Ծաղրուծանակ, ծեծ, նվաստացումներ. ըստ մասնագետների, ԼԳԲՏ անձանց հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականության պատճառը տեղեկացվածության պակասն է

Ծաղրուծանակ, ծեծ, նվաստացումներ. ըստ մասնագետների, ԼԳԲՏ անձանց հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականության պատճառը տեղեկացվածության պակասն է
Ծաղրուծանակ, ծեծ, նվաստացումներ. ըստ մասնագետների, ԼԳԲՏ անձանց հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականության պատճառը տեղեկացվածության պակասն է

Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տասնյակ իրավապաշտպաններ ապրիլի 5-ին Հայաստանի գլխավոր դատախազությունից պահանջում էին Հայաստանում ատելության հիմքով կատարվող հանցագործությունների արդար և համապարփակ քննություն։

Հղում անելով ապրիլի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնում՝ Կոմայգուն հարող տարածքում, 15-ամյա անձի դանակահարության միջադեպը, երբ նրան ենթադրյալ նույնասեռական կողմնորոշում էր վերագրվել, ինչպես նաև փետրվարի վերջին տրանսգենդեր անձի ծեծն ու բնակարանի այրումը, ակցիայի մասնակիցները նշում էին, որ երկու դեպքում էլ իրավախախտներին ազատ են արձակել։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին բոլորի համար ապահովել օրենքի առջև հավասարությունն ու արդար դատաքննությունը, քանի որ նրանցից շատերը վստահ են՝ տրանսգենդեր կնոջը ծեծի ենթարկելը, նրա վարձակալած բնակարանն այրելը խտրականության հիմքով չեն դիտարկվելու ու չեն պատժվելու, քանի որ դա Հայաստանում իրավապահների դրսևորած գործելակերպն է:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` փետրվարի 28-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 14 շենքի բնակարաններից մեկում վիճաբանության ժամանակ «ձեռքերով հարվածներ է հասցվել Է. Թ.-ի գլխին»: «Շտապօգնության խումբը նշված շենքից Է. Թ.-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության տարածումից հետո սոցիալական ցանցերում օգտատերերը երկու խմբի էին բաժանվել՝ ծեծը քննադատողներին զուգահեռ շատերը նաև ողջունում էին արարքը: «Լավ են արել», «դրան պիտի սպանեին», «պիտի հիվանդանոց էլ չհասներ», «դրանց պետք է վերացնել»` ուղերձները ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները ատելության հստակ կոչեր են որակում:

ԼԳԲՏ անձանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն ասում է՝ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Նրա խոսքով` Հայաստանում տրանսգենդեր անձանց կյանքը վտանգված է.

«ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնությունները հաճախակի դարձան, ու անհանդուրժողականությունն էլ խորացավ, երբ այս համայնքի խնդիրների մասին սկսեցին շատ խոսել»:

«Շաբաթվա ընթացքում չի լինում, որ մի տրանսգենդեր խտրականության չենթարկվի: Ամեն դեպքից հետո նրանց հասցեին սպառնալիքներ են հնչում, նաև՝ սոցցանցերում»,- հավելում է Մարտիրոսյանը։

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («Փինք Արմենիա») ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի խոսքով` ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերին իրավապահ մարմինների արձագանքը համաչափ և արդար չէ. նրանք հաճախ խուսափում են իրավապահներին դիմելուց, քանի որ անգամ այստեղ են խտրական և անհանդուրժող վերաբերմունքի բախվում:

«Հետաքննիչը կամ ոստիկանը սկսում է անձնական հարցեր տալ, որոնք որևէ աղերս չունեն դեպքի հետ: Ասենք՝ ինքնասպանության փորձի ծանր դեպք է եղել, ոստիկանը սկսում է սեռական հարաբերությունների մասին հարցուփորձ անել ու նվաստացնել: Շատ հաճախ նման նվաստացումների պատճառով նրանք խուսափում են բռնությունների մասին բարձրաձայնելուց: Եթե անգամ ՀԿ-ներ են դիմում, հետո հրաժարվում են դատարան դիմելուց, որովհետև չեն վստահում, որ արդարացի լուծում կլինի»:

«Փինք Արմենիայի» վերջին հետազոտություններից մեկի ընթացքում ուսումնասիրված 198 դեպքից 157-ը ատելության հիմքով հանցագործությունների զոհ են, 40-ը` հանցագործության ականատես: 

ԼԳԲՏ անձինք խուսափում են նաև հրապարակայնությունից: Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով՝ տրանսգենդեր անձինք խուսափում են մարդկանց աչքին երևալ. «Մեր հասարակությունը տրանսգենդեր անձանց դարձրել է գիշերային կյանքով ապրող: Տրանսգենդեր մարդը չի էլ բարձրաձայնում իր խնդիրները, եթե անգամ ծեծվում ու բռնության է ենթարկվում: Նա մտածում է, որ օրենքը չի կիրառվելու, գործը կարճվելու է»:

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն հարցում է անցկացրել 100 տրանսգենդեր անձանց շրջանում, նրանցից 75-ը եղել են բռնության զոհ, 25-ը` ականատես, 31-ի հասցեին բռնության կոչեր են եղել և այլն:

Ըստ Մարտիրոսյանի` տրանսգենդերների նկատմամբ անհանդուրժող են նույնիսկ բուժհաստատություններում: «4 տարի առաջ երկու տրանսգենդեր անձանց ուղղակի դուրս էին հանել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից՝ իմանալով նրանց գենդերային ինքնության մասին»:

Անհանդուրժողականության պատճառով նրանք դուրս են մնում նաև կրթությունից, զրկվում աշխատանքից:

«Նախ՝ նրանք այդ ծաղրուծանակի, ծեծի պատճառով ուսումը կիսատ են թողնում, չեն կարողանում մասնագիտություն ձեռք բերել, հետևաբար, աշխատանք չեն գտնում: Իսկ եթե գտնում էլ են, ապա կարճ ժամանակ անց նրանց ազատում են գործից, որովհետև նրանց գենդերային ինքնությունը տարբեր է»,- նշում է Մարտիրոսյանը:

«Սոցիոսկոպ» և «Փինք Արմենիա» ՀԿ-ների անցկացրած հետազոտության համաձայն` հարցվածների ավելի քան 70 տոկոսը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս) անձանց նկատմամբ, ավելի քան 27 տոկոսը նրանց մասին խոսում է վիրավորական բառերով և հայհոյանքներով: Հարցվածների 93 տոկոսն ասել է, որ չէր ցանկանա ունենալ նույնասեռական հարևան:

Ըստ նույն հետազոտության` ԼԳԲՏԻ անձինք իրենց խոցելիությունը բացատրում են հասարակության տեղեկացվածության պակասով, անհանդուրժողականության բարձր մակարդակով և ԼԳԲՏԻ անձանց գռեհիկ, տհաճ պահվածքով:

Հոգեբան Անեթ Շանիելյանը խտրականության ու անհանդուրժողականության պատճառներից մեկը իրազեկվածության պակասն է համարում: Մյուսը` արմատացած կարծրատիպերն են:

«Հասարակությունը բազմազանությունը չի տեսնում, չի ընկալում: Երբ իր աչքին անսովոր մի կին կամ տղամարդ է տեսնում, որն իր ընկալումից դուրս է՝ չի ընդունում»:

Ատելության խոսքը, ըստ հոգեբանի, ազատորեն տարածվում է լրատվամիջոցներով ու նույնպես նպաստում է բացասական մթնոլորտին. «Քարոզում են՝ ԼԳԲՏ անձինք խանգարում են մեր ազգին, փչացնում են: Չենք տեսնում քարոզ, որ ԼԳԲՏ անձինք ունեն հավասար իրավունքներ, նրանք էլ մարդ են, և ինքնությունը նրանց ընտրությունն է»: Հայաստանում թերանում են նաև սեռական դաստիարակության հարցում` այն բացակայում է թե՛ ընտանիքում, թե՛ դպրոցում կամ բուհում. «Իսկ դա հարկավոր է, որ մարդիկ հասկանան՝ սեռական կողմնորոշումն ի՛նչ է, որ հասկանան՝ դա նորմալ է, և պետք է հանդուրժել նրանց»:

Շանիելյանը ԼԳԲՏ անձ հիվանդներ է ունեցել, որոնք անհանդուրժողականությունից, խտրականությունից ու ատելության քարոզի պատճառով ինքնասպանության մասին են մտածել:

Այդուհանդերձ, ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի դրական փոփոխություն է նկատվում: Ըստ Մամիկոն Հովսեփյանի` դրան նպաստել է դաշտում գործող կազմակերպությունների աշխատանքը, որը նաև առկա խնդիրների տեսանելիությունն է բարձրացրել:

Նոր Քրեական օրենսգրքի նախագծով խտրականության դրսևորումների համար պատիժ է նախատեսվում: Սակայն Հովսեփյանը թերահավատ է, հաշվի առնելով, թե ովքեր են օրենքներ ընդունողներն ու դրանց հետևողները՝ հայրիշխանական հասարակություն և հիմնականում տղամարդիկ, դժվար է ասել, թե «ադեկվատ» որոշում կլինի. «Զարգացած երկրներում, բացի այն, որ կան օրենքներ, որոնք ԼԳԲՏ անձանց պաշտպանում են ատելությունից ու խտրականությունից, նաև իրազեկումն է բարձր մակարդակի վրա: Մեր երկրում էլ նախ պետք է իրազեկում լինի, այլ ոչ հակառակ քարոզ»:

Նկարազարդումները՝ «ՄեդիաԼաբ»

Նելլի Բաբայան

MediaLab.am