Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:
Պաշտպանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքը:
Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները:
Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:
Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:
Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:
Արման Թաթոյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը։
Դրանք վտանգում են տարածաշրջանում ժողովուրդներ միջև խաղաղությունը։
Հանդիպմանը քննարկվել է նաև նախընտրական փուլին առնչվող` Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը վերաբերող մի շարք հարցեր:
Պաշտպանը կարևորել է հասարակությունում համերաշխությունը և նշել, որ իրականացնելու են ընտրությունների ապաքաղաքական դիտարկում:
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։