Առաջարկվում է 95-120 տոկոսով բարձրացնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների աշխատավարձը

Հայաստանի արդարադատության նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է դրել հանրայն քննարկման, որով առաջարկվում է դատախազական համակարգում որոշ պաշտոնյաներին վարձատրելու համար սահմանել մինչև 120 տոկոս հավելավճար: Ըստ որոշման նախագծի, դրանք համարվում են առանձակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ:

Ըստ այդմ, նախ որոշման նախագծով սահմանվում են առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը, այնուհետև սահմանվում է այդ պաշտոնների համար հավելավճարի չափը:

Այսպիսով, այդ պաշտոնների թվում առաջինը ՀՀ գլխավոր դատախազն է, որի համար պահանջվում է 95 տոկոս հավելավճար սահմանել, ՀՀ գլխավոր դատախազի 3 տեղակալները՝ 100, 120 և 90 տոկոս հավելավճարի չափով, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազը՝ 100 տոկոս հավելավճարի չափով:

Ըստ նախագծի հիմնավորման, նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ակնկալվում է հետևյալ փոփոխությունը.

Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 144․000․000 ՀՀ դրամ։