«Արցախը ո՛չ հեղափոխական և ո՛չ էլ հակահեղափոխական կենտրոն է Հայաստանի հանրապետության համար». Դավիթ Բաբայանն` Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

– Պարո՛ն Բաբայան, Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Արցախից, անդրադարձել է հարցին, որ Արցախը փորձում են դարձնել հակահեղափոխության օջախ. «Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»։ Ի վերջո, ի՞նչ է տեղի ունենում։

– Խնդիրն այն է, որ Արցախը ո՛չ հեղափոխական և ո՛չ էլ հակահեղափոխական կենտրոն է Հայաստանի Հանրապետության համար։ Մենք մեկ հայրենիք ենք, բայց երկու պետական կառույց ենք։ Հետևաբար, յուրաքանչյուր պետական կառույց ունի իր քաղաքական համակարգը և իր քաղաքական համակարգում գործող ուժերը։ Արցախի ո՛չ ժողովուրդը և ո՛չ էլ իշխանությունը նպատակ չունեն միջամտելու Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։

Նույն տեսլականը, համոզված եմ, ունեն Հայաստանի Հանրապետությունը և պաշտոնական Երևանը։ Հետևաբար, միգուցե սա է, որ որևէ ձևով անընդունելի է նաև Արցախի համար որևէ միջամտություն, առավել ևս՝ իրավիճակի ապակայունացում Հայաստանի Հանրապետությունում։ Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է նշանակում ամուր հասարակություն, գիտենք, որ եթե խարխլվի մեր միասնականությունը, խարխլվի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, սա միմիայն օգուտ է լինելու մեր հակառակորդին, սա կարող է բերել վատ հետևանքների։

– Ինչպիսի՞ հետևանք այն կարող է ունենալ։

– Օրինակ՝ պատկերացնենք ինչ-որ միջամտություն է տեղի ունենում։ Սա շատ վատ է ընկալվելու հասարակությունների կողմից։ Ղարաբաղցի-հայաստանցի սրումը, որն ընդհանրապես մեզ պետք չէ, մեր միասնականությունը կխարխլի, Արցախը ինչո՞ւ պետք է միջամտի Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Կան ընտրություններ, իշխանությունը հինգ տարին մեկ փոխելու իրավիճակ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է որոշեն։

Արցախի դեպքում մի փոքր բարդ է, քանի որ եթե այստեղ լինի միջամտություն, Ադրբեջանը պետք է ասի՝ դուք պետություն այդպես էլ չեք դարձել, դրսից են փոխում ձեր իշխանությունը։ Սա մեզ պե՞տք է… իհարկե ո՛չ։ Սա հարված է լինելու և՛ Հայաստանի պետականությանը, եթե Արցախը միջամտի, և՛ հակառակը՝ եթե Հայաստանը միջամտի, Արցախի պետականությանը և վարկանիշին հարված է լինելու։

Այսինքն՝ ժողովուրդը պետք է որոշի։ Մեզ սպասում են ընտրություններ, մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել մինչև ընտրությունը։ Առանց այն էլ իշխանափոխություն է լինելու, խնդիրն ինչում է, ինչու շուտ պիտի ինչ-որ բան լինի, եթե մենք կարող ենք քաղաքակիրթ ձևով մեր ընտրությունը կատարել։ Վերջ, գնում է այս իշխանությունը, ո՞ւմ համար չէ պարզ։

– Այսինքն՝ Դուք Փաշինյանի խոսքում այդպիսի վտա՞նգ տեսաք։

– Չէ՛, ես չտեսա այդպիսի վտանգ։ Պարզապես ասում եմ, որ այն ուժերը, որոնք փորձում են այդպիսի իրավիճակ ստեղծել, պետք է մտածեն այդ զարգացումների մասին, թե ինչ կարող է լինել։ Իսկ իր խոսքում այդպիսի բան չի եղել, ինքը չի ասել, որ միջամտելու է։

– Վիտալի Բալասանյանը, որ Արցախում առանցքային պաշտոն է զբաղեցնում, ՀՀ իշխանություններին քննադատում է, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը մերժեցին։ Վլադիմիր Կարապետյանն էլ արձագանքել է, որ նման կարգի պաշտոնյան պետք է զսպվածություն պահպանի։ «Եթե չեմ սխալվում վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել»,- ասել է Վլադիմիր Կարապետյանը։ Այս հեռակա բանավեճն ինչի՞ կհանգեցնի։

– Կարծում եմ՝ այս հարցը պետք է փակվի։ Նախևառաջ, դա եղել է այդ երկու անհատների անձնական նախաձեռնությունը։ Մեկը՝ պաշտոնաթող նախագահ է, մյուսը գործող նախագահն է, որը տվյալ դեպքում հանդես չի գալիս որպես նախագահ, այլ հանդես է գալիս որպես քաղաքացի։ Սա երկու հոգու անձնական խնդրանք-դիմումն է եղել։ Պատասխանը ստացել են, կարծում եմ, վերջ, պետք է փակել այս խնդիրը և՛ այստեղից, և՛ այդտեղից։

– Արցախի իշխանությունները այս օրերին ջերմորեն ընդունում են Հայաստանի ներկա և նախկին իշխանություններին։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

– Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ե՛վ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, առավել ևս Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին Արցախը միավորող գաղափար է, անթույլատրելի է Արցախը դարձնել թիրախ, օգտագործել ինչ-որ խաղերի մեջ, որովհետև սրանից միայն տուժում է Արցախը։ Արցախը սրբություն է, և՛ մայր Հայաստանի և՛ սփյուռքի համար Արցախը գաղափար է, դա միասնականության խորհրդանիշ է։

Մենք պետք է այսպես շարունակենք, այլ տարբերակ չկա։ Դա ՀՀ ներքին քաղաքական խոհանոցն է, եղել է ժողովրդի կամարտահայտություն, եղել է իշխանափոխություն, հինգ տարի հետո ժողովուրդն էլի կընտրի իր Ազգային ժողովը, իր վարչապետին և այլն։ Սրանք գործընթացներ են, որոնք բնորոշ են ՀՀ քաղաքական համակարգին և ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ով է իրենց առաջնորդելու, ով է լինելու ՀՀ ղեկավարը, որ ուժերն են լինելու խորհրդարանում և այլն։

Նույնը Արցախի պարագայում է։ Եվ երբ մենք դառնանք միասնական երկիր, որը բոլորիս երազանքն է, այն ժամանակ միասնական համակարգ կլինի, այն ժամանակ քաղաքական ուժերի մեկ ընդհանուր դաշտ կլինի և՛ այստեղ, և՛ այնտեղ։ Արցախը միասնականության գաղափար է։ Մենք շնորհավորում ենք մայիսի 9-ի Եռատոնին ՀՀ բոլոր գործող և նախկին ղեկավարներին՝ սկսած առաջին նախագահից, և իհարկե սա ճիշտ է, որովհետև մենք միավորող ենք, մենք չենք կարող սելեկտիվ մոտենալ, ինչ-որ անձերի նախասիրություններ հաշվի առնել։

Բոլորին կոչ եմ անում՝ մի՛ դարձրեք Արցախը թիրախ, սա վատ է անդրադառնում Արցախի իմիջի վրա։ Արցախը ամենալավ գաղափարների խորհրդանիշ պետք է լինի։ Ե՛վ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունները պարտավոր են մեկը մյուսի հետ լավ լինել։ Սա մեր պետության համար կենսական անհրաժեշտություն է։

Մանե Հարությունյան

MediaLab.am