպրոցներում սեռական դաստիարակության մասին պետք է իրազեկման աշխատանքներ տարվեն։ Աղաբեկյանն ասում է՝ խոսքն այն մասին չէ, որ պետք է դպրոց մտնի ինչ-որ մեկն ու ասի՝ «երեխաներ, եթե ինչ-որ մեկը ձեզ բռնաբարի, դա վատ բան է»։

«Խոսքը սեռական դաստիարակության մասին է։ Հիմնականում ամենավտանգավոր տարիքը երեխաների համար սեռական հասունացման շրջանն է, գոնե այս իրազեկումը պետք է լինի այդ շրջանում։ Եթե մի քիչ գրագետ ուսուցիչ լինի, կարող է նկատել, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ, և գոնե կարող է ահազանգել համապատասխան կառույցներին, որ այդ կառուցները թեկուզ փորձեն հասկանալ՝ ի՛նչ է եղել, ու բացահայտեն այդ դեպքերը»,- նշում է նա։

Ոչ պակաս կարևոր է այն հարցը, որ անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերով հարուցված քրեական գործերը պետք է պրոֆեսիոնալ քննվեն։ 

«Այդ գործերի վարույթի ամբողջ ընթացքում պետք է լինեն պրոֆեսիոնալ մոտեցումներ։ Հայաստանում նաև քննիչները մտածում են, որ եթե նման բան է եղել աղջկա հետ, ուրեմն ինքն ինչ-որ ձևով մեղավոր է եղել դրանում։ 

Եվ անգամ 13 տարեկանից բարձր երեխաների դեպքում է այդ վերաբերմունքը։ 

Օրինակ՝ մի դեպքով, երեխան գնացել էր Քննչական կոմիտե, հայտնել, որ իր նկատմամբ սեռական բռնություն է եղել, և քննիչի առաքելությունը կարծես այն լինի, որ ոչ թե ապացուցի մեղավորի մեղքը, այլ ապացուցի անմեղի անմեղությունը։ Այսինքն՝ իրենք զոհին այնքան են տանջում, հարցաքննում, որ մի ստի վրա բռնեն»,- ասում է նա։ 

Շատ դեպքերում, ըստ Աղաբեկյանի, մեղավորին կարող է մեկ անգամ կանչեն հարցաքննության, իսկ, օրինակ՝ զոհին 5-6 անգամ։

Լանզարոտեի կոնվենցիայով իրավապահ համակարգի վերապատրաստման հարցն է նաև լուծվելու։ Իրականում մտահոգիչ հարց կա՝ ասում է Աղաբեկյանը, շատ կարևոր է, թե ում կընտրի պետությունն այս իրազեկումներն ու վերապատրաստումներն անելու համար։ Փորձառու մասնագետներին պետք է վստահել այդ աշխատանքը։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն նշում է, որ Լանզարոտեի կոնվենցիան շատ կարևոր մեխանիզմներ է տալիս, թե ինչպես պետք է երեխաներին հարցաքննել, որ երեխաները իրավապահ բոլոր համակարգերում՝ սկսած ոստիկանից, վերջացրած քննիչով, դատավորով, ամեն անգամ ստիպված չլինեն խոսել իրենց հետ կատարվածի մասին։

«Երկրորդ հարցը երեխաների պաշտպանության տարբեր օղակներ ստեղծելն է՝ թեժ գծից մինչև հոգեբանների հետ աշխատանք։ Դրանք շատ կարևոր են, որոնք այսօր մեր երկրում որևէ ինստիտուտ չի իրականացնում»,- «Մեդիալաբին» ասում է Գայանե Աբրահամյանը։

Շահարկման թեմա է դարձել հիմնականում կոնվենցիայի 18-րդ հոդվածը, որ փոխադարձ համաձայնությամբ անչափահասները կարող են այնուամենայնիվ սեռական հարաբերության մեջ մտնել։ 

«Բայց դա այդպես չէ, նաև կոնվենցիան այդպես չէ, բայց առավելևս Հայաստանի դեպքում չի կարող լինել։ Պաշտոնական հայտարարությունից, հերքումից և ապացուցելուց հետո, որ սա իրավական ճշմարտության հետ բացարձակ առնչություն չունի, այս նենգափոխումը, խեղաթյուրումը մեկնաբանությամբ կարծես օրակարգից դուրս եկան»,- ասում է Աբրահամյանը։ 

Նա հիշեցնում է՝ Հայաստանում 2003 թ.-ից ընդունված Քրեական օրենսգրքով մինչև 16 տարեկան անչափահասների հետ որևէ սեռական հարաբերություն քրեականացված է, անգամ եթե դա եղել է փոխադարձ համաձայնությամբ։

«Մանիպուլյացիաների երկրորդ տարափը 6-րդ հոդվածի հետ է կապված, որը սահմանում է, որ պետությունները պետք է օրենսդրական կամ այլ միջոցներով ձեռնարկեն տարբերակներ, որ երեխաներին տան գիտելիք, որպեսզի նրանք կարողանան իրենք իրենց պաշտպանել։ 

Կոնվենցիայի բացատրական զեկույցում ևս առաջին տողով գրված է, որ սա առաջին հերթին ծնողների գործն է։ Կոնվենցիայում որևէ տեղ՝ որևէ ձեռնարկի հղում, որևէ պահանջ առանձին ծրագրով կամ առանձին դասընթացով սա անել, չկա։ Հստակ նշվում է նաև, որ բոլոր պետությունները այս գործընթացները պետք է իրականացնեն՝ ըստ իրենց սոցիալ-մշակութային, ավանդութային սովորույթների և ընկալումներին։ Այն մեթոդը, որով կփորձեն երեխաներին պաշտպանել սեռական բռնությունից և մանկապղծությունից, կիրականացվի միայն ծնողների հետ համագործակցությամբ»,- հավելում է Աբրահամյանը։

Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն ասում է, որ որոշ դեպքերում ծնողները թաքցնում են իրենց երեխաների նկատմամբ կատարվածը՝ շրջապատի կարծիքի պատճառով։

Նրա խոսքով՝ սա, իհարկե, լատենտային հանցագործություն է։ Եվ այս դեպքերը կա՛մ բացահայտվում են ոստիկանության աշխատակիցների կողմից, կա՛մ լինում են դեպքեր, որ հիվանդանոցներից է տեղեկություն գալիս, որ անչափահասը հղի է և այլն։

«Մենք համայնքներից մեկում ունեցանք անչափահասի նկատմամբ սեռական բռնության դեպք, ուղղակի ծնողը տունը վաճառեց ու մեկնեց իր մշտական բնակության վայրից, որովհետև դրա մասին իմացան թե՛ հարևանները, բարեկամները, թե՛ դպրոցում։ 

Բայց սա պատճառ չէ այդ դեպքերի մասին լռելու համար, որովհետև այդ դեպքերը պետք է բացահայտվեն, ամենախիստ պատժի պետք է ենթարկվի այն անձը, ով անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել»,- նշում է Նելլի Դուրյանը։

Նա հավելում է, որ վերջին շրջանում, սակայն, նկատվում է՝ մարդիկ դիմում են ոստիկանություն ու խոսում այդ խնդիրների մասին։ Սրան նպաստել են և՛ խնդրի վերաբերյալ դիսկուրսները, և՛ այն, որ ոստիկանության մոտեցումները վերջին տարիների ընթացքում այս հարցում փոխվել են։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան-խորհրդատու Սիրանուշ Դավթյանի խոսքով՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության հոգեբանական տրավման շատ խորն է, և մարդիկ երկար տարիներ դա կրում են իրենց մեջ։

«Էլ չեմ խոսում հասարակությունում առկա կարծրատիպերի մասին, մեր հասարակությունում բռնության ենթարկված անձը կարծես ինքն է մեղավոր իր հետ տեղի ունեցածի համար։ Եթե խոսում ենք անչափահասի նկատմամբ սեռական բռնության մասին, ապա մարդիկ փորձում են ծածկադմփոց անել, բայց կան դեպքեր, որ մարդիկ փորձում են արդարության հասնել, բարձրաձայնում են այդ մասին։ Վերջին շրջանում կոնվենցիայի հետ կապված աղմուկի վերաբերյալ կասեմ, որ, ցավոք սրտի, շատ մարդիկ, չկարդալով կոնվենցիան, կարծիքներ են հնչեցնում»,- ասում է նա։

Հոգեբանը հավելում է՝ մեր երկրում սեռական դաստիարակության թեման փակ թեմա է, ինչը կարևոր հարց է։ Ծնողները փորձում են այդ թեմաների մասին երեխաների հարցերին չպատասխանել կամ սխալ տեղեկություններ տալ։ Օրինակ՝ երբ երեխան հարցնում է, թե ինքը որտեղից է ծնվել, ծնողն ասում է՝ կաղամբից կամ՝ արագիլը բերեց։

«Երբ հարցադրում են անում՝ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը շա՞տ են, թե՞ քիչ, ես մեծ ցավ եմ ապրում։ Վիճակագրությունը՝ վիճակագրություն, բայց երբ խոսում ենք երեխայի մասին, որը սեռական բռնության է ենթարկվել, արդեն խեղաթյուրված հոգեվիճակ ունի, յուրաքանչյուր դեպքով մեծ ցավ ենք ապրում։ Եվ մենք պետք է մաքսիմալ աշխատանք տանենք, որ չունենանք նման դեպք, ունենալուց հետո էլ կարողանանք հնարավորինս աջակցել թե՛ երեխային, թե՛ ծնողներին՝ այդ վիճակից դուրս գալու համար»,- «Մեդիալաբին» ասում է Նելլի Դուրյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am

ՍԲՃԿ․ Քո ճանապարհին դու մենակ չես

ՍԲՃԿ-ն հիմնադրվել է Երևանում 2008 թ.-ին: Այն միակ մասնագիտացված կազմակերպությունն է ՀՀ-ում, որը ծառայություններ է մատուցում սեռական բռնության ենթարկված անձանց: ՍԲՃԿ-ն ֆեմինիստական կազմակերպություն է, որի նպատակն է կանխարգելել սեռական բռնությունը ՀՀ-ում և պայքարել դրա դեմ: Աջակցելով սեռական բռնության ենթարկված անձանց՝ կենտրոնը ոչ միայն օգնում է նրանց հաղթահարել կատարվածը, այլև զորեղացնում է նրանց և լսելի դարձնում նրանց ձայնը: Կենտրոնն իր աշխատանքներում կիրառում է ֆեմինիստական թերապիան և ֆեմինիստական շահերի պաշտպանությունը՝ որպես միջոց՝ դիմադրելու հայրիշխանական համակարգի կողմից կիրառվող ուժին և ճնշումներին կանանց կյանքի և մարմնի նկատմամբ:

Posted by Sexual Assault Crisis Center, Armenia on Friday, July 31, 2020