Գյումրիից Մոսկվա ուղևորվող, տագնապի ազդանշան տված ուղևորատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մախաչկալայի պահուստային օդանավակայանում։ Այս մասին հայտնել է «Պոբեդա» ավիաընկերությունը։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ DP-856 չվերթը, որը կատարում էր Գյումրի–Մոսկվա երթուղին, անվտանգ վայրէջք է իրականացրել Մախաչկալայի օդանավակայանում։
Նշվում է, որ մասնագետները ներկայում գնահատում են օդանավի տեխնիկական վիճակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Flightradar ծառայության տվյալների համաձայն՝ Boeing տեսակի ինքնաթիռը Գյումրիից օդ էր բարձրացել Մոսկվայի ժամանակով 11:24-ին։ Մոտ մեկ ժամ անց՝ Դաղստանի վրայով թռիչքի ընթացքում, այն փոխանցել էր «general emergency» ազդանշան և իջել մոտ 3000 մետր բարձրության վրա։ Ավելի ուշ ինքնաթիռը վերաուղղվել էր դեպի Մախաչկալայի օդանավակայան։ Նախատեսվում էր, որ այն Մոսկվա պետք է ժամաներ ժամը 15:25-ին (Մոսկվայի ժամանակով)։



















