Կաղարծիում բազմաբնակարան շենք է կառուցվում. կվերանորոգվի համայնքի եկեղեցին

Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում վերանորոգվում են մի շարք տներ, դպրոցը, քառահարկ բազմաբնակարան շենքն ու ճանապարհները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կաղարծի համայնքի ղեկավար Գարուշ Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ 1985 թվականին է սկսվել գյուղի քառահարկ բազմաբնակարան շենքի կառուցումը. շինաշխատանքները կիսատ են մնացել 1988 թվականին սկսված շարժման պատճառով:

Շենքը սկզբում նախատեսված էր դպրոցի համար՝ իր մարզադահլիճով, մարզահրապարակով, բոլոր հարմարություններով: Սկզբից այնտեղ բնակեցրին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարհանված ընտանիքներին: Հետագա տարիներին այն անտարբերության էր մատնված, 2017թ. արդեն վթարային վիճակում էր, մարզադահլիճը՝ փլված: Վերջին տարիներին, վիճակն ուսումնասիրելով ու ելնելով անհրաժեշտությունից, նախատեսվեց վերանորոգել, վերակառուցել, հարմարեցնել՝ որպես բնակելի շենք և տրամադրել գյուղի երիտասարդ ընտանիքներին,իսկ 44-օրյա պատերազմից հետո էլ նախատեսվեց հատկացնել նաև տարահանված բնակիչներին:

Բնութագրությունը հասանալի չէ

«2020թ. դեկտեմբեր ամսից շենքի մաքրման, ամրացման զգալի աշխատանքներ են կատարվել , որից հետո սկսվել են շինարարությունը: Արդյունքում կունենանք 14 բնակարան: Շենքն ունի չորս հարկ՝ մեկ սենյականոց ութ բնակարան, չորսը՝ երեք, երկուսը՝ չորս սենյականոց: Մեկ սենյականոց բնակարանն ունի մեկ ննջարան, հյուրասենյակ ու խոհանոց՝ միասին, սանհանգույց: Այժմ դրանք ավարտական փուլում են գտնվում: Շենքը կունենա խաղահրապարակ, ավտոկայանատեղի: Ամենայն հավանականությամբ, բազմաբնակարան շենքը շահագործման կհանձնվի հուլիսին»,- մեզ հետ զրույցում նշել է Գ.Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Կաղարծիում վերանորոգվում են նաև գյուղի հին, չբնակեցված տները: Արդեն նորոգվել է հինգ տուն: Գործընթացը շարունակական է լինելու: Վերանորոգման աշխատանքները կատարում է «Ղուրուչուխ» ՍՊԸ-ն՝ Հայկ Գրիգորյանի ղեկավարությամբ: «Ամեն ինչ կատարվում է բարեխղճորեն, հավուր պատշաճի, մեծ պատասխանատվությամբ, գործի կարևորության գիտակցումով: Այստեղ մոտ 40 տուն կա, որ հնարավոր է կապիտալ վերանորոգել և տրամադրել մեր բնակիչներին»,- ընդգծել է համայնքապետը:

Շուտով կսկսվեն գյուղի Սուրբ Թարքմանչաց եկեղեցու հիմնովին վերանորոգման աշխատանքները: Այս պահի դրությամբ իրականացվում են նախահաշվանախագծային աշխատանքներ: Հրետակոծության հետևանքով վնասված դպրոցական շենքը ևս կվերանորոգվի: Լրիվությամբ փոխվել են դպրոցի պարիսպը, իսկ մնացած վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Սկսվել են նաև ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները: «Մարտունի-Ստեփանակերտ մայրուղուց դեպի գյուղ տանող ճանապարհը մինչև գյուղի դպրոցը և այստեղից մինչև նոր թաղամասը ասֆալտապատվելու է, մոտ 4,5 կմ երկարությամբ:

Բարեկարգվելու է գյուղ տանող երկրորդ ճանապարհը»,- հավելել է Գ. Սարգսյանը: