Կառավարությունը որոշել է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները, հյուրանոցի ներսում առկա շարժական գույքն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ:
2019 թ. նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 ՀՀ դրամ (որից՝ շենք-շինությունների գնահատված արժեքը՝ 7 մլրդ 204 մլն 568 հազար 800 ՀՀ դրամ, շարժական գույքի արժեքը 321 մլն 889 հազար ՀՀ դրամ), իսկ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմել է 62 մլն 431 հազար 200 ՀՀ դրամ։
Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ: Որոշմամբ սահմանվել է նաև, որ գնորդը պետք է վճարի նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը՝ 4 մլն 944 հազար 600 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
Տիգրան Ավինյանը նշել է, որ աճուրդը, հավանաբար, կլինի դեկտեմբերի 19-ին և կոչ արել այս հարցում հետաքրքված բոլոր գործարարներին մասնակցել աճուրդին: