Քանի մոտենում են Արցախի նախագահական ընտրությունները, այդքան իրավիճակը թեժանում է: Կարծես նախանշվում են հիմնական թեկնածուները, որոնց միջև ընթանալու է այդ բուռն պայքարը:
Իր առաջադրման, իրավական խնդիրների ու խոչընդոտների մասին երիցս հայտարարել է Սամվել Բաբայանը: Նախագահ դառնալու անթաքույց ցանկություն ունի նաև Վիտալի Բալասանյանը: Պայքարին կարող է միանալ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը մինչ այս պահն ամենազուսպն է հավակնորդներից:
Հասկանալի է, որ ցանկացած ընտրություն, իր հետ բերում է թեժ կրքեր: Հասկանալի է, որ պաշտոնի ու փառքի ձգտումը դառնում է մարդկային վատթարագույն արատներից մեկը, եթե ճանապարհից սրբում ես ամեն ինչ:
Այն ինչ մենք տեսնում ենք վերջին օրերին, դուրս է ամեն տեսակ երևակայությունից ու ընկալումներից, որոնք մենք ունեցել ենք: Վերջին 30 տարիներին, Արցախը և Արցախի հետ առնչվող ամեն ինչ սրբազնացվել է: Անկախ այն բանից, թե ով է եղել Հայաստանի ղեկավարը, նա աշխատել է մեկ հիմնականում ուղղությամբ՝ Արցախը չդարձնել սկանդալների կենտրոն: Որոշ դեպքերում չենք հաջողել: Պատերազմն ունի իր կանոնները և այդ կանոններից կարևորագույնը ներքին երկպառակչություններից խուսափելն է:
Սակայն երկու թեկնածուները, պատերազմի արյունով անցած զորահրամանատարները, կարծես այս վերջինը դրել են մի կողմ: Քաղաքական դիվիդենտներ շահելու համար, նրանք փոխադարձաբար մեղադրում են միմյանց այնպիսի սպանությունների մեջ, որոնց նկատմամբ մեր հանրության վերաբերմունքը շարունակում է ու դեռ կշարունակի մնալ հուզական:
Նախագահի աթոռ տանող ճանապարհը, կարծես նրանց մոռացնել է տալիս առաջնայինը: Կենտրոնում հայտնվում է Մոնթեն, Արթուր Մկրտչյանը և այլ փառապանծ այրեր: Դիվիդենտներ շահելու այդ մոլուցքը կարծես վերածվել է ավելի շատ կեղտոտ գործելաոճի, քան քաղաքական պայքարի:
Այս պարագայում, անհասկանալի է նաև իրավապահ մարմինների արձագանքը: Ավելի շուտ, այդ արձագանքի բացակայությունը: Երկու հայտնի զորահրամանատարներ մեղադրում են միմյանց բազմաթիվ ասեկոսների ու դավադրությունների տեղիք տված սպանություններից տեղյակ լինելու կամ մեղսակցության մեջ:
Հետաքրքիր է, նրանցից որևէ մեկը, Արցախի կամ Հայաստանի իրավապահների կողմից հրավեր ստացե՞լ է: Փորձե՞լ են բացատրություն պահանջել, թե ինչ է ընկած այդ հայտարարությունների հիմքում: Եթե չեն արել, շատ վատ է:
Այս գործելաոճը նախևառաջ վնասում է Արցախին:
Ի վերջո, ով էլ դառնա նախագահ, առանց Հայաստանի իշխանություններին լոյալ լինելու, պարզապես չի կարող գոյատևել ու վերջ:
Դա այդպես է եղել, այդպես կշարունակի մնալ, քանի դեռ մենք չունենք բաղձալի խաղաղություն ու հստակ կարգավիճակ: Տարատեսակ շահարկումներն էժան դիվիդենտների դաշտից են: Խնդրին ցանկացած դիտանկյունից նայելիս՝ Արցախի Հանրապետություն, թե Հայաստանի մարզ, հարցի բովանդակությունը չի փոխվում, եթե իհարկե, դրսից տղա բերելու մղումը չկա:
Հ. Գ. Հետաքրքիր է, թե ու՞ր են այն երկու նախագահները, որոնք օրեր առաջ պաշտպանում էին իրենց նախագահ կոլեգային: Չեն ուզում արդյոք, իրենց մարտական ընկերների հետ սեղան նստել ու մեկնել որոշ պարզ ճշմարտություններ:
Վահրամ Թոքմաջյան
MediaLab.am