«Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած մամուլի ազատության ինդեքսին, որտեղ Հայաստանն 19 կետով առաջընթաց է արձանագրել։

«2018-ի արդյունքներով Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը եւ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Վարկանիշային ինդեքսը կազմում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը: Սա, ըստ էության, միջազգային արձանագրումն է իմ այն պնդման, թե Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր:

Հ.Գ. Մենք, իհարկե, կդիտարկենք կազմակերպության բարձրացրած հարցերը, մտահոգությունները եւ առաջարկները եւ կասկած չկա, որ մամուլի ազատության առումով, ինչպես մյուս ոլորտներում, Հայաստանը շարունակելու է իր առաջընթացը»,-գրել է Փաշինյանը։