Դպրոցները պետք է բացվեն սահմանափակումներով, դիմակների կրումը, ձեռքերի ախտահանումը խստագույնս պետք է պահպանվի․ Մանկաբույժ

«Մեդիալաբի» հարցազրույցը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ Մարի Դարակչյանի հետ

– Տիկի՛ն Դարակչյան, մենք տեսնում ենք, որ համաճարակը նահանջում է, օրական վարակվածության թվերը նվազում են, հիվանդների թիվը՝ նույնպես։ Ի՞նչ են ցույց տալիս ձեր ուսումնասիրությունները, ձեր պրակտիկան։

– Այո՛, իհարկե, զգալի փոխվել է իրավիճակը։ Նախորդ ամիսների համեմատ՝ մեզ մոտ այլ խնդիրներով հիվանդների դիմելիությունը զգալիորեն ավելացել է։ Դրա պատճառն այն է, որ համավարակի օրերին մարդիկ վախենում էին դիմել հիվանդանոց՝ կապված վարակի հետ։ 

Եվ բացի այդ, այլ հարցերով աճող դիմելիության մեջ կորոնավիրուսի դրական թիվը թե՛ մայրերի, թե՛ երեխաների մոտ նկատելիորեն պակասել է։ Այսինքն՝ այլ հարցերով դիմում են, բայց նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվում։

– Դուք մանկաբույժ եք, արդեն հայտարարվել է որոշակի ռեժիմով դպրոցները բացելու, դասապրոցես սկսելու մասին։ Ինչ եք կարծում՝ արդյոք արժի՞ այս փուլում ընդհանրապես բացել դպրոցները։

– Հարցին կարելի է երկու կողմից նայել՝ մի կողմում համավարակի խնդիրն է, որի մասսայականացում, իհարկե, կարող է լինել, քանի որ երեխաներն այն թիրախային խումբն են, որոնք կարող են վիրուսը շրջանառել ու լինել վարակի տարածողներ դեպի իրենց ընտանիքներ, և սա նաև այն խումբն է, երբ վստահություն չունենք՝ արդյոք հակահամաճարակային կանոնները միանշանակ և անվերապահորեն կպահպանվե՞ն, թե՞ ոչ։

Բայց մյուս կողմից՝ կարելի է հասկանալ այն, որ վիրուսը կարող է անընդհատ մնալ ու շրջանառվել և դառնալ սեզոնային վիրուս, ինչը ենթադրում է, որ մինչև գլոբալ լուծման ի հայտ գալը այն լինելու է մեզ հետ։ 

Բայց երեխայի կրթության, սոցիալականացման, շփման ու այլ հարցեր ամիսներով չեն կարող բաց մնալ։ Թե բալանսը ինչպես պետք է պահվի, թերևս լավ կպատասխանեն առողջապահության, կրթության նախարարությունները, տեսչական մարմինները։ Ըստ իս՝ դպրոցները պետք է բացվեն սահմանափակումներով։ 

Բնականաբար, պետք է մոնիթորինգ իրականացվի, խիստ պահանջներ պետք է ներկայացվեն, և ստուգումներ արվեն հենց դպրոցի մուտքի մոտ, դիմակների կրումը պետք է խստագույնս պահպանվի, ձեռքերի ախտահանումը պետք է պարբերական լինի, մաքուր ջուրն ու օճառը պետք է մշտապես լինեն դպրոցներում։ 

Բացի այդ, ծնողների հետ պետք է աշխատանք իրականացվի և պահանջվի, որ ամենաթույլ կասկածի դեպքում, եթե երեխան վատառողջ է, թույլ չտրվի ուղարկել դպրոց։ Նաև բյուրոկրատական կետերը պետք է հեշտացվեն՝ կապված բյուլետենների տրման, երեխաների բացակայությունների հետ։

Սա հարցերի շարան է, որոնց լուծումը պահանջում է տարբեր գերատեսչությունների համակարգված մոտեցում։ Եթե համատեղ իրականացվի, ապա վստահ եմ, որ արդյունքներ կունենանք, և այս դեպքում դպրոցների, բուհերի բացումը չի բերի համավարակի նոր ալիքի։

– Դուք ասացիք, որ սահմանափակումներով պետք է բացվեն դպրոցները։ Մասնավորապես, ի՞նչ սահմանափակման մասին է խոսքը։

