Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը համատեղ հրաման են ստորագրել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրել են հրաման, որով Հայաստանում ներդրվում է հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր:

«Հետբուհական կրթությունը, շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաև բուժաշխատողների լիցենզավորման ծրագրերը որևէ բանով չեն զիջելու այլ երկրների հետդիպլոմային կրթությանը»,- հետբուհական մասնագիտական կրթական փորձարարական ծրագրի պաշտոնական մեկնարկին նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` կրթական այս ծրագիրը շատ նշանակալի դեր է ունենալու թե՛ առողջապահության, թե՛ կրթության ոլորտներում հետագա բարեփոխումների համար: Անահիտ Ավանեսյանի համոզմամբ` նման ձեռքբերումների ճանապարհին շատ կարևոր է գերատեսչությունների համագործակցությունը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ Երևանի պետական բժշկական համալսարանը վերջերս նաև միջազգային հավատարմագրում է անցել՝ վերահաստատելով որակական այն պահանջները, որոնք պետք է գործեն բժշկական կրթության կազմակերպման առումով:

«Այս ուղղությամբ առավել քան հետևողական ենք լինելու նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակման շրջանակում՝ հատուկ ուշադրության դարձնելով լիցենզավորման, հավատարմագրման և մյուս ուղղություններին: Կարծում եմ՝ այս ծրագիրն ուղենշային ու շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ գնալ որակյալ կրթական ծրագրեր իրականացնելու ճանապարհով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ` նպատակ ունենալով միավորել երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական ռեսուրսները, ինչպես նաև համագործակցել միջազգային գործընկերների հետ` ստանալու ռեզիդենտակենտրոն ծրագիր` հիմնված միջազգային փորձի վրա:

Ռեզիդենտուրային այս ծրագրի կլինիկական հիմնական գործընկերներն են «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, «Մուրացան» հիվանդանոցային համալիրն ու «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցը: