Հրայր Թովմասյանի մեջ ողբացող օլիգարխիան տեսնում է իր վերադարձի, քրեական հետապնդումից խուսափելու, մարդկանց նորից կրունկների տակ առնելու մի վերջին հույս ու փրկօղակ․ Կարեն Անդրեասյան

Հայաստանի նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Օլիգարխիայի ողբը» վերնագրով հրապարակում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Նրանք բողոքում են, որ Վենետիկի հանձնաժողովն ու ԵԽԽՎ-ն կոշտ քննադատել են Հայաստանի իշխանություններին: Մինչդեռ իրենց (կամ իրենց ներկայիս հովանավորների) իշխանության ժամանակ հիմնականում արհամարհել ու լղոզել են շատ ավելի կոշտ քննադատությունները, խորամանկորեն խաբել են այդ կառույցներին ու նենգաբար տրորել են ժողովրդավարությունն ու այդ կառույցներից եկող գրեթե բոլոր մյուս արժեքները:

Նրանք բղավում են, որ իշխանությունները զրկում են Սահմանադրական դատարանին սահմանադրական փոփոխությունների մասին եզրակացություն տալու օրենսդրական պարտադիր պահանջից: Այնինչ այդ անելը ոչ միայն օրինական է, այլև ինչպես կասեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ «ծայրահեղ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: Անհրաժեշտ է, քանի որ Սահմանադրական դատարանն իր այս կազմով լեգիտիմ չէ և չպիտի եզրակացություն տա իր իսկ լեգիտիմությունը վերականգնելու ամենաժողովրդավարական գործընթացում:

Նրանք ահազանգում են, որ իշխանությունները ճնշում են Սահմանադրական դատարանի անդամներին, որպեսզի նրանք օգտվեն վաղաժամ կենսաթոշակի օրենսդրական առաջարկից, այնինչ հենց իրենք են ամեն կերպ ճնշում սահմանադրական դատարանի այդ խեղճ մարդկանց, որպեսզի նրանք շարունակեն մնալ երկկողմանի կրակի, իրենց նկատմամբ հանրային խոր անվստահության ու նախկին բազմաթիվ ապօրինությունների փլատակի տակ:

Նրանք նախկիններն են, նախկինների մոտ ընդդիմադիր կամ օլիգարխ աշխատածներն են, փողով հոդված ու ստատուս գրողներն են, օլիգարխների գրպաններում սողացող լրագրողներն ու քաղաքական գործիչներն են: Նրանք նախկիններից մի-երկու կոպեկ ու լիքը խոստումներ ստացած մարդ-կուսակցություններն են, մեդիա-մագնատի մաշված քաղաքագետներն են, նախկին ռեժիմի հետ մարդու իրավունքները բռնաբարած նորաթուխ իրավապաշտպաններն են ու իրենց հետ նաև մի քանի մոլորվածներն ու հիասթափվածներն են: Նրանց անունն է հայկական օլիգարխիա:

Հայկական օլիգարխիան իբր պաշտպանում է սահմանադրական ինստիտուտները, երբ պաշտպանում է Հրայր Թովմասյանին իր իսկ անցյալից, այդ անցյալում եղած քրեական պատմություններից, Նիկոլ Փաշինյանի սկանդալային բացահայտումներից: Այնինչ Հրայր Թովմասյանի մեջ ողբացող օլիգարխիան տեսնում է իր վերադարձի, քրեական հետապնդումից խուսափելու, իր վրեժի, մարդկանց նորից կրունկների տակ առնելու մի վերջին հույս ու փրկօղակ: Խե՜ղճ օլիգարխիա, եթե Հրայրը գնա… Խե՜ղճ ժողովուրդ, եթե Հրայրը մնա…»։

https://www.facebook.com/karen.andreasyan.925/posts/1605873042894500