Հայաստանում ԵՄ դիտորդների կարգավիճակի, արտոնությունների հարցով համաձայնագիր կստորագրվի

 Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի, արտոնությունների հարցով առաջիկայում համաձայնագիր կստորագրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին:«Որպես նոր ոլորտ պետք է նշեմ նաև քաղաքական և անվտանգության ոլորտը: Այդ առումով արդեն իսկ արձանագրել ենք առաջընթաց՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում: Շուտով պետք է ստորագրվի համապատասխան համաձայնագիր»,-ասաց Հովհաննիսյանը:Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը մանրամասնեց, որ դա դիտորդների կարգավիճակի, արտոնությունների մասին է, որը ներառում է բուժօգնություն, փոխադրամիջոցների օգտագործում և այլն: «Դա մենք անում ենք յուրաքանչյուր միջազգային կառույցի դեպքում»,-նշեց փոխնախարարը:Այս պահին Հայաստանում ԵՄ դիտորդների քանակի ընդլայնման հարցն ու որոշ հնարավոր նոր գործառույթների հարցը բանակցային փուլում են: Հովհաննիսյանը մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ ընդլայնումն առաջնային հարց է: