Ավելի լավ է մի քիչ երկար պահել այս իրավիճակը, քան ընկնել սահմանափակումները թուլացնելու հետևից և ունենալ հիվանդացության երկրորդ ալիք. Բժիշկ

Հայաստանում արտակարգ դրությունը պետք է պահպանվի, քանի որ կորոնավիրուսով հիվանդացության վտանգը դեռ չի վերացել։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ Կարեն Տոնոյանը։ 

Բժշկի հավաստմամբ՝ չպետք է այս փուլում մտածել զբոսաշրջության ոլորտի կամ այլ արգելքներ վերացնելու մասին, հակառակ դեպքում հաստատ ավելի վատ է լինելու։ 

«Հայաստանում հիվանդացության թվերը նվազեցին փակ ռեժիմի, խիստ լինելու արդյունքում։ Եթե ավելի խիստ լինեին, այսքան հիվանդների թիվ չէինք ունենա։ 

Ավելի լավ է մի քիչ երկար պահել այս վիճակը, բայց վաղն ունենալ ավելի լավ վիճակ, քան ընկնել ամեն ինչ արագ բացելու, սահմանափակումները թուլացնելու հետևից և ունենալ հիվանդացության երկրորդ ալիք։ 

Իսկ երկրորդ ալիքը հաստատ կկոտրի մեր երկրի թե՛ տնտեսության, թե առողջապահության և ժողովրդի մեջքը»,- «Մեդիալաբին» ասում է Կարեն Տոնոյանը։

Թեև կորոնավիրուսով հիվանդացության տեմպերը նվազում են, սակայն օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս մեկ ամսով։

«Չնայած որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ անգամ երկարաձգել, բայց նաև էական փոփոխություններ կլինեն արտակարգ դրության ռեժիմով սահմանված որոշակի արգելքների հետ կապված։ 

Մասնավորապես, վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումներ, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառման հարցերը»,- ասել է Ավինյանը։

Այս որոշումը դժգոհություններ է առաջացրել որոշ շրջանակների մոտ։ Բայց Կառավարությունն արտակարգ դրության երկարաձգումը հիմնավորում է նրանով, որ հիվանդացությունը դարձյալ կարող է աճել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 6-ին Կառավարության նիստում ասել է, որ կորոնավիրուսով հիվանդացության վիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է, բայց ամենօրյա դեպքերի հայտնաբերման բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ։ 

Կառավարությունը փոխում է մարտավարությունը, այսուհետ առողջապահության նախարարությունն իր նախաձեռնությամբ որոշակի ռիսկային խմբերում թեստավորում է անցկացնելու՝ համավարակի տեմպերն ավելի նվազեցնելու նպատակով։ 

Բայց թեստավորման թիվը չեն նվազեցնելու, առողջապահության նախարարի խոսքով՝ փորձելու են թեստավորման թվերը պահել օրական 1500-2000-ի սահմաններում։

Նախարարության վերլուծության համաձայն՝ եթե համավարակի պիկ օրերին օրական գրանցվող նոր դրական դեպքերը կազմում էին օրական թեստավորվածների 25-30 տոկոսը, ապա վերջին շրջանում այդ ցուցանիշը նվազել է՝ տատանվելով 15 տոկոսի շրջանակներում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ նպատակ կա այդ ցուցանիշը դարձյալ նվազեցնել՝ հասցնելով գոնե 10 տոկոսի։

Բժիշկ Կարեն Տոնոյանի խոսքով՝ հիվանդացության անկման փուլն է Հայաստանում։ 

«Եվրոպացի բժիշկները, որ եկել էին մեր բժշկական կենտրոն, ասացին, որ ինչ արագությամբ աճել է հիվանդությունը, մոտ երեք անգամ դանդաղ իջնելու է։ Եվ այդպես էլ եղավ, շատ երկար պլատո էր։ Հիմա արդեն որոշ չափով կոտրվել է սառույցը։ Ճիշտ է, դեռևս ծայրահեղ ծանր ու ծանր հիվանդներ լինում են, բայց նրանց թիվը ևս նվազել է»,- ասում է մասնագետը։

Նրա խոսքով, սակայն, վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը դեռ շարունակում բարձր լինել։ 

«Բայց բաժանմունքներն են ավելի թեթևացել, միանգամից 10 հիվանդ չի գալիս, գալիս են ավելի դանդաղ»,- հավելում է Տոնոյանը։

Կան կանխատեսումներ, որ աշնանը դարձյալ հիվանդացությունը կարող է բարձրանալ։ Կարեն Տոնոյանն ասում է. 

