Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում

Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում
Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում

Մարտի 11-ին Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, կայացավ նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի աջակցությամբ: Հուշ-երեկոյին մասնակցեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի […]

Մարտի 11-ին Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, կայացավ նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի աջակցությամբ:

Հուշ-երեկոյին մասնակցեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, վրաց հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպանը։ Նա, մասնավորապես, նշեց. «Ընդամենը վերջերս՝ դեկտեմբերի 29-ին, լրացավ 20 տարին, ինչ Ֆրունզիկ Մկրտչյանը մեզ հետ չէ: Բայց մեծ տաղանդի և խաղացած փայլուն դերերի շնորհիվ նա միշտ կմնա մեր սրտերում: Ֆրունզիկն անկրկնելի Վախթանգ Կիկաբիձեի հետ միասին «Միմինո» ֆիլմում կարողացավ ցուցադրել հայ-վրացական ընկերության և բարեկամության էտալոնը: Այդ առումով Մհեր Մկրտչյանը լիարժեք կարող է համարվել Հայաստանի մշակութային, ավելին՝ ժողովրդական դեսպանը մեր բարեկամ Վրաստանում»:

Երեկոյի հյուրերին ողջունեց նաև Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, ով խոսեց հայ-վրացական դարավոր եղբայրության և բարեկամության մասին՝ միաժամանակ հայտնելով իր ակնածանքը և սերը Մհեր Մկրտչյանի և նրա արվեստի հանդեպ:

Վրաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Երմուխամետ Երթսբաեվը հանդես եկավ գնահատանքի խոսքով. «Երբ մարդը հանճարեղ արտիստ է, նա ազգային պատկանելություն չունի: Ինչպես դերասանն էր ասում՝ կյանքում ամեն բան անցողիկ է, միայն արվեստն է, որ անմահ է»։

Հրավիրվածներին ներկայացվեցին «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի, «Միմինո» և «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարի հեղնիակ Ռևազ Գաբրիաձեի և Վախթանգ Կիկաբիձեի՝ հատուկ այդ երեկոյի համար տեսագրված ողջույնի խոսքերը՝ համեմված մեծանուն հայ դերասանի հետ առնչվող հետաքրքիր և հումորային հիշողություններով:

Երեկոյի ընթացքում ներկայացվեցին հայտնի ֆիլմերի վիդեո-կադրեր, կազմակերպվեց մեծ դերասանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես, նրա նկարների եզակի ֆոտո-շարքի ցուցադրություն, տեղի ունեցավ համերգային մաս:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am