Էրդողանն Անդրկովկասից դուրս է մղում ՌԴ-ին․ թուրք սուլթանը մեկնում է Ղարաբաղ՝ նոր կալվածքները տեսնելու.Factor

Factor.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Լեռնային Ղարաբաղ։

Այս մասին նա հայտարարել է Անկարայում «Արդարություն ու զարգացում» իշխող կուսակցության նիստին։ Նա բանակցություններ կանցկացնի Իլհամ Ալիևի հետ Շուշի քաղաքում։

Հանդիպումը կկայան հունիսի 15-ին, գրում է «Свободная пресса»-ն։

«Բրյուսելում ծրագրի ավարտից հետո կմեկնեմ Բաքու՝ նախագահ Իլհամ Ալիևին հյուրընկալվելու։ Այնտեղից մենք կմեկնենք Շուշի՝ օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի քաղաքներից մեկը։ Այնտեղ մի շարք միջոցառումներ ու հանդիպումներ կանցկացնենք»,- հայտնել է Էրդողանը։

Հոդվածագիրը հարցադրում է անում՝ արդյո՞ք սա կնպաստի հակամարտության կարգավորմանը, և նշում՝ հազիվ թե։ «Երևանում այս այցը հաստատ սուր քննադատության կենթարկեն։

Եվ արդյո՞ք Մոսկվային պետք է, որ Էրդողանն այնտեղ երևա։ Նկատենք, որ վերջին շրջանում Անկարայի ներկայությունն Ադրբեջանում կտրուկ աճել է: Հատկապես ռազմական ոլորտում:

2021-ին թուրքական ռազմական արտահանումներն Ադրբեջան աճել են 850,4%-ով՝ 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ:

Բացի այդ, ստորագրվել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագրեր, որոնք ենթադրում են համատեղ ռազմական հետազոտություններ երկու երկրների տարածքներում, որոնց համաձայն՝ թուրքական պաշտպանական գերատեսչությունները կարող են իրենց գործունեությունը ծավալել Ադրբեջանի տարածքում ու նոր արտադրություն հիմնել հանրապետության տարածքում։

Բացի այդ՝ ադրբեջանցի սպաները ուսանում են թուրքական բուհերում և դուրս են մղում խորհրդային կրթություն ու մտածողություն ունեցող մարդկանց։ Երկու երկրները նաև պարբերաբար համատեղ վարժանքներ են անցկացնում։

 Վերջերս Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ երեք հանքավայրեր կփոխանցվեն թուրքական ընկերությունների շահագործմանը: Իսկ նավթի վաճառքից ստացված հասույթը վաղուց է ուղղված Թուրքիային:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա հունվարին Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ Թուրքիան անհրաժեշտ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղում կայունությունը պահպանելու համար:

Ի՞նչ ներդրման մասին է նա խոսել․ հասկանալի է, որ Թուրքիային անհրաժեշտ է Նախիջևանով և հայկական Սյունիքով անցնող միջանցք՝ Ադրբեջանի մյուս մասի հետ կապվելու և դեպի Կասպից ծով ելք ստանալու համար: Բայց արդյո՞ք Ռուսաստանին դա պետք է, դա արդեն մեծ հարց է»,- գրում է պարբերականը։

«Ինչպես տեսնում ենք՝ Էրդողանն ու Ալիևն այժմ կլինեն Շուշիում՝ «ընտանեկան ուղևորությամբ»։ Սրանով իսկ ընդգծվում են առանձնահատուկ, պրակտիկորեն սերտ բարեկամական հարաբերությունները հայտնի «երկու պետություն՝ մեկ ժողովուրդ» սկզբունքով։

Ավագ օսման եղբայրը հյուր է գնում կրտսեր ադրբեջանցուն։ Ընդ որում, այս մոդելը տարածվում է բոլոր թուրքերի վրա՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք ապրում։ Պատահական չէ, որ Տաջիկստանի հետ վերջին սրացման ժամանակ թուրքերն անհապաղ ղրղզներին առաջարկեցին անօդաչու թռչող սարքերի՝ «Բայրաքթարների» մատակարարում:

Մեկ այլ կարևոր կետ. Էրդողանը կմեկնի Ղարաբաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո, որտեղ կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: Զգացողություն կա, որ Վաշինգտոնը ցանկանում է վերագործարկել հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ:

 Իզուր չէ, որ օրերս Ադրբեջան այցելած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը նրան անվանել է «կարևորագույն ռազմավարական գործընկեր», իսկ Թուրքիային՝ «մերձավոր դաշնակից»։

Չի բացառվում, որ այստեղ հող կնախապատրաստվի՝ Ռուսաստանին հետխորհրդային տարածքից դուրս մղելու համար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում