Կորոնավիրուսով պայմանավորված՝ պատրաստ ենք հետևելու իշխանության ցանկացած որոշման․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, որը ընտրությունների արդյունքներով անցել է երկրորդ փուլ, հայտարարությամբ է հանդես եկել․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրիդ՝ մարտի 31-ին քաղաքացիական բարձր գիտակցություն ցուցաբերելու եւ ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Մենք մեր ամուր կամքի եւ վճռականության շնորհիվ մեկ անգամ եւս ապացուցեցինք ողջ քաղաքակիրթ աշխարհին, որ Արցախի ինքնիշխան Հանրապետությունը միջազգային հարթակներում պետք է ստանձնի իր ուրույն տեղն ու դերը:

Սիրելի՛ հայրենակիցներ

Ձեր վստահության քվեի շնորհիվ «Ազատ հայրենք -ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը Խորհրդարանում կունենա ամենամեծ խմբակցությունը՝ 16 պատգամավորական մանդատով: Կրկին հայտնելով երախտագիտությունս՝ հավաստիացնում եմ, որ, շնորհիվ ձեր մեծ աջակցության, մեր քաղաքական թիմը պատրաստ է կյանքի կոչելու այն բոլոր ծրագրերը, որոնք ձեր դատին ենք ներկայացրել նախընտրական շրջանում:

Ես ողջունում եմ նաեւ խորհրդարանական մեր ապագա բոլոր գործընկերներին, որոնց հետ շուտով պետք է ակտիվ եւ արդյունավետ աշխատանքներ ծավալենք: Բազմակուսակցական խորհրդարանի գործունեությունը մեր իրականության մեջ, համոզված եմ, նոր որակ է հաղորդելու օրենսդրական աշխատանքին:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների արդյունքներին՝ հարկ եմ համարում նշել, որ դրանք մեկ անգամ եւս փաստեցին այն, որ Արցախում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն: Բոլորս համոզվեցինք, որ յուրաքանչյուրիս քվեն ոչ միայն կարեւոր է, այլեւ որոշիչ:

Մարտի 31-ին արձանագրեցինք Արցախի քաղաքացու հաղթանակը. մեր երկրում կայացան ազատ, արդար եւ մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս ձեռքբերումն է: Սահմանադրական ճանապարհով իշխանություն ձեւավորելու հաջորդ հանգրվանն ընտրությունների երկրորդ փուլն է, եւ մենք միասնաբար ու ավելի ամուր ճակատով, կդիմագրավենք բոլոր այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր միասնական հայրենքի ու ժողովրդի առաջ:

Եվս մեկ հարց, որին հարկ եմ համարում անդրադառնալ, վերաբերում է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգին: Համաշխարհային այս համաճարակը ողջ մարդկությանը նետված մարահրավեր է: Խնդրում եմ ձեզ խստորեն պահպանել առողջապահության նախարարության ցուցումները: Ի դեպ, իրավիճակով պայմանավորված՝ պատրաստ ենք հետեւելու իշխանության ցանկացած որոշման:

Կեցցե՛ Արցախի հերոսական Հանրապետությունը:

Կեցցե՛ Մայր Հայրենիքը:

Կեցցե՛ հայ ժողովուրդը, որի կենսական եւ հզոր ներուժն առավելագույնս կծառայեցվի ի շահ եւ ի բարօրություն հայոց աշխարհի: