Մեր կողքին ապրող մարդիկ. Ելենան

Ելենա Կոժեմյակինան ռուս է, ծնվել է Ռիգայում, 20 տարի ապրել Ռուսաստանում, հետո տեղափոխվել է Հայաստան: Նա ունի իրավաբանական կրթություն, վերջին մի քանի տարիներին, սակայն, զբաղվում է PR-ով:

Դասական «հարսնացուն հյուսիսից» է. երկու ամուսնություններն էլ հայի հետ են: Ի դեպ, երբ ամուսնալուծությունից հետո տեղափոխվել է երեխայի հետ Ռուսաստան՝ այնտեղ կյանքը դասավորելու նպատակով, չի հարմարվել, կարոտել է Հայաստանն ու վերադարձել: Նա մեր երկրում ապրում է արդեն 13 տարի, ու երբ ասացի, որ ուզում եմ պատմի իր «հայկական փորձառության» մասին, զարմացավ՝ պնդելով, թե շատ երկար է այստեղ ապրում օտարերկրացու պես խոսելու համար: 

Ելենայի հետ հանդիպեցինք երևանյան սրճարաններից մեկում՝ կեսօրի կիզիչ արևի դուրս գալուն պես: Երբ ավարտեցինք զրույցը, հասկացանք, որ գրեթե երեք ժամ է՝ զրուցում ենք, ու ես վստահաբար կարող եմ ասել, որ մեկ վայրկյան անգամ չձանձրացա:

Ելենայի լազուր աչքերի մեջ կարելի էր մի սիրուն բան նկարել, իսկ նրա բաց գույնի մազերը չէին էլ ակնարկում, որ հիասքանչ հայերեն ունի: Ողջ զրույցի ընթացքում նա օգտագործեց մոտ հինգ ռուսերեն բառ, ու ես հիացած հետևեցի նրա այդչափ նվիրված ջանքին՝ խոսել հայերեն ու հայեցի: Բայց մեր զրույցի մեջ գրավիչ է ոչ միայն հայերենը, այլև՝ բովանդակությունը, քանի որ երիտասարդ կինը այնպիսի կարևոր, երբեմն խոցելի թեմաների հետ կապված էր շեշտադրումներ անում, որ դրանք ավելի արժանի են բոլորիս ուշադրությանը, քան նրա լեզուն: 

Ելենային հարցրի՝ արդյո՞ք մեր կարծրատիպերը, որոնք կապված են ամուսնալուծված կանանց հետ, իրեն երբևէ առնչվել են: 

– Վա՜յ, ամուսնալուծվածը մի բան է, երեխայի հետ՝ մեկ այլ բան, իսկ եթե հայ չես, ամբողջ փաթերը պատրաստ է: Հայ մայրերն իրենց տղաների կողքին պատկերացնում են հայ աղջկա՝ չամուսնացած: Իմ բախտը բերել է, որ երկրորդ ամուսնուս հետ մինչև ամուսնանալն ամեն բան քննարկել էինք, ու ընտանիքի ինստիտուտի հետ կապված մեր արժեքները նույնն էին: 

Ելենան նաև հակառակ օրինակն է բերում, այն, որ ռուս բարեկամներն էլ կարող են կողմ չլինել հայի հետ ամուսնությանը, քանի որ սովորույթների, արժեքների ու մտածելակերպի երբեմն հսկայական անջրպետ կա, որ քչերն են հաղթահարում: Մի հետաքրքիր ձևակերպում արեց, որ ինձ զարմացրեց, որովհետև առաջին անգամ էի նման բան լսում: 

– Իմ երեխաները չեն ասում՝ մենք կեսը հայ ենք, կեսը՝ ռուս, նրանք ասում են, որ հայ են: Ես ընդունել եմ, որ եթե իմ ամուսինը հայ է, երեխաներս էլ են հայ: Ես նրանց որպես ռուս չեմ դաստիարակում, իմ երեք երեխաներն էլ գնում են հայկական դպրոց և ազատ տիրապետում են երկու լեզվի: 

Կարելի է բոլորի կարծրատիպերի պատճառով նեղանալ, ընդվզել դրանց դեմ, բայց լինելով ռուս և ծնված լինելով Լատվիայում՝ Ելենան գիտի՝ ինչ է նշանակում չսիրել ռուսներին և ոչ թե վերջին մեկ տարվա ընթացքում, այլ՝ անդադար: 

– Ես հայերեն խոսելով հայ չեմ դառնում, ես ռուս եմ, պարզապես սիրում ու հարգում եմ այս երկիրը, և դա է պատճառը, որ սովորել եմ լեզուն, որ ուսումնասիրեմ մշակույթը: Մարդու ազգությամբ չի կարող երբևէ որոշվել նրա մարդ լինելը: Ես շատ լավ հայերի ու ռուսների եմ տեսել, շփվել եմ նաև վատ ռուսների ու վատ հայերի հետ: 

Նրան զայրացնում է «սա երկիր չի» արտահայտությունը: Երբ հայրենիքը ծանր շրջանի միջով է անցնում, մենք ձևացնում ենք, թե դրա հետ կապ չունենք, ու հեշտությամբ ենք ասում՝ «սա երկիր չի»: Ելենայի համար դա չափանիշ է այլևս տվյալ մարդու հետ չշփվելու համար, և ասում է, որ երկար ժամանակ է ծախսել իր շրջապատից մաքրելու նման մարդկանց: 

– Մարդը եթե հայրենիքը թողնում է, երբ վատ է, ու գալիս է այստեղ, երբ լավ է, ուրեմն նա իր հայրենիքում միշտ զբոսաշրջիկ է: Ես ջահելներից շատ էի լսում այն, որ հնարավորություն չկա Հայաստանում, բայց իրենք պարզապես չէին պատկերացնում իրենց դերը: 

Ելենան գիտի, որ որտեղ էլ մարդն ապրի, նա է ազդեցություն թողնողը, անգամ եթե ոչինչ չի անում, դա էլ է ազդեցություն: Երբ անվրդով աղբ ենք թափում փողոցում, ամրագոտի չենք կապում, նշանակում է՝ հեռացնում ենք մեզնից պատասխանատվության չափը: Այն պահին, երբ մեզնից ամեն մեկը զգա իր պատասխանատվության չափը և դա համարի մի հաճելի բան, մի կարևոր գործառույթ, մեր երկրում Նուբարաշեն չի լինի (ի նկատի ունի Նուբարաշենի աղբավայրը): 

– Տե՛ս՝ այս փողոցում, որտեղ նստած ենք, քանի՞ մեքենա է սխալ կայանել: Ինչո՛ւ, որովհետև սա մանր բան է հայրենիքի համար, կարելի է պարզապես շրջանցել օրենքը, հարմար կանգնել այնտեղ, որտեղ ուզում ես: Բայց մանր բաներից է սկսվում հայրենիք սիրելը: 

Ելենան արցախցու հետ է ամուսնացել ու հիշում է, որ երբ առաջին անգամ գնաց Արցախ, վստահ էր, որ ամեն բան հասկանալու է, սակայն պարզվեց՝ Հայաստանն այնքան էլ մոնոտարր ու փոքր չէ, ինչպես պատկերացնում ենք: Արցախյան բարբառի հետ շփումը նրա համար նոր հնարավորություն էր ճանաչելու հային, հասկանալու, որ Հայաստանը գեղեցիկ ու բազմաշերտ է իր բարբառներով, որոնց ազդեցությունը ոչ միայն հենց լեզվի վրա է, այլ նաև մտածողության, անգամ՝ վարվելաձևի: 

– Ես Հայաստանում եմ կանաչեղեն ուտել սովորել: Արցախում էլ հարուստ, մի չտեսնված բնություն կա, որ շատ շռայլ է գտնվել: Ես ինքս որոշ բաներ պատրաստում եմ, բայց քանի որ սկեսուրս ավելի հմուտ է այդ հարցում, հայկական ուտելիքները սիրում եմ նրանց տանը համտեսել: 

– Ելենա՛, որտե՞ղ է իսկական Հայաստանը: Պատկերացրեք՝ ես օտարերկրացի եմ, ինձ ո՛ւր կտանեք, որ ցույց տաք իրական Հայաստանը: 

– Եթե հնարավորություն ունենամ, կտանեմ Վանքասար. մի վայր, որտեղ դու տեսնում ես Հայաստանն ու Ադրբեջանը: Այնտեղ չես հասկանում, թե որտեղ են սկսվում այս երկու երկրների սահմանները, ու պարզվում է, որ սահմանը մարդիկ են ստեղծել: Արցախում ուրիշ օդ է, այլ մտածելակերպ է, կյանքը հասկանալն է ուրիշ: 

Կտաներ նաև Բերքաբեր, որտեղ տեսել է, որ դարպասներ կան, որոնց վրա անդադար կրակում են, բայց մարդիկ վերանորոգում են, նորն են ստեղծում, որովհետև այնտեղ՝ հեռավոր գյուղում, իրենք ավելի տեր են զգում իրենց հողին, ավելի կառչած են, քան մենք՝ Երևանում, որը, ըստ նրա, տարբերվում է Հայաստանի մյուս տեղերից: 

