«Հայ գերիներին «ահաբեկիչներ» անվանելով՝ Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել՝ արդարացնելու շրջափակման մեջ մնացած զինծառայողների սպանությունը». ադրբեջանագետ

Տարոն Հովհաննիսյան
Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է: Հարցին անդրադարձել է նաև Ալիևը՝ նշելով, որ Հայաստանի պաշտոնյաները չպետք է այցելեն Արցախ։ Ի՞նչ նպատակ են հետապնդում ադրբեջանական կողմի այս հայտարարությունները։

– Ես մի քանի հարթությունում կդիտարկեմ այս հայտարարությունը։ Նախ՝ Ադրբեջանի իշխանությունը, ելնելով պատերազմում Հայաստանի ու Արցախի համար ստեղծված ծանր իրադրությունից, փորձում է ամեն իրավիճակում ավելի շատ ճնշում գործադրել՝ իրավիճակը հօգուտ իրենց ամրագրելու նպատակով։ Քանի դեռ պատերազմի հետևանքները թարմ են, նրանք նման քայլեր են իրականացնելու։

Դա դրսևորվում է նաև Սյունիքի սահմանին, այսինքն՝ նրանք հնարավորինս փորձում են ամրացնել իրենց դիրքերը, ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնել սահմանին։ Ինչպես նաև հասկանում են, որ իրենց գործադրած ճնշումները բավական լուրջ ռեզոնանս են ունենում Հայաստանի ներսում, ավելի են լարում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

Իսկ նրանց ձեռնտու է իրավիճակի ավելի մեծ լարումը։ Ըստ այդմ՝ նաև փորձում են բնակչության շրջանում մեծացնել հոգեբանական ճնշումը։

Այսինքն՝ այս բոլոր գործոնները հաշվի առնելով, քանի դեռ տաք է իրավիճակը ու հօգուտ իրենց, նրանք փորձում են հնարավորինս ավելի շատ դիվիդենտներ քաղել։ Մոտ ապագայում, վստահ եմ, նրանք այս քաղաքականությունը թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների մակարդակով շարունակելու են։

Պատերազմի հետևանքով Արցախի մեծ մասը՝ 70-80 տոկոսը, փաստացի օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Մնացել է չօկուպացված հատված, որտեղ տեղակայվել են ռուս խաղաղապահներ, այսինքն՝ փաստացի Ադրբեջանի տիրապետության տակ չէ այդ հատվածը, բայց նրանք փորձում են հնարավորինս շատ իրենց «իրավունքները» ամրագրել նաև այդ տարածքի նկատմամբ։

Դրան են միտված նաև պարբերաբար հնչող այն հայտարարությունները, թե փախստականներ են գալու են նաև այդ տարածքներ, որ դա իբր Ադրբեջանի տարածքն է, որ առանց իրենց թույլտվության այդտեղ ոչ ոք չի կարող այցելել։

Այսինքն՝ փաստացի փորձում են առնվազն հայտարարությունների մակարդակով ամրագրել, թե պատերազմի արդյունքներով Արցախն ամբողջությամբ է անցել Ադրբեջանին։ Սա նրանց քաղաքականության մյուս բաղկացուցիչ մասն է։

Դրան զուգահեռ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ իրենց համար հակամարտությունն այլևս լուծված է։ Այս հայտարարության մեջ ևս Ալիևը կրկնել է հայտնի թեզերը, թե իրենք թույլ չեն տալու հայկական երկրորդ պետության ստեղծումը, երբեք չեն ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Եվ Ալիևն առնվազն փորձում է հայտարարությունների մակարդակով ամրագրել իրենց գերիշխանությունը նաև Արցախի չօկուպացված հատվածների վրա։

Կարծում եմ՝ այս պահին նրանց կողմից ճնշում գործադրելու գործիքներից մեկը, բացի ռազմական հաղթանակից, նաև գերիների խնդիրն է։

Ադրբեջանը ձգձգում է գերիներին հանձնելու գործընթացը, ի՞նչ նպատակ է հետապնդում դրանով։

– Այո՛, անընդհատ ձգձգում են։ Չնայած որոշում էր կայացվել «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում իրականացնել, բայց գերիների մի մասին, մեզ համար դեռևս ամբողջությամբ ոչ հայտնի թվով, նրանք հրաժարվում են հանձնել։

Մենք ադրբեջանական բաց աղբյուրներում հրապարակված տեսանյութերի ու հայտարարությունների հիման վրա կարող ենք մոտավորապես ասել, թե ինչքան գերի կա ադրբեջանական կողմում։ Բայց մենք չենք կարող իմանալ՝ արդյոք դա վերջանակա՞ն թիվն է, թե՞ իրականում գերիների թիվն ավելի մեծ է։

