«Մենք կառավարման լուրջ կրիզիս ունենք, պետք է լինեն մարդիկ, ովքեր կկարողանան հանել էշը ցեխից»․ Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

Պարո՛ն Բաղդասարյան, Մաշտոցի պուրակում դարձյալ կառուցապատում է իրականացվում։ Երևանի իշխանությունները թեև կասեցրել են շինարարությունը, սակայն օրենսդրական խնդիրներն են որպես պատճառաբանություն ներկայացնում։ Դուք նախկինում Մաշտոցի պուրակում պայքարողների թվում էիք, ինչո՞ւ է այսօր դարձյալ նույն խնդիրը։

– Այստեղ խնդիրը, ինչպես միշտ, ինստիտուցիոնալ է։ Խնդիրն այն է, որ, այո՛, ժառանգությունը շատ վատն է։ Ես ունեմ ծանոթներ, ասում են՝ որտեղ ոտքդ դնում ես, մի վեց փաստաթուղթ են ներկայացնում։ Բայց ես հարցադրում եմ անում՝ երկու տարի ինչի՞ մասին էին մտածում իշխանությունները՝ թե՛ քաղաքային, թե՛ ընդհանուր։ 

Եթե մենք այդ աստիճանի ուզում ենք օրինականությունը պահպանել, իսկ ես անօրինականություններին այնքան էլ կողմ չեմ, բայց որոշ քայլեր, որոնք արվեցին այս երկու տարիներին՝ թե պառլամենտի կողմից, թե այլ քայլեր, ես չեմ կարծում, թե դրանք 120 տոկոսով օրինական էին։ 

Առնվազն վիճելի ու խնդրահարույց էին։ Ուրեմն հնարավոր է գնալ այդ ճանապարհով՝ հաշվի առնելով հեղափոխական վիճակը կամ անցումային արդարադատության ինչ-որ տարրեր կիրառել։

Պետք է որոշում կայացնել, որ հանրային սեփականությունը, որը երբևիցե օտարվել է, համարվի անօրինական։ Եվ վե՛րջ։ 

Այսինքն՝ զբոսայգին, որտեղ ես իմ երեխայի հետ պետք է զբոսնեմ, չի կարող ինչ-որ մեկը կառուցապատել։ Ես այսօր հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ, որ Մաշտոցի պուրակում մարդիկ կարողանում են զբոսնել։ 

Մենք նախկինում դրա համար էինք գնացել Մաշտոցի պուրակ։ Հենց պրոցեսն սկսեց քաղաքականացվել, ես անհետացա այնտեղից, որովհետև իմ պայքարը քաղաքական չէր։ 

Այսօր հետևյալ իրավիճակն է՝ կամ մենք պետք է կամային որոշում կայացնենք, կամ էլ կապիկությամբ ենք զբաղվելու և սկսելու ենք այսպես ժամերով մտնել ուղիղ եթեր ու ապացուցել, թե «գիտե՞ք ինչ, եթե քարը ջուրը չընկներ, չէր թրջվի»։ Մենք գիտենք, որ եթե քարը ջուրն ընկավ, թրջվելու է, հիմա մեզ պետք է այդ քարը ջրից հանել ու չորացնել։

– Քաղաքական կամքի՞ խնդիր է։

– Այո՛, ընդամենը քաղաքական կամքի խնդիր է, ես չեմ ուզում մտածել, որ կոռուպցիոն ինչ-որ մեխանիզմներ են։

– Իսկ միգուցե կամքը կա, բայց թավի՞շն է շատ, ինչպես դուք էիք նախկինում ասում։ Պե՞տք է ավելի խիստ լինել։

– Ես կարծում եմ՝ խնդիրը կադրային քաղաքականությունն է, մենք հիմա կառավարման լուրջ կրիզիս ունենք։ Եվ այդ վիճակը կադրերի պատճառով է։ Վատը դա չէ, այն է, որ իշխանավորները՝ ի դեմս վարչապետի, ընդունակ չեն սեփական սխալներն ընդունելու։ 

Իսկ դա ինձ համար ամենամտահոգիչ բանն է։ 

Եթե մարդը չի կարողանում սխալներն ընդունել, այս դեպքում՝ պաշտոնից հանել մարդկանց, որոնք իր հետ Գյումրիից քայլել են, այս իրավիճակն է, այս վիճակն է լինում։ Երկիր ես ղեկավարում, և ո՛չ ես, ո՛չ իմ ընտանիքը ձեզ համար փորձադաշտ չենք։ 

Այսօր կանգնած ենք խայտառակ կրիզիսի առաջ, մարդիկ չգիտեն՝ ոնց իրենց ընտանիքները պահեն, և մենք պատրաստ չենք վճարել իրենց ուսման վարձը։ Չպետք է մեզ վրա փորձարկում անելով մենեջմենթ սովորեն։

Նույն խնդիրը կարծես տարբեր ոլորտներում է, նաև՝ դատական։ 

Եթե մեկ ոլորտում տեսնում եք խնդիր, դա կարող եք պրոյեկտել մյուս ոլորտներում։ Իրականում մենք ունենք մեկ կայացած ոլորտ՝ մեր բանակը։ Եվ ամբողջ 25-30 տարվա մեջ ուրիշ կայացած ինստիտուտ չունենք։ 

Մասամբ բանկային համակարգն է կայացած, որոշ ժամանակ առաջ՝ հեռահաղորդակցության ոլորտը։ Մյուս ոլորտները ինչպես կային կոլապսի մեջ, այսօր էլ շարունակում են մնալ։ 

Ավելին, այսօր բյուրոկրատական կոլապս է։ Արդեն մտածում ես՝ ավելի լավ է կաշառք վերցնի, բայց որոշում կայացնի։ Ասում են՝ կաշառք չի վերցնում, այո՛, չի վերցնում, բայց որոշում էլ չի կայացնում, որովհետև վախենում է պատասխանատվությունից։ 

Ոլորտները կոլապսի մեջ են բյուրոկրատական առումով, որովհետև այս չինովնիկները վախից, որ հանկարծ չմտածեն՝ կաշառք են վերցրել, այսպես ազնիվ ու անճար, անպիտան նստած են։ Եվ մարդն սկսում է մտածել՝ ես կորցրեցի 20 հազար դրամ՝ այս մարդու չանելու համար, եթե ես 1000 դրամ կաշառք տայի, այդ 19 հազարը չէի կորցնի։ 

Ես երբեք կաշառք չեմ տվել, բայց մարդն այսօր ուրիշ ընտրություն չունի՝ կամ կաշառակերներ, կամ բյուրոկրատներ, որոնք սեփական ստվերից են վախենում։ Ես դա չեմ ուզում, ես ուրիշ բան եմ ուզում ընտրել։ Ահա թե խնդիրը որն է՝ վախենում են որոշում կայացնելուց։

– Սա ինչպե՞ս կազդի մարդկանց տրամադրությունների վրա։

– Արդեն ազդում է, սարսափելի է ազդում։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական առումով մի այնպիսի միջավայրում, որ յուրաքանչյուր սխալը մեզ համար ազգային աղետ կարող է դառնալ։ Մենք իրավունք չունենք սխալվելու, դրա համար լուրջ մենեջմենթ է պետք։ 

Պետք է յուրաքանչյուր ոլորտում լինեն մարդիկ, ովքեր կկարողանան էշը ցեխից հանել։ Իսկ էշի միայն քթանցքներն են մնացել դրսում, ամբողջ մարմինը ցեխի մեջ է։ Ազգային մտածողություն է պետք այստեղ, այսպես չի կարելի շարունակել։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am