«Ամուսնուս քուրը զանգեց՝ ասեց, որ Արսենը չկա, գերի ժամանակ Հադրութում սպանել են»․ Ղարախանյանները չգիտեն՝ «ոնց ա օրը մթնում, ոնց լուսանում»

Արցախյան պատերազմի հետևանքով Արսեն Ղարախանյանի ընտանիքի անդամները կսկիծն ու դառնությունը հաղթահարել չեն կարողանում։ Արսեն Ղարախանյանի կինը՝ 39-ամյա Վարդուհի Ղարախանյանը, «Մեդիալաբին» պատմում է, որ ամուսինը կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին, ապա գերեվարվել, իսկ այնուհետև սպանվել հակառակորդի կողմից։

«Ամուսինս կամավորական էր գնացել, նոյեմբերի 8-ին վերջին անգամ տղայիս հետ ա խոսել, ամսի 9-ին զանգել ենք, էլ չի պատասխանել։ Ինքը կռվում էր, նույն օրը գնացել էր հորը հանի Հադրութից, որ փրկի, թուրքերը մտել էին Հադրութ։ Եվ նոյեմբերի 9-ից մինչև հունվարի 6-ը իրենից լուր չունեինք։ Մինչև հունվարի 7-ին տեսանք տեսանյութը»,- ասում է Վարդուհին։

Վարդուհու մեծ աղջիկը ադրբեջանական աղբյուրներից մեկում տեսնում է տեսանյութ, որում դժվարությամբ, բայց կարողանում է ճանաչել անճանաչելի փոխված հորը։

«Մի երկու անգամ նայեց, հետո բարձր լացելով ասեց՝ մամ ջան, պապան ա։
Երեխեքը շատ դժվար ճանաչեցին, բայց ես իսկույն ճանաչեցի, իրան տանջել էին, շատ էին տանջել, ինքը ոնց որ 80 տարեկան մարդ լիներ էդ տեսահոլովակում, ես իրա ձենից ճանաչեցի՝ առանց իրա նկարը նայելու։

Մենք որ տեսանք տեսանյութը, որ գերեվարված է, ուրախացել էինք, որ հեսա, ուժե վսյո, չեն կարա բան անեն, հետ կգա»,- հուզվում է Վարդուհին։ Այնուհետև պատմում է, որ այդ ժամանակ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր խաչին՝ տեղեկացնելով, որ տեսել են տեսանյութում։ Ասում է, որ հույսով սպասում էին, որ ամուսինը կվերադառնա տուն, մինչև հայտնեցին ամուսնու սպանվելու գույժը։

«Մենք գիտեինք, որ գերեվարված էր: Իմ սկեսրայրիս 44 գերիների մեջ բերել էին, իրան հարցրեցինք՝ տեսե՞լ ես Արսենին, ասեց՝ մենք իրար տեսել ենք, բայց մեզ առանձին-առանձին են տարել։

Հունվարի 18-ին ամուսնուս քուրը զանգեց, ասեց, որ Արսենը չկա: Ասեցի՝ ի՞նչ ես ասում, ասեց՝ գերի ժամանակ Հադրութում սպանել են։ Հադրութի մի գյուղում, որտեղ Կարմիր խաչը գնացել էր անհայտ կորածներին ման գալու, տեսել են վեց զինվորի հետ Արսենին սպանված ու թաղած։

Բժշկական թուղթը ցույց է տվել, որ հունվարի 15-ին են սպանել։ Հունվարի 18-ին երեխաներիս հետ գնացինք Ղարաբաղ ու երկու օր հետո՝ հունվարի 20-ին՝ ամուսնու ծննդյան օրը, իր թաղումն եղավ»,- հուզմունքով պատմում է Վարդուհին։

Ասում է՝ մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից, իրենից ավելի հոգեբանական ծանր վիճակում են չորս երեխաները, որոնցից երեքն անչափահաս են:

«Հիմա մենք չգիտենք՝ ոնց ա օրը մթնում, ոնց լուսանում։ Էն վիճակն ա, որ ո՛չ առավոտը գիտեմ, ո՛չ կեսօրը, ոչ գիտեմ կերած եմ, ոչ գիտեմ կուշտ եմ, ամբողջ օրը մտքերս ամուսնու հետ են։ Երեխեքը ինձանից ավելի վատ վիճակում են, ամեն օր մի բան հիշում են, լացում են, երեխեք են․․․»,- ասում է Վարդուհին։

Հոգեբանական ծանր վիճակն ու սթրեսը հաղթահարելու համար Վարդուհին գրանցվել է հոգեբանական աջակցության համար, ասում է՝ ոչ մի կերպ ցավագին ապրումները հաղթահարել չի ստացվում․ 

«Էսօր տեգորս հետ գնում եմ Ստեփանակերտ՝ ամուսնուս քառասունքին, ու պիտի գամ, հոգեբանի հետ խոսամ։ Մինչև օրս չենք իմանում, որ Արսենը չկա, երեխեքս չեն հավատում, որ Արսենը չկա, մինչև հիմա սթրեսի մեջ են»,- նշում է Վարդուհին։

Վարդուհին մինչ պատերազմը ընտանիքի հետ ապրել է Հադրութում, ստեղծել էին տուն, հողամաս, աշխատում էին։ Վարդուհին խմորեղեն էր թխում ու վաճառում։ Ամուսինը պայմանագրային զինծառայող էր, վերջին երկու տարին դուրս էր եկել ծառայությունից ու մեկնում էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:

Պատերազմը ոչ միայն խլեց հայրենիքը, տունը, ապրուստը, այլևս գլխավորը՝ ամուսնուն ու ապագայի հանդեպ լուսավոր պատկերացումը։

Վարդուհին նշում է, որ չնայած այժմ դժվարություններ ունեն կենցաղի հետ կապված՝ ջրի և գազի խնդիրներ, մայիս ամսից հետո էլ հյուրընկալված տունն են լքելու, և անորոշ է՝ ուր են տեղափոխվելու, բայց այժմ, նրա խոսքով՝ առաջնային խնդիրը հոգեբանական ծանր սթրեսային վիճակից դուրս գալն է:

«Հիմա հոգեբանորեն շատ վատ վիճակում ենք, առաջին հերթին էդ ա, որ էս սթրեսից դուրս գանք, էս էրեխեքը ուշքի գան, մնացածը, փառք Աստծո, ապրում ենք»,- ասում է Վարդուհին։

Նշում է, որ ցանկանում է վերադառնալ Արցախ, հույս ունի, որ տուն կհատկացնեն Ստեփանակերտում, որ մոտ լինի ամուսնու գերեզմանին:
«Ես ուզում եմ գնամ Ղարաբաղ, որովհետև ամուսնուս գերեզմանը էնտեղ ա, Ստեփանակերտում եղբայրական գերեզմանոցում ա թաղված։

Բայց, դե, որ տուն-տեղ չկա, գնամ որտե՞ղ մնամ, դեռ տան հետ կապված բան չեն ասել: Էնտեղ ժողովուրդը հիմա պադվալներում ա ապրում, ես գնամ չորս էրեխեքի հետ ո՞նց ապրեմ,- հուզմունքով ասում է Վարդուհին ու շարունակում, որ վախ չունի վերադառնալու հետ կապված,- ուժե իմ վրա ոչ մի բան չի ազդում, ես չեմ վախենում, բայց երեխեքը վախենում են, սթրեսը, վախը կան»,- նշում է Վարդուհին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am