– Նրանք հայտարարեցին, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մի մասը «ահաբեկիչներ» են։ Արդյոք սրանով նախադրյա՞լ են ստեղծում նրանց չվերադարձնելու համար։

– Նրանք հայտարարել էին, թե այն զինվորականները, որոնք մնացել են իրենց կողմից օկուպացված հատվածներում և չեն հանձնվել, չեն կարող ռազմագերի համարվել, այլ կհամարվեն «ահաբեկիչներ»։

Դրանով փորձում են հող նախապատրաստել՝ նախ արդարացնելու իրենց գործողությունը, որ ենթադրաբար Հադրութի շրջանում շրջափակման մեջ մնացած զինծառայողներին սպանել էին։ Եվ եթե կան այլ զինծառայողներ, նրանց էլ կարող են սպանել՝ առանց հաշվի առնելու պայմանավորվածությունները։

Ինչպես նաև, կարծում եմ, այդ հայտարարությունը կարող էր ուղղված լինել նաև Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված զինծառայողներին։ Բայց նրանց հայտարարությունը չի վերաբերում այն զինծառայողներին, որոնք պատերազմի ընթացքում են գերի ընկել։

Չնայած այս դեպքում ևս ադրբեջանական կողմը միջազգային իրավունքի լուրջ խախտումներ է թույլ տալիս։ Զինծառայողներից առնվազն մեկի ՝ Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել։

Դառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարարի Արցախ կատարած այցի վերաբերյալ ադրբեջանական կողմի արձագանքին, ապա կա նաև այլ գործոն։ Այո՛, Ադրբեջանի ժողովրդի մոտ որոշակի դժգոհություն է առկա, որ Արցախն ամբողջությամբ չի օկուպացվել։

Իրականում իշխանություններն էլ են դա սադրում լրատվամիջոցներով, պարբերաբար նաև նյութեր են հայտնվում, թե ինչո՞ւ է Արցախի նախագահը այցելել Հայաստան, կամ Հայաստանից ու արտերկրից ինչ-որ մեկը՝ Արցախ։ Պարբերաբար դժգոհություն պարունակող հայտարարություններ են գեներացվում։

Դա մասամբ կարող է ուղղված լինել նրան, որ այդ հռետորաբանությամբ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ծածկել առկա իրավիճակը, այսինքն՝ որ փաստացի Արցախի մի հատվածն իրենց վերահսկողության տակ չէ, այլ ռուսական խաղաղապահ ուժերի ու հայկական կողմի վերահսկողության տակ է։

Եվ օբյեկտիվ իրականությունն այն է, որ ես չեմ կարծում, թե տեսանելի ապագայում Ռուսաստանը դուրս կգա այս տարածաշրջանից։

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի իշխանական մամուլն էլ է երբեմն նման մտքեր գեներացնում, կարծում եմ, որ որոշակի դաշտ է նախապատրաստվում Ռուսաստանի դեմ քարոզչություն տանելու համար, այսինքն՝ հարվածելու ռուս խաղաղապահների գործունեությանը Արցախում։

Ալիևն էլ իր ելույթում նշել էր՝ «չնայած մենք ռուս խաղաղապահներին ասել էինք, որ որևէ մեկն առանց մեր թույլտվության չի կարող մտնել Լեռնային Ղարաբաղ, բայց ֆրանսիացի խորհրդարանականներ էին մտել»։

Իհարկե, պայմանավորվածության մեջ նման կետ չկա և որևէ կետ չկա, որ Արցախի չօկուպացված հատվածի նկատմամբ Ադրբեջանը որևէ իրավունք ունի։ Եվ ամենաակտիվ խաղացողներից Ռուսաստանի կողմից նշվել է, որ կարգավիճակի հարցը ապագային է թողնվում, այսինքն՝ այս պահին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ չի քննարկվում, և համաձայնեցված հայտարարությունը կարգավիճակին չի անդրադառնում, այլ նոր ստատուս քվո է ձևավորում։

Հասկանալի է, որ Ադրբեջանի համար այնքան էլ հաճելի չէ ռուսների ներկայությունը Արցախում, բայց ակնհայտ դեմ էլ չեն արտահայտվել դրան։ Գուցե փորձում են անընդհատ ինչ-որ ճնշումների միջոցով իրենց համար դիվիդենտներ կորզել։

Եթե չասենք, որ փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, առնվազն փորձում են խաղաքարտեր ունենալ՝ իրենց համար օգտակար իրավիճակներ կորզելու թեկուզ հենց նույն ռուսական կողմից։

Առաջիկայում էլ մենք ադրբեջանական այդ քաղաքականությանն ականատես կլինենք։ Տարբեր տեղերում կարող ենք ինչ-որ սադրանքների ականատես լինել, գուցե ոչ մասշտաբային, բայց նրանք անընդհատ փորձելու են լարվածության մեջ պահել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am