«Համակարգային կոռուպցիայի նախադրյալները չեն վերացել, դրա համար համակարգային պայքար է պետք». Վարուժան Հոկտանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

– Պարո՛ն Հոկտանյան, ԱԱԾ-ն բացահայտել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաները խոշոր չափերի կաշառքներ են ստացել տնտեսվարողներից: Ինչպե՞ս եք մեկնաբանում երևույթն այն համատեքստում, երբ այս իշխանության ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա:

– Ես ժամանակին ասել եմ, որ համակարգային կոռուպցիայի նախապայմանները դեռևս չեն վերացել, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի, եթե լինի քաղաքական կամք, կբացահայտվեն այսպիսի դեպքեր: Հիմա շատ ավելի լուրջ ու խոր ուսումնասիրություն է անհրաժեշտ՝ հասկանալու համար այն մեխանիզմները, որոնք հիմա կան, իսկ որ կոռուպցիա հիմա էլ կա, ոչ ոք չի ժխտում:

Հիմա, եթե կան այսպիսի դեպքեր, պետք է, այսպես ասած, անատոմիա անել, ուսումնասիրել դրանց դրսևորումները: Բայց դրա համար պետք է ժամանակ, պետք են ռեսուրսներ, որ նման դեպքերը բացահայտվեն, իսկ ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա դա չի արվել:

Հիմնվում էին կոռուպցիայի ընկալման համաթվերի շատ ցածր արժեքի վրա, ու հետևություն էր արվում, որ Հայաստանում շատ մեծ է համակարգային կոռուպցիայի հավանականությունը:

Իսկ հեղափոխությունից հետո այդ համաթվերը ինչպիսի՞ն են:

– Հիմա այդ համաթվերը բավականին լավացել են, և հավանականությունը, որ համակարգային կոռուպցիա կա, ավելի ցածր է, բայց խնդիրը նորից մնում է, առավել ևս, որ այդ ուսումնասիրությունները վերաբերում են 2019 թվականին: Օրինակ՝ նույն Fredoom House-ը, որն այս տարվա ապրիլին հրապարակեց զեկույցը, այնտեղ իրավիճակն այս առումով համարվել էր չփոխված, այսինքն՝ 2020 թվականի արդյունքները 19-ի համեմատությամբ չէին բարելավվել:

Հատկանշական է, որ 2020 թվականին այդ գնահատականի մեջ զգալի տեղ ունի 2019 թվականը, իսկ մենք հիշում ենք, որ լուրջ քայլեր արվեցին 2018-2019 թվականներին: Հիմա 2020-2021 թվականների կոռուպցիայի ընկալման հստակ համաթվի պատկերը կունենանք 2022-ի հունվարին, մինչ այդ պետք է սպասենք:

Բայց, կրկնում եմ՝ այն կարևոր պատճառները, համակարգը, որ Հայաստանում կան, դժբախտաբար չեն նպաստում, որպեսզի համակարգային կոռուպցիա չլինի: Իսկ հստակ ասելու համար պետք է գիտական հետազոտություն արվի ու դա չափվի, որպեսզի տեսնենք՝ համակարգայի՞ն է, թե՞ ոչ:

Հնարավոր է, որ հետհեղափոխական որոշ գործոններից ելնելով՝ դա արվում է ավելի ծածուկ՝ ի տարբերություն նախկինի, երբ ավելի բացահայտ էր դրսևորվում:

Պարո՛ն Հոկտանյան, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե համակարգային կոռուպցիա այլևս չկա, տեղյակ չէ՞ր ձեր մատնանշած նախադրյալներից, որոնք, ինչպես ասում եք, չեն վերացել:

– Դժվարանում եմ ասել, դա իրեն հարցրեք: Բայց նկատի ունեցեք՝ նա քաղաքական գործիչ է ու պետք է ասի, որ չկա, հո չէ՞ր ասելու կան նախադրյալները, բնական է, որ պետք է ասեր չկա: Խնդիրը նրա ասել-չասելը չէ, խնդիրը՝ կա՞, թե՞ չկան է: Դա ոչ թե վարչապետի կամ այլ պաշտոնատար անձի ասելով է, այլ ուսումնասիրությունների արդյունքն է:

Իսկ կոռուպցիոն դեպքերի բացահայտման նման դեպքերն ինչպե՞ս եք գնահատում:

– Այսպիսի բացահայտումներ եղել են նաև նախկինում, որքան էլ ցինիկ ձևով էր դա արվում, բայց պարբերաբար բռնում էին մանր ու միջին մեծության ձկների:

Իհարկե կոռեկտ չի լինի ասել, որ ոչ մի լավ բան չկա այս գործընթացներում, իհարկե կա, բայց եթե խոսում ենք համակարգային կոռուպցիայի մասին, և եթե կոնկրետ դեպքը համարվում է համակարգային կոռուպցիա, պետք է համակարգային պայքար մղվի, համակարգը պետք է չեզոքացվի, դա չի նշանակում միայն իրավապահ մարմինների ժրաջան աշխատանք, շատ այլ գործոններ ևս կան, որոնք պետք է հաշվի առնվեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am