– Կապանը անպատմելի ազդեցություն է թողել ինձ վրա: Խորհրդային շրջանում Կապանը բուռն զարգացում է ապրել, ու այնտեղ Սովետի հետքը կարող ես տեսնել՝ զուգակցված ժամանակակիցի հետ: Սանահին կտանեի, որտեղ համալսարան է եղել, ու որտեղ ակնհայտ է, թե մարդիկ ինչքան մեծ հետք են թողել: Այս եկեղեցուց դուրս գալ չեմ ուզում, մոգական ձգողականություն ունի: 

Հայաստանում մարդիկ անտարբեր չեն, հոգատարության մի մակարդակ կա, որ նրան հիացնում է: Ռուսաստանում մարդը կարող է ընկնել, ուշաթափվել, մոտեցող չլինի, Հայաստանում քիչ են անտարբեր մարդիկ: Հայաստանում ապրողները մի հմտություն ունեն, որ կոչվում է օգնության պատրաստակամություն, երբեմն նույնիսկ կարող են այնքան օգնել, որ չափն անցնեն: 

– Հայերի բառապաշարում կա «թքած ունեմ» արտահայտությունը, բայց հայերը թքած չունեն, չէ՛, դա միայն բառի մակարդակում է մնում: Հայերն անգամ թշնամուն չեն կարող նույնկերպ պատասխանել: Ես չեմ կարող ասել, որ Հայաստանում կան միայն լավ ու վատ կողմեր: Երբ երկար ժամանակ ապրում ես այստեղ, կլինեն բաներ, որոնց դու սովոր չես, կլինեն մարդիկ, որոնք տարիներ շարունակ ապրել են այսկերպ ու չեն տեսել այլընտրանք: Եթե հիսուն տարի մարդը աղբ է թափել նույն տեղում, մինչև նրան այլընտրանք չառաջարկես, չի գիտակցի, որ կար ավելի լավ տարբերակ: 

Հայաստանում կռիվներ էլ ունի, բաներ, որոնք երբեք չի ընդունի: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները՝ աբորտները, չի հասկանում ու կարծում է, որ, հավանաբար, 20 տարի հետո էլ նույնը կլինի: 

– Ես երեք աղջիկ ունեմ, ու գիտե՞ս՝ ամենից հաճախ ումից եմ լսում «տղա ունեցիր» արտահայտությունը՝ կանանցից: 10 տարի առաջ այլ կերպ էր, հիմա կանայք ավելի շատ են սկսել պատասխանատվություն վերցնել կյանքի համար, որոշումներ կայացնել: 

Մեր երկրում սխալվելու, ձախողելու մշակույթ չկա: Մարդը շատ դժվար է վերականգնվում, եթե ինքը սխալվել է: Դպրոցից սկսած՝ տեսնում է, որ երեխաներին չեն սովորեցնում, որ եթե սխալ ես արել, ինչպե՞ս լուծել խնդիրը, ուղղորդել նրան: Երբ երեխան հասկանում է, որ սխալ անելը վերջը չի, և հանգիստ կարելի է առաջ գնալ, նա ավելի վստահ է դառնում: Ի վերջո, սխալվելով՝ մենք սովորում ենք և զարգանում: 

– Մեղադրել բոլորին, որ քեզ մոտ չի ստացվում, ճիշտ չէ, բայց դա գալիս է նրանից, որ սխալն այնքան սուլոցներով է ընդունվում, որ մենք խուսափում ենք այդ սխալի պատասխանատվությունը մեզ վրա վերցնելուց:

Բաներ կան, որ հայերի պես է անում՝ շաբաթական երեք անգամ գնում է վարսավիրանոց, որքան էլ փորձում է երեխաներին ազատություն տալ, միևնույն է՝ գերհոգատար է, որի համար երբեմն ինքն իր հետ կռիվ է տալիս: Բայց Ելենայի մեջ ինձ ամենից շատ դուր եկավ մի բան՝ այս երկիրը իբրև հայրենիք ընդունելու պատրաստակամությունը և այս երկրի հանդեպ ունեցած պատասխանատվության ահռելի չափը: 

– Ես երեխաներիս տանում եմ Եռաբլուր ու իրենց ասում եմ՝ նայե՛ք այս տղաներին ու հիշե՛ք, որ մեզնից որևէ մեկն իրավունք չունի երբևէ ասել՝ չի ստացվում: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից

MediaLab.am