Կազմավորվող պարեկային ծառայության դիմորդները ֆիզիկական պատրաստականության ստուգումներ են անցնում. Տեսանյութ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել նոր ձևավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիների ստուգման երկրորդ փուլը: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Մինչ ոստիկանության կրթահամալիրում հնգամսյա տևողությամբ ուսուցման ծրագրին մասնակցելը, անհրաժեշտ է ստուգել դիմորդների ֆիզիկական տվյալները: Կարևորվում է ուժը, արագությունն ու դիմացկունությունը: Այդ որակները ստուգվում են երեք մարզական վարժություններով՝ ձգում պտտաձողին, կանայք և աղջիկները ձգումների փոխարեն ուժային համալիր վարժություններ են կատարում, նաև 100 և 1000 մետր վազք:

«Այս պահին ոստիկանության կրթահամալիրում ընթանում է նոր ձևավորվող պարեկային ծառայության համար, պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության ստուգումների երկրորդ փուլը, այն է` ֆիզիկական պատրաստականության ստուգում: Դրան նախորդել է առաջին փուլը` համակարգչային թեստավորումը, որով ստուգվում էր դիմորդների մասնագիտական պիտանելիությունը ոստիկանությունում աշխատելու համար: Իսկ այս փուլին հաջորդելու է հարցազրույցը՝ հոգեբանի ներգրավմամբ»,-ստուգման գործընթացը մեկնաբանեց ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ Միսակ Մարկոսյանը:

Ընդունելության մասնակիցները ստուգման այս փուլում, սահմանված ժամանակում, պետք է հաղթահարեին 1000 մետրը: