«Արշակ Կարապետյանի հայտարարության մեջ պոռոտախոսության զգալի չափաբաժին կա». Արմեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհանիսյան, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը մի քանի կոշտ հայտարարություններ է արել, հավանաբար տեղյակ եք դրա մասին: Ի՞նչ է սա նշանակում:

– Արշակ Կարապետյանի հայտարարության մեջ պոռոտախոսության զգալի չափաբաժին կա: Եկեք սթափ նայենք իրավիճակին՝ պատերազմի ավարտից ի վեր որևէ փոփոխություն մեր ջախջախված և ապակազմակերպված բանակում, որևէ բարեփոխում, նույնիսկ վերանորոգում չի իրականացվել: Իսկ ադրբեջանցիներին ուժային խաղաղություն պարտադրելու մի ձև կա՝ ունենալ բանակ:

Տարօրինակ է, որ ոչինչ չանելով, նոր տեղերում նոր դիրքեր չկահավորելով, չվերապրոֆիլավորելով զորամիավորումները՝ պարզապես օդում նման հայտարարություն է արվում:

Ինձ մոտ տպավորություն է, որ սա ռուսների կողմից, մեղմ ասած, թույլատրված սահմաններում է:

– Նկատի ունեք Արշակ Կարապետյանի վարքագի՞ծը:

– Այո՛, ես կարծում եմ, որ Ադրբեջանի պահվածքը որոշակի չափ ու սահման անցնում է, Ալիևի ոգևորությունը մոլագարության եզրին է, չի կարողանում կանգ առնել, նա նույնիսկ սկսել է դասեր տալ իր գործընկեր ռուսներին: Այս պարագայում Ռուսաստանը Հայաստանի բերանով ուղերձ է հղում Ադրբեջանին՝ զգուշացնելով՝ համը մի՛ հանեք, չափը մի՛ անցեք:

– ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն էլ իր հերթին է հայտարարել, որ սահմանային միջադեպերը սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար…

– Դա նշանակում է, որ մինչև հիմա ըստ մեր պայմանավորվածությունների աչք ենք փակել, բայց Ալիևի պահվածքը հարվածի տակ է դնում մեր պայմանավորվածությունները: Հայկական կողմի քայլերը պետք է համաձայնեցված լինեն, չափի մեջ ու տեղը տեղին: Բայց տեսեք՝ Ալիևն էլ Մակրոնի հետ հեռախոսազրույցում էր ասել, որ պետք է վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ, այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ հայտարարում էր՝ ի՞նչ Մինսկի խումբ, հարցը լուծված է:

– Կարծում եք՝ ճնշման արդյո՞ւնք էր դա:

– Միանշանակ, ճնշումներ կան Ադրբեջանի վրա, և նույնիսկ Թուրքիայի ու Ռուսաստանի վրա: Դրանք էնքան ակնհայտ են: Օրինակ՝ Շուշիում տեսաք՝ Էրդողանը հստակ ակնարկում էր, որ բոլոր ռազմագերիներին պետք է ազատ արձակել: Դա նրա բարի կամքը չէր, պարզ է, որ արևմտյան երկրների կողմից կան ճնշումներ:

Ալիևը շեղվել է պայմանավորվածությունների ուղուց ու անընդհատ հիշեցնում է նախապատերազմյան պայմանավորվածությունների մասին, անընդհատ պահանջում է, որ ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ Արցախը համարվի Ադրբեջանի մաս: Ալիևի պահանջն է նաև զինվորական, ռազմական հանցագործությունների մաքրագրումը, որոնք իրականացվել են 44 օրերի ընթացքում: Չէ՞ որ սահմռկեցուցիչ բաներ են կատարվել: Այդպես պայմանավորված է եղել, բայց այսօր, իմ կարծիքով, Ալիևի մոտ կասկածներ կան, որ այդ ամենը հեշտ չի մարսի, դրա համար սկսում է ծայրահեղ միջոցներով, այդ թվում՝ տարբեր ընդհարումներ հրահրելով սահմանին, փորձել վերահաստատել իր պայմանավորվածությունները:

Սակայն Արշակ Կարապետյանի բերանով Ռուսաստանից ստացավ պատասխան՝ մի՛ անցեք կարմիր գծերը:

Բոլոր դեպքերում հոգեբանորեն պետք է հասկանալ այդ լիդերներին՝ նրանք բոլորը հավասար ճնշումների տակ են: Այնպես չէ, որ Ռուսաստանը, մասնավորապես՝ Պուտինը չէին ուզի այդ պայմանավորվածությունները 100 տոկոսով իրականացնել: Պետք է հասկանալ, որ արևմտյան ճնշումների ծավալը, ուժգնությունը, խորությունը, հեռանկարը դրանց խորացման այնքան լուրջ են, ծանր են, որ և՛ Ռուաստանը, և՛ Թուրքիան ստիպված տեմպերը մի քիչ թուլացրել են:

– Տավուշում ռուս սահմանապահների ուղեկալի տեղակայումը ի՞նչ էր նշանակում, արդյոք դա՞ էլ ձեր մատնանշած ճնշման հետևանք էր:

– Ռուսաստանի համար ամենահիվանդագին հարցը տարածաշրջանում մենք չենք: Նրանք չեն վախենում Հայաստան թուրքական ներխուժումից, գիտեն, որ նման բան չի լինելու: Նրանց համար հիվանդագին խնդիր է Վրաստանի վերջնական կորուստը և Վրաստանի միանալը ՆԱՏՕ-ին: Վերջերս էլ Վրաստանը վերահաստատեց, որ երբեք Ռուսաստանի հետ հարաբերություններ չի հաստատի: Վրաստանի հետ կապված վտանգն է ՌԴ-ին բերել մեր երկիր: Ընդհանրապես, մենք պետք է պատրանքները դեն նետենք. հայկական բանակը վերջին տասը տարում ուներ ընդամենը մեկ նշանակություն՝ թշնամական Վրաստանին զսպելը:

Բայց հիմա, երբ խոսք է գնում, որ ամերիկյան ռազմաբազա պետք է լինի Վրաստանում, ու ես կարծում եմ՝ դա այդպես էլ կլինի, ապա Հայաստանի դերը Ռուսաստանի համար՝ որպես ֆորպոստ, Վրաստանի դեմ է: ՌԴ-ն մեզ չի դիտարկում որպես հակաթուրքական երկիր, որովհետև նրանք Թուրքիայի հետ ունեն գործընկերային հարաբերություններ, նրանց թշնամին Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն են: Այդ երկրի համար նույնիսկ ռազմավարական հարց է Արևմուտքի դեմ պայքարը, հետևաբար մտածել, որ ռուսները մեզ փրկում են թուրքերից, միամտություն է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am