«Սյունիքի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրները կարծես թե ստիպեցին Իրանին, որ ավելի ակտիվ մտնի խաղի մեջ». Գարիկ Միսակյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

Պարո՛ն Միսակյան, Իրանի Իսլամական Հանրապետությունն ինչո՞ւ է Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն հայտնել, ի՞նչ կտա իրանական հյուպատոսության բացումը Հայաստանին:

– Իրանում, եթե չեմ սխալվում, այս առաջարկի մասին քննարկումներ էլի են եղել, բայց, կարծում եմ, իրանական կողմը, հաշվի առնելով վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները, հատկապես Սյունիքի աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրները՝ և՛ Գորիս-Կապան ճանապարհահատվածի խնդիրները, և՛ թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումները Սյունիքի հանդեպ, կարծես թե ստիպեցին Իրանին, որ ավելի ակտիվ մտնի տարածաշրջանում խաղի մեջ:

Սյունիքում հյուպատոսություն ունենալը հիմնականում կապված է նրա հետ, որ Իրանը համաձայն չէ ու կտրականապես դեմ է թուրք-ադրբեջանական այս քաղաքականությանը ու փորձելու է իր քաղաքական ակտիվացմամբ խոչընդոտել դա՝ լինի «Զանգեզուրի միջանցք», թե Սյունիքի հանդեպ տարածքային պահանջներ, որոնք արդեն ներկայացվում են Բաքվից:

Հարցի երկրորդ մասով. նախ՝ հայ-իրանական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կարող է օժանդակել, կարող է նաև օգնել Սյունիքի աշխարհագրական դիրքի ամրապնդմանը, քանի որ այնտեղ արդեն գործելու է տարածաշրջանային հիմնական խաղացողներից մեկի քաղաքական հյուպատոսությունը:

Սա կարող է նաև Հայաստանի համար հավելյալ հնարավորություն լինել նման կերպով հյուպատոսություն ունենալ Իրանի Թավրիզ քաղաքում՝ Ատրպատականի հատվածում, որտեղ ավանդաբար ադրբեջանական լոբբին ավելի ուժեղ է եղել: Հայաստանը կարող է դիմել այս առաջարկով Իրանին, ու այնտեղ հյուպատոսություն ունենալը հնարավորություն կտա նաև մեր աշխարհաքաղաքական ու անվտանգային նպատակները լուծելու:

– Իսկ պաշտոնական տեղեկություններ կա՞ն Կապանում հյուպատոսություն բացելու իրանական կողմի իրական նպատակների վերաբերյալ:

– Մեկնաբանություններ դեռևս չկան քաղաքական դեմքերի կողմից, բայց, կարծում եմ, առաջիկայում և՛ կխոսի Հայաստանում Իրանի դեսպանը, և՛ Իրանում կլինեն համապատասխան հայտարարություններ, ու նպատակներն ավելի կհստակեցվեն, բայց արդեն նշեցի, թե ինչ նպատակներ կարող է հետապնդել այս քայլը:

– Պարո՛ն Միսակյան, եթե տարածաշրջանում կամ Սյունիքում աշխարհաքաղաքական նման զարգացումներ չլինեին, կարծում եք, որ Իրանը նման առաջարկությամբ հանդես չէ՞ր գա:

– Մի քիչ դժվար է «եթե»-ների պարագայում խոսել, բայց եթե մենք կորցրած չլինեինք Արցախը, ապա Սյունիքի աշխարհաքաղաքական ու անվտանգային դիրքերը շատ ավելի ամուր կլինեին, քան հիմա, սակայն կդժվարանամ պատասխանել, արդյոք Իրանն այդ պարագայում նման ցանկություն կցուցաբերե՞ր:

Բայց, ինչպես արդեն ասացի, նախկինում էլ, կարծեմ, Իրանը նման ցանկություն հայտնել է, քանի որ դա նաև կարող է օգնել առևտրաշրջանառությանը, Հյուսիս-հարավի շինարարությանը, Մեղրիի միջանցքին և երկու երկրի հարաբերությունների ակտիվացմանը:

– Ադրբեջանական կողմն ինչպե՞ս կարձագանքի Իրանի այս առաջարկությանը, ու արդյոք Իրանին հետաքրքի՞ր է, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի արձագանքը:

– Չեմ կարծում, թե դա Իրանին որևէ կերպ մտահոգում է, ու գրեթե համոզված եմ, որ Իրանը իր արտաքին քաղաքականության ասպարեզում որոշումներ կայացնելիս որևէ պետության կարծիքը հաշվի չի առնում ու շարժվում է սեփական ռազմավարական շահի ուղղությամբ:

Ադրբեջանի արձագանք, կարծում եմ՝ կլինի, բայց թե ինչպիսին՝ սպասենք ու կտեսնենք: Եթե այդ արձագանքը լինի, ապա այն կորակվի միջամտություն Իրանի ու Հայաստանի ներքին գործերին:

– Ընդհանուր առմամբ, Հայաստանում Իրանի հյուպատոսություն ունենալը դրակա՞ն եք գնահատում:

– Միանշանակ դրական է: Հայ-իրանական հարաբերությունների զարգացման ցանկացած ձև իհարկե կարևոր է, ու, կրկնում եմ, առավել դրական կլինի, եթե մենք Թավրիզում ունենանք հյուպատոսարան:

Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրեսին» ասել էր, որ Հայաստանը նույնպես աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am