«Նախկինում Հայաստանը շատ ավելի դաժան ու կրիմինալ անցյալ է ունեցել, ավելի շատ միջադեպեր են գրանցվել, որոնց մասին հասարակությունը չի իմացել». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը

Պարո՛ն Սաֆարյան, վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի ֆոնին բարձրացվում է ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտության հարցը։ Ի՞նչ են ցույց տալիս Գավառի դեպքերը, Սեդա Սաֆարյանի դստեր ընտանիքի նկատմամբ հարձակումը, ԱԺ փոխնախագահի մասնակցությամբ միջադեպը, անպատժելիության մթնոլո՞րտ կա երկրում։

– Առաջինը՝ եթե ոստիկանությունն իր կանխարգելիչ գործողություններով բարձունքի վրա լինի, վստահ եղեք՝ կրիմինալ խմբավորումներն այսպես չեն ակտիվանա։ Նրանք ակնհայտորեն գիտեն, չէ՞, որ մարսելու են ինչ-որ բան։ Ես չեմ ուզում ոստիկանության բոլոր աշխատակիցներին նույն սանրով «սանրել», բայց ոստիկանության շատ աշխատակիցներ մասամբ եղել են նախկին համակարգի սպասավորներ։ Նրանք անձնապես լավ գիտեն այդ քրեական հեղինակություններին, որոնք իրենցից բարձր ստատուս են ունեցել նախկինում՝ կա՛մ իրենց գնել են, կա՛մ իրենց վրա ինչ-ինչ կոմպրոմատներ ունեն։ Եկեք չմոռանանք, որ նախկին իշխանությունները, որոնք սերտաճած էին կրիմինալին, ոստիկանության և դատաիրավական համակարգում իրենց որդիներին ու դուստրերին էին աշխատանքի ընդունել։ Այս իրավիճակում նրանք որոշակի անպատժելիության և պաշտպանվածության երաշխիքներ ունեն, թեկուզև՝ թույլ։

Իհարկե, ես համոզված եմ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղղակի փրփուրներից կախվել է։ Նրանք վերադառնալու հնարավորություն չունեն, երբեք չեն վերադառնա։ Նրանց նպատակը տարբեր միջադեպերով ուղղակի մարդկային կյանքերի մասով այն վնասներն են, որոնք կարող են պատճառել։ Նրանք արդեն իրենց վարքագծով ցույց են տալիս, որ այս ակտիվությունը հոգեվարքի նշան է։ Եվ ակնհայտ է՝ նրանք չեն կարող սպառնալ հեղափոխությանը։

Այդ թևից կան կարծիքներ, որ հանցավորության մակարդակը երկրում բարձրացել է, իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին, այն դուրս է գալիս վերահսկողությունից։

– Եկեք մի բան նկատի ունենանք՝ նախկինում Հայաստանը շատ ավելի դաժան ու կրիմինալ անցյալ է ունեցել, ավելի շատ միջադեպեր են գրանցվել, որոնց մասին հասարակությունը չի իմացել։ Հիմա սոցիալական ցանցերը շատ ազատ են, միջադեպերի մասին բոլորն իմանում են։ Այսինքն՝ նախկինում շատ դեպքեր հասարակական հնչեղություն չէին ստանում, հիշենք նույն Ռոբերտ Քոչարյանի, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք տեղի ունեցած քրեական դեպքերը։ Նույնը Սերժ Սարգսյանի ժամանակ էլ կար, այսօր պարզապես կյանքը փոխվել է, հանրությունն էլ է փոխվել, հասունացել։ Հեղափոխությունը մարդկանց միջից հանել է և՛ անտարբերությունը, և՛ վախը, և՛ զգուշավորությունը, հետևաբար, ցանկացած միջադեպ հասարակության մոտ ռեզոնանս է առաջացնում։ Դա հասարակության առողջացման նշան է, երբ հասարակությունը ցանկացած միջադեպ փորձում է հասկանալ։

Նախկին վախը այլևս չկա, մենք տեսանք, որ եղան մարդիկ, որոնք արտերկրից եկան, բարձրաձայնեցին տարիներ առաջ իրենց նկատմամբ տեղի ունեցած հանցագործության մասին։ Մարդիկ վերագտել են իրենց համարձակությունը և հույսեր են կապում այս հեղափոխության հետ։ Դրա համար այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե անվերահսկելիության խնդիր է, այլ հասարակական հենց այս ռեակցիան էլ է ցույց տալիս, որ նախկինները վերադարձի շանս չունեն։

Եթե այսքան մարդ քննարկում է, դատապարտում է, թեկուզ մատնանշում է ոստիկանության թուլությունը, սա նշանակում է, որ նախկինները վերադարձի տեղ չունեն։ Եվ եթե անգամ Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջադեպն այս առանցքով քննարկվում է, մարդիկ այդ ինքնապատժումն են արդարացնում։ Բայց եթե դա աներ պետությունը, վստահ եղեք՝ այսօր ոստիկանությանն ու դատարաններին չէին քննադատի, եթե դատաիրավական համակարգն աշխատեր ու այդ պատիժն իր վրա վերցներ։ Երբ ամեն մեկը եթերից վարչապետին մայր է հայհոյում, բռնության կոչ է անում, դրանք բոլորը որպես վերբալ բռնության դեպքեր պետք է պատժվեին վաղուց։ Եվ հիմա հասարակությունը կարծես թե այդ ամենից այնքան նեղված է եղել, որ հիմա համատարած ֆլեշմոբ է։

Ի՞նչ պետք է անել ոստիկանության, դատաիրավական համակարգերում իրավիճակը փոխելու համար։ Բարեփոխումներն ուշացե՞լ են։

– Երբեք ուշ չէ, ուղղակի պետք չէ շարունակել այսպես, պետք է սկսել համակարգի կարողությունները բարձրացնելուց, արմատական վերափոխումներից, վեթինգներից։ Համակարգը պետք է վեթինգի ենթարկվի, որ հասկանանք, թե որտեղ ո՛ւմ տղան է նստած, ինչո՛ւ քրեական գործերը չեն բացահայտվում, ինչո՛ւ են հանցագործները ազատ ֆռֆռում։ Նույն Սեդա Սաֆարյանի կամ իմ հետ հետ կապված խնդիրները, կամ էլ մեզ պես շատ մարդիկ կան, որոնց նկատմամբ կատարված հանցագործությունները չեն բացահայտվել։ Ինձ շատերն են գրել, ասել են՝ դուք հանրային դեմք եք, եթե ձեր նկատմամբ դեպքերը չեն բացահայտվում, բա մնացածն ինչ ասեն։

Պետք է այդ համակարգը վեթինգ անել՝ նրաենց կապերը, ունեցվածքը, իսկապես պետք է բարձրացվի համակարգի կարողությունների մակարդակը։ Ես հավատացնում եմ ձեզ՝ չեն կարողանում ժամանակին բացահայտել, որովհետև կյանքը զարգացել է, հանցագործության մեջ օգտագործվող միջոցները ավելացել են, բայց իրենց կարողությունները մնացել են 20-րդ դարի մակարդակին։ Օրինակ՝ շատ քննիչներ չեն հետևում սոցիալական ցանցերին։ Այդ համակարգի աշխատակիցների կարողությունները պետք է բարձրացվեն, դպրոց պետք է ստեղծվի, լրջագույն բարեփոխումների պետք է ենթարկվի Ոստիկանության ակադեմիան, կրթության որակը պետք է բարձրացվի, լավագույն քննիչներ ու լավագույն ոստիկաններ պետք է պատրաստվեն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am