Տեղի ունեցածը Ուկրաինայի տարածքի ռուսական դե-ֆակտո օկուպացիայի «օրինականացման» վտանգավոր փորձ է․ Հանուն Հանրապետության կուսակցություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում ընդունեց Ուկրաինայի Դոնեցկի եւ
Լուգանսկի մարզերի՝ ռուսական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում գործող խամաճիկային կազմավորումները ճանաչել որպես «անկախ պետություն»՝
առաջնորդվելով կայսերական ֆանտոմային ցավերով եւ կոպտորեն խախտելով միջազգային նորմերը եւ իրավունքը։

Տեղի ունեցածը Ուկրաինայի
միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի ռուսական դե-ֆակտո օկուպացիայի«օրինականացման» վտանգավոր փորձ է, որը կարող է ճակատագրական դեր խաղալ
ներկայիս Ռուսաստանի Դաշնության ապագայի համար։ Սառը պատերազմից հետոավելի քան երբեւէ մեծ է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհայինպատերազմի վտանգը, վտանգի տակ է միջազգային եւ եվրոպական անվտանգությունը
եւ խաղաղությունը, եւ դրա պատասխանատվությունն ուղղակի ընկնում է Վլադիմիր Պուտինի գլխավորած՝ նախորդ դարի սեւհարյուրակային մտածողության առաջնորդվող նախկին ԿԳԲ-ականների կոռումպացված խունտայի վրա։

Իրավիճակը հղի է 1945 թվականից հետո աննախադեպ հետեւանքներով՝ տասնյակ
հազարավոր զոհերով, միլիոնավոր մարդկանց խեղված ճակատագրերով,
աշխարհակարգի կործանմամբ, ինչը գոյաբանական մակարդակի ապառնալիքի տակ է դնում Եվրաատլանտյան տարածքի ցանկացած պետության, առաջին հերթին՝
հետխորհրդային երկրների, եւ դրանցից առավել խոցելի վիճակում գտնվող՝
աղետալի պատերազմ վերապրած Հայոց Պետականությունը։

Իրավիճակի սրացմանը զուգընթաց, զորավարժությունների քողի տակ տեղի է
ունենում բելարուս ժողովրդի մեծ ողբերգությունը, որի ինքնակոչ եւ
ռուսական սվինների վրա նստած բռնապետ Լուկաշենկոն «միութենական
պետության» անվան տակ զոհաբերում է իր երկիրը վերածնված ռուսական
կայսերապաշտությանը։ Սա ուղղակի սպառնալիք է մեր երկրի Ազատությանը,
Անկախությանը, Ժողովրդավարությանը, որը ձեռք է բերվել Հայ Ժողովրդի
բազում զրկանքների եւ անհավասար պայքարի գնով։

Բռնաճնշումների ենթարկելով ցանկացած ընդդիմախոսություն, ազատ մամուլ,
ազատ խոսք, երկրում օրուելյան իրականություն ձեւավորելով, գեբելսյան
ձեռնարկներով առաջնորդվող պրոպագանդան սանձազերծելով, վերակենդանացնելով
մեծապետական շովինիզմի եւ ստալինիզմի ուրվականները՝ ռուսական
կայսերապաշտությունը վերածվել է Հայոց Պետականության՝ Հայաստանի
Հանրապետության, մեր իրավունքների եւ ազատությունների, մեր ապրելակերպի
թիվ մեկ սպառնալիքի։

Ելնելով վերոնշյալից, Հանուն Հանրապետության կուսակցությունը․

  • խստորեն դատապարտում է Կրեմլի այս անօրինակ անպատասխանատու եւ հանցավոր քաղաքականությունը եւ կոչ է անում Հայաստանի Հանրապետության՝
    համաժողովրդական մանդատ ունեցող իշխանությանը որեւէ կերպով չընկրկել
    որեւէ ճնշման առաջ, առաջնորդվել բացառապես մեր Անկախ Պետականության շահերով՝ հենվելով 1991 թվականի հանրաքվեին Հայ Ժողովրդի՝ մեկընդմիշտ արտահայտած միասնական կամքի վրա, ոչ մի դեպքում թույլ չտալ որեւէ
    քաղաքական, ռազմաքաղաքական, բարոյական եւ այլ կարգի ուղղակի կամ
    անուղղակի աջակցություն Կրեմլի արկածախնդրությանը։

Հակառակ դեպքում, դա ուղղակի վերջ կդնի Հայաստանի՝ որպես Ազատ, Անկախ եւ Ժողովրդավարական երկրի բարի համբավին, անդառնալի խզում կառաջացնի Հայաստանի եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ հարաբերություններում;

  • պահանջում է ՀՀ Կառավարությունից ձեռնարկել հրատապ միջոցներ, ուղղված
    ՌԴ կողմից օկուպացված տարածքներում բնակվող և հայրենիք վերադառնալ
    ցանկացող հայերի հայրենադարձությանը եւ Հայրենիքում նրանց կեցության
    նվազագույն պայմանների ապահովմանը, համապատասխան կոչով դիմելով նաեւ
    Սփյուռքին;
  • առաջարկում է ՀՀ Կառավարությանը եւ Ազգային Ժողովին ներքին եւ արտաքին
    անվտանգության օրակարգով՝ հրատապ կարգով խորհրդակցություններ նախաձեռնել ԵՄ ղեկավարության, ԱՄՆ եւ Միացյալ Թագավորության կառավարությունների հետ,
    ինչպես նաեւ ՀՀ հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ, ուղղված
    ռազմաքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, հաղորդակցային մարտահրավերները հաղթահարելու ընդհանուր հենք ձեւավորելուն;
  • վերահաստատում է կուսակցության պատրաստակամությունը ողջ ներուժով
    լծվելու մեր Պետականության պաշտպանության գործին եւ այս նպատակին
    հասնելու համար առաջարկում է և պատրաստ է ցանկացած ձևաչափով
    համագործակցության;
  • կոչ է անում Հայաստանի հանրությանը եւ քաղաքական ուժերին դրսեւորել
    սթափություն, խորապես գիտակցել Պետականության պաշտպանության բացարձակ առաջնահերթությունը, դրսեւորել սառնասրտություն եւ ավելի քան երեսունամյա Անկախությանը վայել պետական մտածողություն եւ քաղաքական հասունություն;
  • հայտարարում է, որ վերը նշված օրակարգով պատրաստ է համագործակցության
    քաղաքական ուժերի, հանրային լայն շրջանակների հետ։

Հայաստանը թեւակոխել է իր պատմական ընթացքի ամենադրամատիկ
ժամանակաշրջանը, որի հանգուցալուծման պատասխանատատվությունը կրում ենք
յուրաքանչյուրս։ Հայաստանի այսօրվա ընտրությունը կանխորոշելու է Հայ
Ժողովրդի բազմադարյա պատմության հետագա ընթացքը։ Ի գո՛րծ։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

22.02.2022 թ

Երեւան