Երկրաշարժից 119 ժամ անց Թուրքիայում 16-ամյա տղան ողջ է դուրս բերվել փլատակներից

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում երկրաշարժից 119 ժամ անց փլուզված շենքի փլատակներից 16-ամյա տղա է դուրս բերվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CNN Turk-ը՝ նշելով, որ փլատակից դուրս բերված Քամիլ Ջանը նորմալ վիճակում է եղել։

Փրկարարները հայտնել են, որ լսել են տղայի ձայնը և աշխատանքներն իրականացրել են այդ ուղղությամբ։ Տղան դուրս գալուց անմիջապես հետո հետաքրքրվել է, թե այսօր ամսի քանիսն է։

Քամիլ Ջանը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետագա հետազոտությունների համար։ 

Նշվում է, որ նրա որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել թուրք, ռուս և ղրղզ փրկարարներ։