– Օրինակ՝ դասարաններում երեխաների թիվը։ Գիտեք, որ մեկ դասարանում 30 և ավելի երեխա է, նրանց թիվը պետք է կրճատել, և պետք է գործի սահմանափակումների նույն սկզբունքը, ինչը մինչ այժմ վերաբերել է մարդաշատ վայրերին։ 

Պետք է մշտապես կիրառվեն հակահամաճարակային կանոնները՝ միշտ օդափոխել տարածքը, կրել դիմակներ, պահպանել հեռավորություն, ախտահանել ձեռքերը։ 

Այս ամենը պետք է վերաբերի նաև դպրոցներին, դասարաններին։ Դասաժամերը, բացի այդ, պետք է լինեն այնպես, որ երեխաները կարիք չունենան մեծ սնունդ օգտագործել, քանի որ դա ևս կարող է հավելյալ ռիսկի գործոն լինել վարակի տարածման հարցում։

– ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ երեխաները դասարանում լինելու են դիմակով, և այդ հայտարարության առաջին արձագանքները քննադատական էին։ Դուք՝ որպես մասնագետ, այս պարագայում ի՞նչ կարող եք ասել, կա՞ անհանգստանալու կարիք։

– Մենք հիմա էլ ունենք ուղեցույց, որ մինչև 6 տարեկան երեխաներին դիմակ կրելու կարիք չկա, չնայած միջազգային ուղեցույցներում նշվում է մինչև 2 տարեկան հասակը, երբ երեխայի շնչառական ֆունկցիաները դեռ լիարժեք ձևավորված չեն։ 

Բայց ավելի մեծ տարիքի երեխաների մոտ եռաշերտ, պարզ բժշկական դիմակների կրումը որևիցե շնչառական ֆունկցիայի խանգարման չի բերի, և դա այն դեպքում, եթե երեխան չունի քրոնիկական հիվանդություններ։ 

Վստահ եմ, որ քրոնիկական հիվանդություններով՝ սիրտանոթային, ալերգիկ, շնչառական, երեխաները պետք է այլ ֆորմատով դասերի կազմակերպման հնարավորություն ունենան։ 

Հակառակ դեպքում նրանց համար դիմակների կրումը կարող է խնդրահարույց լինել։ Բայց չեմ կարծում, որ նման երեխաների խումբը շատ մեծ է։

– Մեզ սպասող մյուս փոփոխությունը 5 օրվա փոխարեն 6 օր դասի գնալն է։ Ի՞նչ եք կարծում, դա ինչպե՞ս կանդրադառնա երեխայի վրա, կարո՞ղ է երեխան ձանձրանալ, չցանկանա հաճախել դպրոց։

– Պետք է ասեմ, որ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ հնգօրյա ռեժիմը ավելի լավ է ընկալվում, որովհետև եթե էդպես նայենք՝ երեխայի հանգստի համար անգամ լիարժեք մեկ օր չի մնում։

Ճիշտ է, դեռևս հայտնի չէ, թե քանի դասաժամ է լինելու, և դրանց տևողությունը որքան է լինելու, բայց միևնույն է, կարծում եմ, վեցօրյա ռեժիմում ձանձրույթը, հոգնածությունը երեխայի մոտ ավելի դոմինանտ են լինելու հատկապես այն դեպքում, որ արդեն վեց ամիս երեխաներն ապրում են ազատ ռեժիմում։ 

– Տիկի՛ն Դարակչյան, ընդհանուր առմամբ, վտանգներ տեսնո՞ւմ եք դպրոցների վերաբացվելուց։

– Ես խոսում եմ նաև որպես ծնող, որի երեխան ամիսներ շարունակ գտնվել է տան պայմաններում։ Ի դեպ, շատ երեխաներ, միևնույն է, բակերում միմյանց հետ շփվում են, և այս ամիսներին հեռավար ուսուցումը չի կասեցրել երեխաների շփումը բակերում։ 

Այնպես որ, դպրոցների վերաբացումը մեծ խնդիր սարքել, կարծում եմ, չարժի։ Ռիսկերը գնահատել ես չեմ կարող, քանի որ ինձ հասու չեն հիվանդության տարածման հետ կապված մանրամասն վիճակագրությունը, ուսումնասիրություններն ու տվյալները։ 

Հիվանդացության ամենօրյա թվերն ասում են, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը շատ սպասելի ու կանխատեսելի է, որովհետև 40-50 հազար հիվանդը չի կարող 2,5 մլն բնակչության մեջ իմունային պատնեշ ստեղծել։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am