«Նրանց անօգուտ խրատելու փոխարեն՝ նրանցից ազատվելու ճար արեք». Անահիտ Բախշյան

«Նրանց  անօգուտ  խրատելու փոխարեն՝ նրանցից  ազատվելու ճար արեք». Անահիտ Բախշյան
«Նրանց անօգուտ խրատելու փոխարեն՝ նրանցից ազատվելու ճար արեք». Անահիտ Բախշյան

«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքից նայելը կամ բացակայելը` անթույլատրելի  է: Ձեր բոլորի կռվի դաշտը, խրամատը  Խորհրդարանն է: Ձեր թշնամին մեր հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են »:

Ս.Սարգսյանի այս խրատները ընդամենը փաստում են ներկայիս ԱԺ-ի հանրապետական խմբակցության  խայտառակ  գործունեությունը,  որը շտկել հնարավոր չէ   նույնիսկ       ի’ր  հիշեցումից հետո:
Խորհրդարանում աշխատելու համար առնվազն կարդալու, պետության մասին մտածելու, համապատասխան գրառումներ և առաջարկներ կատարելու կարողություն է պետք ունենալ, որոնք նման խրատներով ձեռք բերել հնարավոր չէ, սա ես որպես մանկավարժ եմ ասում:

Այս կարողությունները միայն կրթությամբ են ձեռք բերում: Այնպես որ  նրանց  այս կարողությունները խորհրդարան բերելուց առաջ պետք է ստուգած լինեիք   :
Այսինքն խորհրդարանի խրամատը  այդ մարդկանց համար հակացուցված է, նրանց մեծ մասը Ձեր ասած` վատ զինվորներն են, ովքեր սահմանը պաշտպանելու փոխարեն` հրացանը ձեռքին փախչում են, իսկ մեր երկրում եղած պրոբլեմներն էլ ոչ թե նրանց թշնամին է, այս որակման հետ լիովին համաձայն եմ, այլ` նաև նրանց հարստանալու միջոցը: 
Այնուամենայնիվ`   միամիտ- միամիտ հարցնում եմ. ի՞նչ եք անելու, եթե այս հիշեցումից, զգուշացումից հետո էլ շարունակեն բացակայել, մատների արանքից նայել իրենց գործին, կամ էլ երկրում եղած պրոբլեմները ոչ թե վերացնեն` որպես իրենց թշնամի, այլ այնքան բազմացնեն, որ Դուք էլ, իրենք էլ, բոլորս էլ, խեղդվենք այդ պրոբլեմների ծովում: Համոզված եմ, որ և’ Դուք, և’ մենք բոլորս   չենք ուզում խեղդվել իրենց գործին մատների արանքից նայող Ձեր հովանավորած պատգամավորների պատճառով:

Ուրեմն խրատելու փոխարեն` նրանցից ազատվելու մի ճար արեք:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