«Ես զգուշացնում եմ՝ այդ մարդիկ որոշ ժամանակ հետո փորձելու են խուզել այս իշխանության գլուխը»․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Տարիներ շարունակ Հայաստանի ու նրա ժողովրդի սեփականության հաշվին ամենակարող դարձած, պետական բոլոր ինստիտուտներն ապականած ու համակարգված կոռուպցիոն բուրգ կառուցած, հանցավոր կլաններ ստեղծած ու ղեկավարած մարդիկ պատասխան տալու փոխարեն այսօր երեսպաշտորեն խոսում են երկիրը փոսից հանելու անհրաժեշտությունից, տնտեսական ծանր իրավիճակից, ապագայի անորոշությունից, Արցախի անվտանգության հեռանկարից, իշխանության լեգետիմությունից, կառավարման որակից և, բռնվեք՝ օրինականությունից, արդարությունից ու ազատությունից:

Ինձ համար իսկապես տաօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ընդդիմությունը կարող են լինել և այդպիսի հավակնություն ունեն միջին, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեղադրյալներ ու ամբաստանյալներ:

Իրավական պետությունում հանցագործի հետ խոսելու ես մի լեզու գիտեմ: Դա օրենքի լեզուն է, իսկ հանցագործի տեղը բանտն է:

Մեզ մոտ ենթադրյալ հանցագործները ոչ միայն օրենքի առաջ պատասխան չեն տալիս, այլև զբաղվում են քաղաքականությամբ, ավելին՝ հավակնում են լինել հաջորդ իշխանությունը:

Հասկանալի է, որ գործող իշխանությանը ձեռնտու է, որ իր ընդդիմությունը լինեն վարկաբեկված ու հեղինակազրկված անձինք ու ուժեր: Բայց, կներե՛ք, եթե դա շահավետ է իշխանության համար, վնասակար է պետության ու հասարակության համար:
Այդպես երբեք հնարավոր չի լինի ապահովել պետության բնականոն զարգացումը:

Ես զգուշացնում եմ. Եթե այս իշխանությունն անշրջելիորեն չկազմաքանդի օլիգարխիկ համակարգն ամբողջությամբ, և բոլոր հանցագործներին չենթարկի պատասխանատվության, այդ մարդիկ որոշ ժամանակ հետո փորձելու են խուզել այս իշխանության գլուխը»: