Ժոնաթան Լաքոթի և Լին Թրեյսիի ուղերձները,Թուրքիայի` ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ առաջարկվող 6-ի կամ 5-ի ձևաչափի ուղիղ մերժումն էին, որը ձեռնտու էր նաև Ադրբեջանին.քաղագետ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իրար հաջորդելով ՀՀ-ում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններ Ժոնաթան Լաքոթը և Լին Թրեյսին խոսեցին այն մասին, որ միայն Մինսկի խումբն ունի ԼՂ կարգավիճակի հարցը քննարկելու մանդատ (Լաքոթ) և, որ 30 տարվա իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել.

ԼՂ կարգավիճակը մնում է Մինսկի խմբի օրակարգում (Թրեյսի)։Այս ուղերձները, ըստ էության, Թուրքիայի` ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ առաջարկվող 6-ի կամ 5-ի ձևաչափի ուղիղ մերժումն էին, որը ձեռնտու էր նաև Ադրբեջանին։ Մինսկի խմբի մասին հիշատակումները նաև ուղղված էին Ռուսաստանին, որը, լինելով համանախագահ, պատերազմի ընթացքում անտեսում էր այդ ձևաչափը` ավելի շատ խոսելով Թուրքիայի, այլ ոչ թե խնդրի կարգավորման միջազգային մանդատակիր երկրների հետ։

Դրանով ԱՄՆ-ը և Ֆրանսիան ցույց տվեցին, որ Թուրքիան և/կամ Ռուսաստանը միայնակ չեն կարող այս հարցում օրակարգ թելադրել, ինչը նշանակում է, որ որքան էլ նրանք ցանկանում են Արևմուտքին հեռացնել արցախյան խնդրի կարգավորումից, դա ուղղակի չի ստացվելու։

Դեսպանները միևնույն ժամանակ խոսեցին նաև ռազմագերիների վերադարձի անհրաժեշտության մասին, ինչը նշանակում է, որ առանց այդ կետի կատարման Արևմուտքը գործընթացի որևէ կերպ զարգացմանը հավանություն չի տալու։

Ուշագրավ էր նաև Ֆրանսիայի դեսպանի անդրադարձն ադրբեջանական ուժերի` Հայաստանի տարածք ներխուժելու հանգամանքին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակին։ Սա ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագծի և խաղաղազուրկ միտումների մասին ահազանգ էր։

Խոշոր հաշվով` այս ուղերձները ոչ թե առաջնահերթորեն ուղղված էին ադրբեջանական, թուրքական, նաև ռուսական կողմերին, այլ հենց հայկական կողմին, որին տրվում է մանևրելու հնարավորություն, ինչը մեզ համար բացում է աշխատանքի հսկայական դաշտ։ Այդ աշխատանքը պետք է ուղղված լինի շահերի հավասարակշռմանը։ Դա է կայունության հասնելու միակ նախադրյալն այս բարդագույն իրավիճակում»։