Հարց լուծող, ուտող-խմող, «ժոստկի» վարչապետը.ըստ մասնագետի` աղմկահարույց հոլովակը` լավագույնս պլանավորված քայլ

Հարց լուծող, ուտող-խմող, «ժոստկի» վարչապետը.ըստ մասնագետի` աղմկահարույց հոլովակը` լավագույնս պլանավորված քայլ
Հարց լուծող, ուտող-խմող, «ժոստկի» վարչապետը.ըստ մասնագետի` աղմկահարույց հոլովակը` լավագույնս պլանավորված քայլ

Մինչ հասարակությունը շարունակում է ակտիվորեն քննարկել այն հարցը, թե՞ արդյոք վարչապետ Տիգրան Սարգսյանը իր վերջին ելույթում հարբած է եղել, թե` ոչ, ու մինչ ինքը վարչապետը պնդում է, թե ելույթից նման տպավորություն է ստեղծվել տեխնիկական խոտանի պատճառով, փորձագետները պնդում են, թե իրականում ամեն ինչ լավագույնս պլանավորված քայլ էր:

««ֆեյսբուք»-ը եռում է: Ամեն մեկը ինչ-որ բան գրում է վարչապետի հարբածության պահով: Մեկը ասում է` ամոթ, մյուսը` ծիծաղում է, մեկ ուրիշը ապշած է: Իսկ ընդամենը 20 օրից բոլորը կհանգեն մի եզրակացության` լավ դե ո՞վ իր կյանքում խմած չի խոսացել: Ինչն էլ այս PR ակցիայի բուն նպատակն էր` հաղորդել վարչապետի կերպարին ուտող-խմող, կյանքի տղու այդքան պակասող տարրը, որը նրան օդի պես անհրաժեշտ է լինելու որպես նախագահի թեկնածու»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքական տեխնոլոգ Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մարզահամերգային համալիրում երիտասարդության օրվա կապակցությամբ ՀՀԿ կազմակերպած համերգի ժամանակ ելույթ էր ունեցել նաեւ Տիգրան Սարգսյանը: Այդ ելույթի տեսագրության տարածումից հետո էլ հենց մեծ աղմուկ բարձրացավ, որ վարչապետը խմած է եղել:

Ինքը` Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում այդ կապակցությամբ փոքրիկ գրություն է թողել, որտեղ փորձել է «մեղքը բարդել» տեխնիկական խոտանի վրա:

«Բարեկամներ, ես հասկացել եմ, որ ձեզնից շատերին զվարճացրել է ձայնային խոտանով տեսահոլովակը, որը նկարահանվել եւ տարածվել էր Հ1-ի կողմից` մարզահամերգային համալիրից: Եվ այդ ձայնային խոտանն այսօր փորձում են ներկայացնել իբր իմ հարբած լինելու ապացույց: Ես նույնպես դիտել եմ այդ հոլովակը և, անկեղծ ասած, այն ինձ եւս զվարճացրեց»,- գրել է վարչապետը:

Մինչդեռ քաղտեխնոլոգը պնդում է, որ ոչ մի հեռուստաընկերություն ինքնագլուխ կերպով որեւէ նման բան եթեր չէր հեռարձակի:

«Չեմ կարծում, թե որեւէ հեռուստաընկերության եթերում կարող է առանց իշխանությունների իմացության հեռարձակվել որեւէ բան, որը կվարկաբեկի այս իշխանություններին: Առավելեւս, եթե հաշվի առնենք, որ հիմա գրաքննությունը ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվում է ոսկերչական մակարդակով»,- «Մեդիալաբին» ասում է Նարեկ Մալյանը` հավելելով, թե այսպիսով իշխանությունները ինչ-ինչ հեռակա նպատակներով փորձում են նոր երանգ հաղորդել վարչապետի իմիջին:

Որպես իր խոսքերի ապացույց, նա մատնանշում է այն, որ այս ընթացքում չեզոքացվել են դեպի Սերժ Սարգսյանը տանող բոլոր 4 ճանապարհներից երեքը:

«Իշխանության ներսում` Սերժ Սարգսյանի միջոցով որեւէ հարց լուծելու համար կար չորս ճանապարհ` Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյան, Միքայել Մինասյան, Հովիկ Աբրահամյան եւ Տիգրան Սարգսյան: Առաջին երեքը չեզոքացվել են եւ մնացել է միայն Տիգրան Սարգսյանը: Եթե հիմա, եթե որեւէ մեկը ցանկանա ինչ-որ հարց լուծել իշխանության ներսում` նա կարող է այդ անել միայն Տիգրան Սարգսյանի միջոցով»,- ասում է Մալյանը:

Նրա խոսքով, քաղաքականության մեջ նման ֆիգուրի նման «ուժեղացումը» պատահաբար չի կարող լինել: Քաղական տեխնոլոգը պնդում է, որ այդպիսով Սերժ Սարգսյանը պահեստային թեկնածու է «աճեցնում» առաջիկա նախագահական ընտրությունների համար, որպեսզի եթե իր առջեւ ինչ-ինչ հարցեր դրվեն, որոնք ինքը չցանկանա կամ չկարողանա լուծել, նախագահ «դարձնի» իր թեկնածուին, եւ ապա հարկ եղած դեպքում հետ վերցնի նախագահի պաշտոնը:

Որպես օրինակ Նարեկ Մալյանը բերում է Ռուսաստանի դեպքը` երբ ՌԴ ներկայիս վարչապետ եւ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահ դարձրեց Դմիտրի Մեդվեդեւին, եւ հիմա էլ պատրաստվում է նրանից հետ վերցնել նախագահի աթոռը:

«Հայաստանում նախագահ լինելու համար պետք է հանդես գալ տղայական դիրքերից, լինել, հարց լուծող, «ժոստկի»: Իսկ ո՞վ է Տիգրան Սարգսյանը, ի՞նչ իմիջ ունի: Նա գրական հայերեն բառեր ասող, ռազբորկաների մեջ չնկատված, խմելու մեջ չնկատված, թիկնապահների արած դեբոշների մեջ չնկատված, համեմատաբար քաղաքակիրթ ամպլուայի մեջ է ներկայանում, ավելի փափուկ կերպարով: Ավելի քրիստոնյա կերպարով մարդ, որին երբեք հայ ընտրողը եւ առավելեւս ընտրակեղծարարը չի հավատա եւ չի կանգնի կողքին: Մարդիկ ովքեր որոշում են ընտրությունների ելքը, եւ որոնք ընտրողները չեն միայն, նրանց «ժոստկի» երաշխիքներ են պետք: Եւ այսպիսին դառնալու համար Տիգրան Սարգսյանը երեք տարբերակ ուներ` կամ մարդ ծեծեր, կամ սեքս սկանդալի կիզակետում հայտնվեր, կամ էլ այսպիսի անմեղ սկանդալ լիներ»,- ասում է տեխնոլոգը:

Նարեկ Մալյանը հիշեցնում է, որ հենց այդ պատճառով էլ ընտրվել է հնարավորինս «անշառ», ոչ արարողակարգային միջոցառում, որպեսզի վարչապետի «հարբածության փաստից ոչ մի պետական գործ չտուժի»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am