«Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են». Սերժ Սարգսյանը` սահմանամերձ Մովսեսի բնակչին

«Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են». Սերժ Սարգսյանը` սահմանամերձ Մովսեսի բնակչին
«Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են». Սերժ Սարգսյանը` սահմանամերձ Մովսեսի բնակչին

Սերժ Սարգսյանի` Տավուշի մարզ կատարած նախընտրական քարոզարշավը կրկին անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այս անգամ, «դեպքի» վերաբերյալ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել «168 ժամը»:
Ըստ լրատվամիջոցի, Սերժ Սարգսյանի մարզային քարոզարշավը մեկնարկել է սահմանամերձ Մովսես գյուղից, ուր նախագահի թեկնածուն եկեղեցու բակում մոտեցել է առաջին իսկ պատահած տարեց մարդուն եւ հարցրել որպեսիությունը: Ի պատասխան գյուղացին բողոքել է, որ գյուղը դատարկվում է, երեխեքը Ռուսաստանում են:
Ի պատասխան, ինչպես նշում է «168 ժամը», Սերժ Սարգսյանը ասել է. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»:
«Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա»,- նշել է Մովսես գյուղի բնակիչը:

«Սերժ Սարգսյանը հարցրեց. «Գյուղում զավոդ լինե՞ր»: Տարեց մարդու՝ «հա» պատասխանից հետո, Սերժ Սարգսյանն ասաց. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:

Ի պատասխան, գյուղացին ասաց, թե ինքը հողը մշակում է, ինչին Սերժ Սարգսյանը հակադարձեց. «Ուր է, որ մշակում եք, լավ էլի»:

Խոսակցությանը միջամտեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ ասելով. «Ասա, ասա, որ գյուղում վերանորոգված մշակույթի պալատ, մանկապարտեզ կա»: Սակայն տարեց մարդը դրա պատասխանն էլ ուներ. նա ասաց, որ վերանորոգված մանկապարտեզում ընդամենը 12 երեխա կա, դպրոցում՝ նույնպես, և «սենց որ գնա՝ գյուղը կհատի»»,-գրում է «168 ժամ»-ը:

Հիշեցնենք, որ նախընտարական քարոզարշավում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Սերժ Սարգսյանը նման մոտեցում է ցուցաբերում:

Երեկ` Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձին, Եռաբլուր պանթեոնում Սերժ Սարգսյանը բարկացել էր իրեն մոտեցած լաց լինող կանանցից մեկի վրա, ով բողոքել է սոցիալական վիճակից:

«Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»,- ըստ «Գալա»-ի տեսանյութի զայրացած տոնով ասում էր Սերժ Սարգսյանը:

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Սերժ Սարգսյանի պահվածքը բուռն քննարկումների կիզակետում է հայտնվել սոցիալական ցանցերում:

© Medialab.am