«Ադրբեջանի սադրանքներն ուղղված են բանակցային գործընթացը խանգարելուն». Էդվարդ Նալբանդյան

«Ադրբեջանի սադրանքներն ուղղված են բանակցային գործընթացը խանգարելուն». Էդվարդ Նալբանդյան
«Ադրբեջանի սադրանքներն ուղղված են բանակցային գործընթացը խանգարելուն». Էդվարդ Նալբանդյան

«Ադրբեջանի կողմից սադրանքներն ուղղված են լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելուն և բանակցային գործընթացը խանգարելու»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիային և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: 

«Անգամ եռանախագահներից մեկն իր Թվիթերում մեկնաբանություն թողեց, որ այդ կարգի միջադեպերը, սադրանքները խանգարում են բանակցային գործընթացին: Բայց պետք է շարունակել բանակցային գործընթացը, սա է իրականությունը, որովհետև այլընտրանք չկա: Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք բանակցել»,-ասաց նա:

Արտգործնախարարը նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները բանակցությունների սեղանին են:

Նա հիշեցրեց, որ եռանախագահող երկրները բազմիցս կոչ են արել կողմերին արագացնել այդ պայմանավորվածության ձեռբերումը հիմնարար սկզբունքների շուրջ:

«Այդ հիմնարար սկզբունքները հիմնված են ուժի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: 2013 թվականին Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կողմից ընդունած հայատարարությունում կոչ էր արվում վերահաստատել հավատարմությունն ու հանձնառությունը այդ սկզբունքներին: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն անմիջապես վերահաստատեց հավատարմությունն այս սկզբունքներին»,- ասաց արտգործնախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանն ապարդյուն փորձեր էր անում անտեսել թե այս սկզբունքները, թե համանախագահների կոչերը:

Էդվարդ Նալբանդյանը նաև նշեց, որ հունվարի 23-ին մեկնելու է Փարիզ, որտեղ հունվարի 24-ին նախատեսված է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է կրտսեր սերժանտ, 20-ամյա Արմեն Հովհաննիսյանը` գրեթե կես ժամ միայնակ մարտնչելով 30 հոգանոց թշնամու ուժերի հետ: Այսօր Երեւանում եւ Ստեփանակերտում մոմավառությամբ մարդիկ հարգել են Արմենի հերոսական հիշատակը: Արմեն Հովհաննիսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: Հովհաննիսյանը հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում:

Medialab.am