«Մենք էլ ենք այդպես կարծում, բայց հուսանք, որ չի լինի»։

Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է զսպի իրեն, ավելի զգույշ լինի, քիչ շփվի, և երկրորդ ալիք չենք ունենա։ Ըստ մասնագետի՝ քանի դեռ աշխարհում ու Հայաստանում կա համավարակի վերադարձի վտանգը, քանի դեռ հիվանդացությունը չի մարել,ավելի լավ է արտակարգ դրությունը պահպանել։

Անդրադառնալով բացօթյա տարածքներում դիմակ կրելու դեմ դժգոհություններին՝ Կարեն Տոնոյանն ասում է. 

«Եթե մեր ժողովրդի գիտակցությանը հասնի, որ պետք է իրարից հեռու լինել, բարևելիս չհամբուրվել, չգրկախառնվել, եթե հասնենք այդ գիտակցությանը, այո՛, կարող ենք դիմակների հարցում ավելի ազատություն տալ։ Բայց ես վստահ եմ, որ չկա նման բան, էլի նույնն է լինելու, ավելի վատ է լինելու»։

Տոնոյանի խոսքով՝ դիմակների կրումը օգնում է հիվանդության տեմպերի նվազման հարցում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտության հիման վրա տեսանյութ է հրապարակվել, որն ապացուցում է, որ դիմակ կրելը օգուտ տալիս է։ 

Բժիշկը հիշեցնում է, որ կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատող բուժաշխատողները Հայաստանում, պարետի որոշմամբ՝ մասնագիտական դիմակ են կրում, ինչը ավելի բարդ է։ 

«Սովորական կամ ինքնաշեն դիմակ կրելը շատ հեշտ է, գիտե՞ք ինչ դժվար է կրել բժիշկների դիմակները։ Մենք այդ ամենին զոհ ենք գնում, պետք է մի քիչ էլ ժողովուրդն իրեն նեղություն տա, դիմանա»,- նշում է Կարեն Տոնոյանը։

Մասնագետը նաև կարծում է, որ կոլեկտիվ իմունիտետ ձևավորվել է Հայաստանում, որը օգնելու է խուսափել երկրորդ ալիքից։ Բայց հիվանդացության նվազումը տեղի է ունեցել հակահամաճարակային կանոնների պահպանման շնորհիվ։

«Օրինակ՝ ես ու կինս աաշխատում ենք հիվանդանոցում, ապրում նույն տան մեջ, բայց երկուսս էլ մեքենայի մեջ կրում ենք դիմակներ, որովհետև այդպես է որոշել մեր ղեկավարությունը։ Պետք է ենթարկվել օրենքին։ 

Իմ բարեկամները զանգել էին ԱՄՆ-ից, ասում էին՝ մեզ մոտ դիմակ չկրելու դեպքում առաջին անգամ 400 դոլար տուգանք է սահմանվում, երկրորդ անգամ՝ 1400 դոլար, երրորդ անգամ՝ 2000 դոլար։ 

Պատկերացնո՞ւմ եք՝ մեզ մոտ 2000 դոլար տուգանեն, ի՛նչ կլինի։ Պետք է անպայման գրպանների՞ն կպնել։ Եթե դիմակ չկրելու պատճառով մարդիկ իրենց հարազատներին են կորցնում, դա ավելի՞ ճիշտ է, քան դիմակ կրելը»,- ասում է Կարեն Տոնոյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am