Համազգային թատրոնը հայտարարում է, որ կշարունակի գործել անկախ թատրոնի լուծարման մասին լուրերից

Համազգային թատրոնը հայտարարում է, որ կշարունակի գործել անկախ թատրոնի լուծարման մասին լուրերից
Համազգային թատրոնը հայտարարում է, որ կշարունակի գործել անկախ թատրոնի լուծարման մասին լուրերից

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը առաջիկայում թատերասերների դատին նոր ներկայացումներ է հանձնելու, թատրոնը մեկնելու է հյուրախաղերի, մասնակցելու է փառատոների. Այն չի դադարեցնելու իր գործունեությունը անկախ թատրոնի լուծարման մասին պտտվող լուրերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին թատրոնի ներկայացուցիչները` շեշտելով, որ թատրոնի լուծարման մասին յուրաքանչյուր հայտարարություն բախվելու է հասարակության և մասնավորապես մտավորականության դիմադրությանն ու մերժմանը:

«Համազգային թատրոնում աշխատում են դերասաններ, որոնք պահանջված են ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Այստեղ բեմադրվում են ներկայացումներ, որոնք տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ Գրան պրիներով են վերադառնում տարբեր արտասահմանյան փառատոներից: Համազգային թատրոնն այսօր գտնվում է վերելքի  փուլում և թատրոնի լուծարման մասին հայտարարություններ անելը պարզապես անթույլատրելի է»,-նշեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը և հավելեց, որ շուրջ երկու ամսվա ընթացքում վերանորոգել են թատրոնի ճեմասրահը, բեմական հարդարանքը, նոր ներկայացում բեմադրել: